Հայաստանում ցանկանում են իրականացնել «գունավոր հեղափոխության ուկրաինական տարբերակ». ռուսական մամուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկովյան հանրահայտ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը օրերս փորձել է մեկ հոդվածով ներկայացնել ամբողջ հայկական անցուդարձը. Երևանում շրջած լրագրողը փորձել է հպանցիկ հայացքով ներկայացնել հայկական իրականությունը, ինչն այնքան էլ անկողմնակալ չի ստացվել:

Հոդվածում, որն ընդգծված պրոռուսական ուղղվածություն ունի, նշվում է, թե մեր երկիրն ամբողջությամբ իր հյուսիսային հարևանի հույսին է և, սկսած էներգետիկ ռեսուրսներից մինչև Մաքսային միությանն անդամակացելու (մեզ համար աստիճանաբար ոչ այնքան հուսադրող) հեռանկարները, Հայաստանն ապավինում է Ռուսաստանին: Հայաստանը ռուսական պրովինցիայի հետ շփոթած «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողը, ինչպես և կարելի էր սպասել, ծանր է ընդունել մեր երկրում իր կողմից «հայտնաբերված» ամերիկյան ազդեցության ցանկացած հետք: Անգամ Երևանում ԱՄՆ դեսպանության առկայությունը, կարծես թե, նրան ակնհայտորեն դուր չի եկել: Ամենաուշագրավը, սակայն, հայկական մամուլին ուղղված հատվածն է, որից մենք պարզեցինք, որ նաև մեր կայքը «ամերիկյան ֆինանսավորում ունի»… Չնայած Սերգեյ Ստրելկովի տպավորություններին ու անիրական գնահատականներին, թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ և առանց խմբագրման:

«- Հայաստանը՝ երկրիր է, որին շատ հեշտ է սիրահարվել, որովհետև շատ գեղեցիկ է, սակայն շատ դժվար է սիրել, եթե այստեղ ես ապրում, – ընդհանրացրեց երևանյան տաքսու վարորդը, մինչ մենք փորձում էինք հաղթահարել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում առաջացած խցղանումը:

– Ինչո՞ւ:

– Այստեղ մեր դժվարությունները մի կարգ բարձր են, քան բոլոր հարևաններինը միասին վերցված: Տեսեք, որքան շատ մեքենա կա, շարժվելու տեղ չկա: Կարծում եք, բոլորն այդքան հարու՞ստ են: Ոչ, ամեն բան վարկով է: Բոլորը որոշել են տաքսու վարորդ դառնալ, որովհետև էլ փող աշխատելու տեղ չկա, ամեն բան կանգնած է: Այսօր Երևանում այնքան տաքսիստ կա, որ արդեն մտածում ես՝ ովքե՞ր են ուղևորները: Այնպիսի տպավորություն է, որ միայն անբարո կանայք և դուք՝ արտասահմանյան լրագրողներդ: Գուցե Մաքսային միությունը կօգնի, որ աշխատատեղեր ստեղծվեն, հը՞, – հարցրեց նա՝ լիահույս:

«Բարեկամներ» արտաքին…

Հայաստանի մուտքը Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն իրոք կարող է օգնել հետխորհրդային տարածքում ամենաաղքատ երկրներից մեկին մի շարք խնդիրներ լուծել: Առաջին հերթին՝ էնրգետիկ ոլորտում: Առայժմ երկիրն ապրում է գործնականում միայն ռուսական գազով: Նույնիսկ մեքենաների տերերը վերափոխում են իրենց մեքենաները, որպեսզի չօգտագործեն գերթանկարժեք բենզինը: Գազով են երթևեկում ոչ միայն ավտոբուսնրն ու բեռնատարները, այլև անգամ ամենաշքեղ «Մերսեդեսները»: Սակայն, ավտոմեքենաների սեփականատերերը խնդրի միայն մեկ հարյուրերորդական մասն են: Իսկ, օրինակ, այնպիսի ռուս-հայկական նախագիծ, ինչպիսին է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը, անպայման կվերակենդանացվի: Կարող է կյանքի կոչվել նաև մեկ այլ ռազմավարական նախագիծ՝ Իրան-Հայաստան երկաթուղին:

Սակայն, ներկայիս պայմաններում, երբ մի շարք երկրներ առևտրային պատերազմ են հայտարարել Ռուսաստանին, Հայաստանը հնարավորություն ունի փոխարինել նրանց որպես արտադրանքի մատակարարող: Սակայն գործը չի սահմանափակվում միայն մրգերի և ագրարային այլ մթերքների մատակարարումներով: Ավելի կարևորն այն է, որ Երևանի շահերին համապատասխանող ԵՏՄ-ին անդամակցելը խթան կհանդիսանա ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական ավելի սերտ համագործակցության, հայաստանյան սահմանների կահավորման համար: Այս ամենն իրապես նպաստում է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Հենց դա է, որ ամենայն հավանականությամբ, դուր չի գալիս մի շարք պետություններին: Պատահական չէ, որ անցած տարվա սեպտեմբերից, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց դեպի ՄՄ Երևանի վերակողմնորոշման մասին, երկրում ակտիվացվել է արևմտյան տարբեր կարգի կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը (պետական կառույցներից մինչև տարատեսակ հիմնադրամներ), իսկ այն բանից հետո, երբ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել է Ղրիմի վերաբերյալ հակառուսական բանաձևի օգտին, օգոստոսի սկզբին նոր թափ ստացավ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված եղավ հանգցնել այդ կրակը Սոչիում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հրատապ հանդիպման ժամանակ …

… Եվ ներքին

Իմիջայլոց, «բարեկաներն ու գործընկերները» վերջին տարիներին երբեք չեն սահմանափակվել դրսից ներազդելու փորձերում: Նրանց սիրած գործելաոճն է՝ ներսից գռգռել իրավիճակը, հերթական «գունավոր հեղափոխություն» սարքել: Դժվար է զուգադիպություն համարել այն, որ ԱՄՆ դեսպանությունն ամսական բավականին լավ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում (տասնյակ հազարավոր դոլարներ) մի շարք հայաստանյան լրատվամիջոցների, և հենց այդ լրատվամիջոցներն են հրապարակում Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու եվրասիական գործընթացմերին մասնակցելու՝ նախագահ Սարգսյանի ուղղությունը քննադատող նյութերը: Խոսքը գնում է այնպիսի տպագիր և էլեկտրոնայիւն լրատվամիջոցների մասին, ինչպիսիք են «Առավոտը», «Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակը, «Ազգ»-ը, «Հայկական ժամանակ»-ը (վերջին լրատվամիջոցը կապված է «Հայ ազգային կոնգրեսի» և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ), «Առաջին լրատվական», «Թերթ.am» և «Լրագիր.am» կայքերը, որոնք գործում են Ջ. Սորոսի հայտնի «Բաց հասարակության ինստիտուտի» և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: Արժե՞ նշել, որ դրանք բոլորն ընդդիմադիր տրամադրվածություն ունեն ներկայիս հայաստանյան իշխանությունների հանդեպ: Այդ լրատվամիջոցների միջոցով տարվում է կոշտ հակառուսական քարոզչություն, Մոսկվայի վրա է բարդվում պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման համար:

Զուգահեռաբար ակտիվացել է արևմտյան հովանավորների աշխատանքը այսպես կոչված «քաղաքական ակտիվիստների» հետ, որոնք ներգրավված են տարբեր ոչ կառավարական կազմակերպություններում, և քաղաքական գործիչների հետ, որոնցից շատերը ղեկավարում են այդ կազմակերպությունները: Դրանց թվում կարելի է նշել, օրինալ, «ԱՄՆ-ի շրջանավարտների հայաստանանյան ասոցիացիան», «Ժառանգությունը», Street Children, European integration, և Civilitas հիմնադրամները: Վերջինը հատկապես հետաքրքիր է, քանի որ հիմնվել և ղեկավարվում է նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարներից մեկի՝ Վարդան Օսկանյանի կողմից: Ներկայումս Վարդան Օսկանյանը մտադիր է դուրս գալ կուսակցությունից և ստեղծել սեփական կուսակցություն՝ Civilitas-ի հիմքի վրա:

Շատ հետաքրքիր անձնավորություն է այդ պարոն Օսկանյանը: 2013թ.-ին նա արդեն հայտնվել է սկանդալի մեջ. նրա հիմնադրամը մեղադրվում էր մեծ գումարների օրինականացման մեջ: Այն ժամանակ պատգամավորական անձեռնմխելիությունը զերծ պահեց Օսկանյանին անախորժություններից:

Վաղուց անցած պատմությո՞ւն: Ի՞նչ եք ասում: Այս տարա գարնանը, չհրապարակայնացնելով իր այցը, Երևան ժամանեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով հանդիպեց մեզ արդեն հայտնի Վարդան Օսկանյանի հետ: Զրույցների թեմաները և դրանց հետևանքները բանակցության մասնակիցները գերադասեցին չհրապարակել: Սակայն այդ հանդիպումից հետո Օսկանյանը կտրուկ ակտիվացրեց իր քաղաքական գործունեությունը: Նա ոչ միայն շարունակեց քննադատել Երևանի ներկայիս քաղաքականությունը և խրախուսել Հայաստանի շրջադարձը դեպի ԵՄ, այլև սկսեց վախեցնել հայաստանյան հասարակությանը ծանր հետևանքներով Մոսկվայի, Մինսկի և Աստանայի հետ միության ստեղծման դեպքում:
Այնքան էլ հույս չկապելով ժողովրդավարական ընտրություններում հաղթանակ տանելու հետ, բոլոր այդ ուժերը տարեսկզբից ուժգին կերպով գովազդում են ուկրաինական «Մայդանի» և «ուկրաինական ուղու» արժեքները, վախեցնում են Արևմուտքի պատժամիջոցներով, շահարկում են Լեռնայի Ղարաբաղի թեման՝ փորձելով հակադրել Մոսկվան միաժամանակ Երևանին և Բաքվին:

Արևմտամետ ուժերը, սակայն, պետք է հասկանան, որ ուկրաինական սցենարով Երևանի արտաքին քաղաքական ուղու փոփոխությունն ամենաբացասական հետևանքներն են ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Բայց ինչպես ցույց տվեց Պուտինի, Սարգսյանի և Ալիևի վերջին հանդիպումը, հենց Մոսկվան կարող է առավել արդյունավետ մարել այդ հակամարտության սուր փուլերը:

Հույսը դնելով «Ամերիկան մեզ կգնի»-ի վրա, ինչի մասին «քաղաքացիական ակտիվիստները» և նրանց ղեկավարները չեն դադարում խոսել տարբեր հարթակներից, այդ գործիչները լռում մի շարք հարցերի մասին: Օրինակ այն մասին, որ Թուրքիան, որի հետ Հայաստանի հարաբերությունները շատ հեռու են անգամ հավասարակշռված լինելուց, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցն է: Կամ այն, որ Բաքվին սատարելը ԱՄՆ-ի համար գերադասելի է, քանի որ Վաշինգտոնը դիտարկում է Բաքուն իբրև հակակշիռ Մոսկվային Եվրոպայի էներգետիկ շուկայում: Եվ վերջապես, լռում են այն մասին, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը տեսնում է վիճելի տարածքները Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու միջոցով:

Իսկ այդ ամենի նպատակն ամերիկյան քաղաքական շրջանակների որոշ խմբեր տեսնում են նոր հակառուսական ճակատի բացման մեջ՝ արդեն Անդրկովկասում:

Երևի «մանրունքներ են», եթե գերադասում են դրանց վրա ուշադրությունը չսևեռել»,-նշվում է հոդվածում:




Լրահոս