Արդեն Շառլ Ազնավուրին են քննադատում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական դադարից հետո «Նախախորհրդարան»-ը երեկ փորձել է հիշեցնել իր մասին` այս անգամ որպես թիրախ ընտրելով ոչ ավել, ոչ պակաս` Շառլ Ազնավուրին: Նախաձեռնության անդամներին, պարզվում է, դուր չեն եկել Ազնավուրի` վերջերս արած որոշ հայտարարություններ: Մասնավորապես այն մասին, որ նա, որպես դեսպան, իր քայլերը կանխավ չի համաձայնեցնում ՀՀ նախագահի հետ, եւ որ պատրաստվում է տեսակցել Թուրքիայի դեսպանի հետ` առանց այդ մասին նախօրոք ՀՀ իշխանություններին տեղեկացնելու:

Ինչ խոսք, սովորական մեկի, սովորական դիվանագետի կամ դեսպանի դեպքում նման գործելաոճը, բնականաբար սխալ է, սակայն երբ խոսքը գնում է այնպիսի մեծության մասին, ինչպիսին Ազնավուրն է, ինքնին հասկանալի է, որ կարող են եւ պետք է լինեն բացառություններ: Էլ չասած` որ նրա ` դեսպանի համար ոչ ստանդարտ պահվածքն ու հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող են իրենց մեջ շատ ավելի խորը եւ մտածված դիվանագիտություն պարունակել, քան մեր ամենապատրաստված դիվանագետների թվացյալ հաշվարկված հայտարարությունները:

Սակայն, չգիտես ինչու, «Նախախորհրդարան»-ի անդամների համար սա հասկանալի չէ, չգիտես ինչու` տեւական ժամանակ հայտնի օլիգարխի դեմ հրահանգավորված պայքար տանող այս նախաձեռնության անդամներին թվում է, թե իրենք իրավունք ունեն դատել Շառլ Ազնավուրի գործունեության մասին: Օրումեջ քաղաքական հայացքներ ու կողմնորոշում փոխող այս նախաձեռնության ղեկավարն ու անդամները, հավանաբար, կարծում են, որ գնահատելով Շառլ Ազնավուրի գործունեությունը, դրանով արժեւորում են իրենց սեփական գոյությունը:

Ցավոք` դա այդպես չէ: Ի վերջո` կան արժեքներ, որոնց դիպչելուց պետք է ձեռնպահ մնալ ցանկացած դեպքում: Քանզի այդ արժեքներն անգամ իրենց թերրությունների եւ սխալների մեջ շատ ավելի մեծ են եւ ճիշտ, քան ֆեյսբուքյան ստատուսների պարբերականությամբ հայտարարություններ անող անհասկանալի նախաձեռնությունները:




Լրահոս