Վարդենիսում կրքերը չեն հանդարտվում. հայտնաբերվեց երկրորդ հետախուզվողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կրքերը չեն հանդարտվում: Սեպտեմբերի 20-ին մի խումբ վարդենիսցիների կողմից դաժան ծեծի հետեւանքով մահացած Ծովակ գյուղի բնակիչների հարազատները չեն լռելու: Երեկ հերթական անգամ մահացածի հարազատներին հրավիրել են ոստիկանության Վարդենիսի բաժին: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հետախուզվողներից մեկը երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Այսօր առավոտյան արդեն ոստիկանության պաշտոնական կայքը հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 18.20-ին, Մարտին Հակոբյանը կամավոր ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթեւեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը եւ 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել էր Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) եւ նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին դաժան ծեծի ենթարկելով: Դեպքից հետո Գագիկը տեղախոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել էր: Իսկ Մանուկն ամբուլատոր բուժումներ է ստանում:

Դեպքից երկու օր անց ծեծողներից Հրանտ Շաբոյանը ձերբակալվեց: Մյուսների նկատմամբ հետախուզում հայտարարվեց: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Մարտին Հակոբյանը, ով ըստ շրջանառվող լուրերի, Գագիկին գլխավոր ծեծի ենթարկողներից մեկն է եղել, երեկ ինքնակամ ներկայացրել է ոստիկանության Վարդենիսի բաժին: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը ճշտեց նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Քանի որ մահացած Գագիկի հարազատներն անասելի զայրացած են ու չի բացառվում «սամասուդ»-ի ենթարկեն ծեծող կողմի հարազատներին, ՀՀ ոստիկանությունը որոշել է հնարավոր վենդետայի դրսեւորումներից խուսափելու համար այս օրերին հսկել ծեծի ենթարկած տղաների հարազատների բնակարանները:

Այժմ այս գործի շրջանակներում փնտրվում է 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը:

Քնար Մանուկյան

Լուսանկարը՝  shamshyan.com-ի




Լրահոս