«Մեռնեմ օրենքին. ճիշտ էլ հղում արեց հարգելի մեղադրողը». լարված վիճակ «բանդայի» գործով նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «բանդայի» գործով դատական քննությանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին որոշում կայացվեց հարցաքննության համար դատարան հրավիրել մատնադրոշմային փորձաքննության փորձագետ, ոստիկանության մայոր Արտակ Մինասյանին:

Փորձագետին հրավիրելու միջնորդություն ներկայացրած պաշտպան Հովիկ Արսենյանը հարց ուղղեց, թե ե՞րբ է իրականացվել փորձաքննությունը և ու՞մ հետ:

Փորձագետը դժվարացավ հիշել` ասելով, որ միայնակ է կատարել: Իսկ թե ինչ է նշանակում համատեղ է կատարվել արտահայտությունը, նա նշեց, որ քիմիկոսը իր հետազոտությունների համար վերցրել է իրեն անհրաժեշտ մասնիկները` դատաքիմիական փորձաքննության համար, իսկ դատաձգաբանական փորձաքննությունը կատարվել է ամենավերջում, ինչը երևում է եզրակացության «Ծանոթություն» մասից:

Պաշտպանի հարցը, թե ինչու՞ նշված չէ զենքը դատաձգաբանական փորձագետին հանձնելու օրը, ապա նախաքննական մարմնին, հարցվողին զարմացրեց: Վերջինս ասաց, որ 20 տարի է` աշխատում է այդ ոլորտում, սակայն նման նշումներ իրենք չեն արել: Ապա Հովիկ Արսենյանը հարց ուղղեց, թե ի՞նչ տեսքով է զտացվել զենք-զինամթերքը և ումի՞ց, և փորձագետը կրկին չհիշեց և ընթերցեց եզրակացությունից, որտեղ նշված էր փաթեթավորված վիճակում է եղել, ինչում ինքը համոզված է:

«Այսինքն` ես այսպես ասեմ` անց է կացվել համատեղ, և այս դեպքում բոլոր օբյեկտները բացվել են փորձագետների ներկայությամբ»,- շարունակեց փորձագետը:

Ինչու՞ է եղել համատեղ, եթե տարբեր փորձագետներ են եղել ընդգրկված և ո՞վ է եղել փորձագետներից գլխավորը` առանձնացված քննիչի կողմից հարցին, Արտակ Մինասյանը պատասխանեց, որ միկրոմասնիկների խնդիր է եղել, իսկ երբ գործ ես սկսում զենքի վրա, միկրոմասնիկները վերացվում են, այդ պատճառով սկզբում զննում է քիմիկոս փորձագետը, հետո միայն` դատամատնադրոշմայինը:

Մեղադրող Սասուն Խաչատրյանը հարցերի վերաբերյալ հայտարարություն արեց, որ փորձագետի հարցաքննությունը կարող է լինել միայն եզրակացության պարզաբանման առումով, ուստի խնդրեց պաշտպան Արսենյանին հարցեր ուղղել միայն այս հատկանիշի սահմաններում:

«Մեռնեմ օրենքին: Ճիշտ էլ հղում արեց հարգելի մեղադրողը: Դուք եք անընդհատ փնտրում, որ մի բան գտնեք: Դրա համար էլ հարցնում եմ` հարգելի փորձագետ ինչու՞ եք համատեղ բացել օբյեկտները, չկա գրած, չեմ հասկացել: Ինչու՞ չեք գրել` էս ինչը ստացանք էս ինչ վիճակում, հանձնեցինք մեկ ժամվա ընթացքում այս ինչին»,- ասաց պաշտպանը:

«Առանձին-առանձին նշված են եղել տարբեր եզրակացությունների մեջ, ուստի ես դրանց չեմ անդրադարձել: Այլ պատասխան չունեմ ձեզ տալու»,- պատասխանեց փորձագետը:

Ապա վիճաբանություն սկսվեց պաշտպանի և փորձագետի միջև, և նախագահողը փորձեց հանդարտեցնել կրքերը:

Րոպեներ անց պաշտպան Հովիկ Արսենը հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս փորձագետը կբացատրի այն հանգամանքը, որ նա ավելի ուշ է ներկայացրել եզրակացությունը, քան դատաձգաբանական փորձագետը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ավելի շատ աշխատանք է կատարում: Փորձագետը պատասխանեց, որ ինքը օրվա ընթացքում մի օրվա ընթացքում իրականացրել է մի քանի փորձաքննություններ, այդ պատճառով էլ ուշ է ներկայացրել եզրակացությունը:

Դատական նիստը շարունակվում է:




Լրահոս