Հայրենիք ունենալու իրավունքը բոլորին չի տրված. Ռուբեն Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանն անդրադարձավ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարի համար տարածք չտրամադրելու հանգամանքին և շարունակեց.

«Իշխանություններն անկախության օրվա նախաշեմին ոչ միայն Երդվյալ ազատամարտիկների միությանը համագումար անցկացնելու տեղ չհատկացրեցին, այլ բացարձակ անհարգալից վերաբերմունք դրսևորեցին համագումարին ներկա գտնված 1700 պատվիրակ հանդիսացող 1-ին գծում կռված ազատամարտիկների նկատմամբ: Ինչ արած՝ ամեն ինչ պարզ է, երկիրը դուրս է եկել իր զորության ուղղուց, և կարող ենք փաստել, որ մինչ այսօր ազատամարտիկների ոտնահարված արժանապատվությունը ոչ թե անցյալի բացթողումներից է գալիս, այլ հենց այս պահին էլ ներկայիս իշխանավորների կողմից նրանց հանդեպ տարվող քաղաքականությունից է:

Քանզի հարգանքը երդվյալների նկատմամբ, որոնք դեռ կիսատ պատերազմ ունեն թողած ընդդեմ թշնամու, բոլորովին կապ չուներ երկրի աղքատիկ բյուջեի և ինչպես իրենք են փաստում, օրենքներով թերի ներկայիս սահմանադրության հետ: Ցավալի է, բայց փաստ, որ այդ ամենը պատերազմում հաղթանակ տարած տղերքի նկատմամբ շատ արագ փոխվեց, այն էլ այն պարագայում, երբ երկրի առաջին դեմքը մեր միջից է: Իսկ ստեղծված երդվյալ ազատամարտիկների հզոր կառույցն էլ երկրի անվտանգության՝ զինվորի և մեր ժողովրդի կողքին լինելու փաստով է արձանագրվում:

Հասկանում ենք, որ հայրենիք ունենալու իրավունքը բոլորին չի տրված, այն պետք է վաստակել, և այդ վաստակի մեջ կան միայն նրանք որոնց արյունն է թափվել մեր հողի վրա, և որոնք կարողանում են ապրել մեր ժողովրդի ցավով ու հոգսերով: Այսօր շատերդ հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն, իսկ երկրի համար իրենց կյանքը չխնայած կռված տղերքին ու նրանց ընտանիքներին դարձրել եք օտար իրենց իսկ արյամբ վաստակած անկախ հայրենի երկրում»:




Լրահոս