Նոր զարգացումներ` «ԱրմենՏել»-ի չարաշահումների գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հարուցված քրեական գործը ուշագրավ զարգացումներ է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու հոգի կալանավորվել են:

Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարումը ստանձնած Իգոր Կլիմկոն 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, շտապ լքեց Հայաստանը:

Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ նրա անսպասելի հեռանալը պայմանավորված է ֆինանսական չարաշահումների հետ:

Արդյունքում, մեկ տարին անց՝ հուլիսի 10 –ին, տեղեկություններ տարածվեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ավելին՝ «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում:

Անցել է շուրջ երկու ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը եւ արդյո՞ք հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռեւս չի հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյին, սակայն գործի շրջանակներում կալանավորվել են երկու այլ անձինք: Բելոռուսի Հանրապետությունում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գործով տնօրեն Վլադիմիր Սաչկովը: Այս օրերին որոշվում է նրան Հայաստանի իրավապահներին արտահանձման հարցը: Նա, մեզ հասած տեղեկություններով, ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի ազգային անվտանգության ձեռքում չհայտնվի: Թե ինչու, դեռ վաղ է ասել:

Բացի այդ, նշված գործի շրջանակներում, Հայաստանում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը: Իսկ թե նրան կոնկրետ ինչի մեջ են մեղադրում, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

Հետաքրքիր է՝ ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը եւ կոնկրետ ի՞նչ ճանապարհով է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրենը իրականացրել այն:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերությունում որոշ ժամանակ «թանկարժեք» զանգերը չեն գրանցել: Այսինքն՝ սպառողները զանգել են ինչ- որ տեղ, դրա համար վճարել են «ԱրմենՏել»-ին, սակայն գոյացած գումարները ընկերության բյուջե չեն մտել: Չգրանցված զանգերի միջոցով ահռելի գումարներ են գոյացել ու փոշիացվել: Լուրեր են պտտվում, որ չարաշահումների թիվը հասնում է մոտ 6 մլն դոլարի:

«Ժողովուրդ»-ը նախ այս տեղեկությունները փորձեց պարզել «ԱրմենՏել» ՓԲԸ-ից: Ի պատասխան մեր հարցման, «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանատու Տաթեւ Այրումյանն ասաց. «Ընկերության շահերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների դեպքում, ընկերությունը դիմում է համապատասխան իրավապահ մարմիններին: 2013 թվականի դեկտեբերին «ԱրմենՏել»-ը դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ խնդրանքով իրականացնել ստուգումներ՝ կապված ընկերությունում հայտնաբերված որոշակի հնարավոր խախտումների հետ: Արդյունքում հարուցվել է քրեական գործ, «ԱրմենՏել» ընկերությունը ճանաչվել է տուժող կողմ: «ԱրմենՏել» ընկերությունն իրավասու չէ մեկանաբանել հետագա գործողությունները, որոնք իրականացվում են իրավապահ մարմինների կողմից եւ գտնվում են նրանց իրավասության ներքո»:

Այսինքն՝ «ԱրմենՏել»-ից եւս հաստատում են, որ եղել են չարաշահումներ, բայց թե ով՝ ինչպես եւ ինչ ծավալի օրինախախտումներ է թույլ տվել, նրանք չեն մանրամասնում:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղից հայտնեցին, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է՝ ավանդաբար հրաժարվելով մանրամասներ ներկայացնել: ԱԱԾ-ից հիշեցրեցին նախաքննական գաղտնիության մասին:

Հ. Գ. Զարմանալի զուգադիպությամբ այդ դեպքից առաջ, փետրվարի 3-ին, Ծաղկածորի «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին։ Վերջինս «ԱրմենՏել» ՓԲԸ-ում աշխատում էր որպես կոմերցիոն տնօրեն։ Ըստ տեղեկությունների՝ վերջինս գնացել էր դահուկ քշելու եւ կորցրել էր տեղանքը եւ ցրտահարվելուց մահացել։

Քնար Մանուկյան




Լրահոս