Դատարանը կտարբերի՞ խուլիգանությունն ազնիվ պայքարից. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է նոյեմբերի 5-ի գործով դատական վիճաբանությունների փուլը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդեց դատարանին ամբաստանյալ Շանթ Հարությունյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, իսկ նրա որդուն` Շահենին` 5:

Նիստի մեկնարկը սովորականի պես բուռն սկսվեց. դահլիճում ներկա գտնվողները ծափողջույններով դիմավորեցին իրենց հարազատ ամբաստանյալներին` վանկարկելով` «Հերոսներ, կեցցե անկախ Հայաստանը»:

Վահե Մկրտչյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը հայտնեց, որ որոշում է կայացվել սկզբում ներկայացնել պաշտպանական ճառերը, ապա` վերջին խոսքերը:

Պաշտպանն իր ճառում նշեց, որ տպավորությունն այնպիսին էր, որ դատաքննություն ընդհանրապես տեղի չի ունեցել:

«Մեղադրողի ներկայացրած պատճառաբանություններն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ երթն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան` առանց որևէ օրինախախտության: Հանրության համար վտանգավոր եղանակով գործողություններ կատարելը այդպես էլ չապացուցվեցին, ավելին` փորձաքննությունը դրա հակառակի մասին էր խոսում:

Հարց է առաջանում` կատարե՞լ են արդյոք իմ պաշտպանյալները խուլիգանական արարքներ, և փորձե՞լ են կանխել ոստիկանության ախատակիցներն այդ արարքները: Մեղադրող կողմը դատարանին չի ներկայացրել այնպիսի հանգամանքներ, որոնք ապացուցել են նրանց մեղավոր լինելը, ուրիշի գույքի վնասելը կամ հանրության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելը:

ՔՕ 258 հոդվածի առաջին մասի հատկանիշներով իմ պաշտպանյալներին մեղադրանք առաջադրելն ուղղակի ծիծաղելի է, անգամ ծիծաղելի է այն, որ պետք է դրա ոչ հավաստի լինելն ապացուցելը, քանի որ այն նույնպես իրականությանը չի համապատասխանում: Ավելին` այն իմ պաշտպանյալներին բավականին երկար ժամկետով ազատազրկում է ենթադրում: Մարդիկ թողել են իրենց երեխաներին ու կանանց, ծնողներին ու բոլոր հարազատներին սոված-ծարավ վիճակում, փորձել որևէ փոփոխություն մտցնել մեր երկրում: Սա պետական ապարատի վրեժխնդրության վարկած է: Նրանց սրտացավության նկատմամբ նմանատիպ վերաբերմունքն անընդունելի է: Խուլիգանության մեղադրանքով մեր պաշտպանյալներին դատապարտելն այլևս հնարավորություն չի տա տարբերել խուլիգանությունն ազնիվ պայքարից»,- իր ճառում նշեց պաշտպանը:

Վերջինս, անցնելով գործի փաստական դրվագներին, նշեց, որ իր պաշտպանյալ Վահե Մկրտչյանը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխին չի խփել, ինչն ապացուցում է տեսաձայնագրությունը:

Պաշտպանն իր ճառում նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե ՀՀ ՔՕ 316 հոդվածով, այլ 117 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը: «Դատարանին խնդրում ենք 258 հոդվածի առաջին մասով Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգայանին ճանաչել և հռչակել անմեղ»,-նշեց նա:

Նիստը շարունակվում է:




Լրահոս