ԼՂՀ ՀՅԴ-ականները դեռևս զբաղված են ընտրական օրենսգրքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ իրենց առաջնահերթություններից է ԼՂՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը, քանզի 2015 թվականի ապրիլին Արցախում ԱԺ ընտրություններ են: Իսկ ահա դրանից հետո արդեն ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների հարցը:
-Պարոն Սարգսյան, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում անդրադառնալով հայ- թուրքական արձանագրություններին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Նախօրեին Արցախի ՀՅԴ կենտրոնական կամիտեում նիստ էր, անդրադարձ եղե՞լ է Ս. Սարգսյանի այդ հայտարարությանը:
-Մենք այդ հարցին չենք անդրադարձել, քանի որ օրակարգային այլ հարցեր ունեինք: Բացի այդ, տվյալ հարցի հետ կապված Դաշնակցության կարծիքը ձեզ բոլորիդ հայտնի է եւ այն երբեւիցե չի փոխվել:
-Տեղեկություններ կան, որ Հայաստանում ՀՅԴ-ն կրկին պատրաստվում է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել, ինչի նախապայմանը եղել է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:
-Ղարաբաղի Դաշնակցությունը նման լուր չունի, մեկը մյուսի հետ կապել, իմ կարծիքով, պետք չէ: Բայց նման հարցերը կարող եք Գերագույն մարմնին ուղղել, քանի որ Ղարաբաղի ՀՅԴ-ն Հայաստանի ՀՅԴ կազմում չէ, ինքն անկախ միավոր է ու երկուսս միասին կապված ենք ՀՅԴ բյուրոյի հետ: Հետեւաբար մենք այդպիսի բան չենք լսել:
-ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այժմ միակ ոչ իշանական քաղաքական ուժն է, որը դրական է վերաբերվում Սահմանադրական բարեփոխումներին: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԼՂՀ ՀՅԴ-ն այս հարցում:
-ԼՂՀ Դաշնակցությունը Սահմանադրական բարեփոխումների համար պայքարողներից մեկն է, պառլամենտական հանրապետությունը տարիներ շարունակ Դաշնակցության պայքարի գաղափարն է եղել: Այստեղի Դաշնակցությունը եւս պատրաստվում է, որպեսզի ԼՂՀ-ում եւս Սահմանադրական բարեփոխումներ լինեն, բայց այսօր մենք աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա: Ընտրական օրենսգրքի հետ կապված շատ հարցեր կան, որոնց շուրջ այսօր մեր կարծիքը չի համընկնում ուրիշ կուսակցությունների կարծիքների հետ, բայց հույս ունենք ու շարունակում ենք քննարկելը: Մենք եւս պահանջում ենք, որ այստեղ լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, հիմա գլխավորն այդ կետն է, իսկ մնացած կետերը միասին քննարկում ենք ու գալիս ենք ինչ-որ մի եզրակացության:
-ՀՀ-ում մեծ դժգոհություն կա սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Ի՞նչ տեսակետներ են հնչում այդ առումով ԼՂՀ-ում:
-Արցախն ունի իր յուրահատկությունը եւ այժմ ինչ-որ բան ասելը ճիշտ չէ, դեռեւս պետք է քննարկենք, հետո ընդհանուր եզրակացության գանք: ԼՂՀ-ում 2015 թվականի ապրիլին Ազգային ժողովի ընտրություններ են, դրա համար մեզ համար առաջնայինը Ընտրական օրենսգիրքն է, երեւի ընտրություններից հետո քննարկենք սահմանադրակա փոփոխությունները: Հիմա ցանկանում ենք ավելի կատարելագործված օրենսգիրք ունենալ:
-ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը 3 անդամից է բաղկացած, ինչ եք կարծում, արդյոք Ձեզ կհաջողվի՞ Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում ամրագրել ՀՅԴ մոտեցումները:
-Մենք բոլոր հարցերն աշխատում ենք միասին քննարկել ու մեկ եզրակացության գալ, իհարկե կան հարցեր, որ չենք կարողանում անցկացնել, բայց Ղարաբաղում մի քիչ ուրիշ է, այդպես տարանջատված պատեր կուսակցությունների միջեւ չկան: Մեզ մոտ մի քիչ ավելի հեշտ են քննարկումները, բայց, իհարկե, երբեմն էլ լինում են հարցեր, որոնք սկզբունքային են՝ ստացվում է, կամ չի ստացվում: Ի տարբերություն շատ կուսակցությունների, մեր ծրագրերը ֆիքսված են ու մեկ դաշնակցականն էլ կարող է ներկայացնել ամբողջ կառույցի ծրագրերը:
-Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի հանրային տրանսպորտի սակագինը թանկանալու է` 70-ից դառնալով 100 դրամ: Ի՞նչ է պատրաստվում անել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Տեղեկություններ կան, որ ստեփանակերտցիները պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը միանալո՞ւ է այդ ակցիաներին:
-Այո, մեր խմբակցության պատգամավորն այդ ամենի հետ կապված հարցադրում է բարձրացրել ու որոշակի ակցիաների մեր երիտասարդները մասնակցել են: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնք մենք հետագայում կքննարկենք: Ուզում ենք տնտեսական հաշվարկ անել, որպեսզի ավելի կոնկրետ կարողանանք հիմնավորել այն, ինչ կա:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս