ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՉԱՐ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԻՆՁ»

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր անձի, կերպարի, ներկայացրած երաժշտության շուրջ քննարկումների եւ քննադատությունների ականատեսը բազմիցս է եղել. դեռեւս 90-ական թվականներին է հասցրել անցնել կյանքի դժվարին ուղիներով: Երգչուհին իր կերպարային առանձնահատկության, համարձակության եւ մի շարք այլ հատկանիշների հաշվին մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ նրա ստեղծագործական գործունեության, անձնական կյանքի եւ մի շարք այլ թեմաների շուրջ:
-Լիլիթ, Դուք 90-ական թվականներին հայտնի էիք հանրության լայն շերտերին: Վերջին տարիներին, սակայն, Ձեր այդ հայտնի, սկանդալային կերպարը «հանդարտվեց» ու նաեւ` մի տեսակ մարեց Ձեր ստեղծագործական ակտիվ գործունեությունը: Ինչո՞ւ:
-Չեմ ուզում խոսել այդ արհեստական ու տհաճ պատճառների մասին: Միշտ էլ ունեցել եմ հավատարիմ երկրպագուներ, իսկ ստեղծագործական պասիվությունս ժամանակի հարց է: Այն մարդը, ով երգում է 9 տարեկանից, ով բեմի հետ սերտորեն է առնչվել, չի կարող լռել ու լռել: Բավականին երկար ժամանակ կոնկրետ ասելիք էլ չունեի: Ես ինքս պետք է հասկանայի, որ ամեն ինչ հասունացել է այն աստիճան, որ պետք է կիսվել, այդ ամենի մասին պատմել… Չի կարելի պարզապես ինքնահաստատվելու, ինքնագնահատականի համար բեմ բարձրանալ: Իսկ արհեստական պատճառները, որոնք ստեղծել են չար մարդիկ, չեն կարող խոչընդոտել ստեղծագործող անհատի գործունեությունը: Ես չունեմ այնպիսի հովանավորներ, ովքեր ուղիներ կհարթեն ինձ համար, բայց ամեն ինչ անում եմ, որ իմ երկրպագուների սպասելիքներն արդարացնեմ: Վերջին շրջանում սկսել եմ ավելի ակտիվ լինել, առաջիկայում էլ նախատեսում եմ նոր տեսահոլովակով հանդես գալ:
-Ավելի կոնկրետ, ե՞րբ եք պատրաստվում նոր տեսահոլովակով ներկայանալ:
-Հոկտեմբեր ամսին է լինելու տեսահոլովակիս պրեմիերան: «Թող ապրեմ» երգի հիման վրա է նկարահանվելու այն: Տեւական ժամանակ լռել եմ, մեծ բեմերում հանդես չեմ եկել, բայց այդ լռությունս միայն այդ բեմերին էր վերաբերում: Երեւանյան ակումբներում եմ հանդես եկել ու հիմա էլ երգում եմ այնտեղ: Դա օգնում է «մարզավիճակս» տեղում պահելուն: Մշտապես հետեւվում եմ արտաքինիս, ձայնալարերս էլ լավ վիճակում են: Այս ամենից բացի, ամենակարեւորն այն է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, անում եմ այն, ինչը բխում է հոգուցս ու սրտիցս:
-Բացի ակումբներում երգելուց, հավաքական մեծ համերգներին ինչո՞ւ չեք մասնակցում: Կամ էլ կորպորատիվ հրավերներ չե՞ք ունենում:
-Անկեղծ որ ասեմ՝ հրավերներ միշտ եմ ունեցել: Տարբեր տեղերից: Բայց քանի դեռ կա համացանցը, իմ ներկայացրած երաժշտությունն ունի իր արժանի ունկնդիրը: Համացանցն իր գործն արեց: Հիմա հեռուստատեսությունն այլեւս ոչնչով չի կարող զարմացնել: Ամենահետաքրքիրն ու առանձնահատուկն առաջինը հայտնվում է հենց ինտերնետում: Հիմա ով ինչ ուզում՝ նկարում, գրում, երգում է, տեղադրում է համացանցում: Չկա սահմանափակում, հետեւաբար պարզ է, որ կարծիքներն ավելի քան անկեղծ են լինում: Եվ եթե արածդ գործը հետաքրքրություն է առաջացնում` դու հաղթող ես: Համացանցի շնորհիվ ամեն ինչ ակնհայտ է դարձել: Անգամ իմ կամեցողների եւ չկամեցողների մասին ես շատ հանգիստ իմանում եմ այդ նույն համացանցում տեղադրած իմ տեսահոլովակի կամ, պարզապես, լուսանկարիս տակ հայտնված գրառումներից:
Եթե առաջ իմ առջեւ փակ էին հեռուստատեսության դռները, ապա այսօր նրանք են ինձ հրավիրում, քանի որ ես հետաքրքրություն եմ առաջացնում` իմ կերպարով, իմ երգով: Հիմա էլ արդեն կարող եմ ասել՝ հրավերներ ունեմ տարբեր երկրներից: Շուտով մեկնելու եմ Մոսկվա, Ադլեր: Հոկտեմբեր ամսին էլ մասնակցելու եմ «Տաշիր» շոուին։
-Ի՞նչ տարբերություն կա մեծ բեմերում հանդես գալու եւ ակումբներում երգելու միջեւ: Երկու տեղում էլ երգում եք եւ ինքներդ էլ նշեցիք, որ ակումբում երգելն օգնում է մշտապես «մարզված» վիճակում լինել:
-Ակումբն ունի իր առավելությունները, բայց թերի կողմեր էլ ունի: Ակումբում երգելիս հանդիսատեսին բավականին մոտ ես գտնվում: Բացի դրանից, մեծ բեմերում երգելը մի փոքր այլ է: Չնայած, երբ մեծ բեմերում հնարավորություն չես ունենում երգելու, ակումբը պարզապես օգնում է:
-Անձնական կյանքում նորություններ ունե՞ք:
-Հիմա իմ բոլոր ռեսուրսներն ուղղված են որդուս մեծացնելուն, ինչպես նաեւ ստեղծագործական բուռն գործունեություն եմ նախատեսում ծավալել: Անձնական կյանքում էլ կլինեն փոփոխություններ, բայց ոչ հիմա:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

«ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏԱԴԱՐՁ ԼՈՒՅՍԸ»` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Նախօրեին Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Տողի արվեստի դպրոցի ու Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների կերպարվեստի, կոլաժային արվեստի շուրջ 40 աշխատանքներ։ Հայազգի կինոռեժիսոր, հասարակական եւ մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջոցառումը նախաձեռնել են ՀՀ ազգային ժողովը եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ԼՂՀ ավագ դպրոցական տարիքի երեխաների շրջանում անց է կացվել նման հմտություններ ունեցող երեխաների նախնական ընտրություն, կազմակերպվել է մշակութային ճանաչողության ու ավանգարդ արվեստի ընկալման հմտությունների ուսուցում, ինչպես նաեւ տարբեր հանդիպումներ ու այցելություններ։ Միջոցառման մասնակիցների աշխատանքներից գնահատող հանձնախումբն ընտրել է 7 աշխատանք, որոնք կցուցադրվեն ՀՀ Ազգային ժողովում նախատեսվող ցուցահանդեսի ընթացքում։

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ
«Մրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հկ-ն սեպտեմբերի 30-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:
Միջոցառման նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը, երիտասարդ սերնդի շրջանում ազգային արվեստի ճանաչելիության բարձրացումը:
Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի, «Հայ երգասաններ» ազգային երգի եւ այլ համույթներ: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական թատերականացված դրվագներ: Նախատեսվում են նաեւ «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի եւ ազգային երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ:

 

180 ՀԱԶԱՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 26-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի ամենամյա բարեգործական ընթրիքը:
9-րդ ամենամյա ընթրիքն, ավանդույթի համաձայն, մեկնարկել է տերունական աղոթքով՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգոր Հովհաննիսյանի օրհնությամբ: Ընթրիքի ընթացքում հանգանակվել է շուրջ 180.000 դոլար: Հավաքված գումարն ուղղվելու է Երեւանի եւ Վանաձորի անապահով 185 ընտանիքի երեխաների եւ միայնակ 80 տարեցների` մեկ տարվա ընթացքում սննդի, բժշկական, սոցիալական, կրթական եւ այլ ծախսերը հոգալու համար:

 

Ա. ԼԵՎՈՆՅԱՆԸ` ՆՈՐՈՎԻ
Թատրոնի եւ կինոյի դերասան, հաղորդավար Արսեն Լեւոնյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Հարազատ թշնամի» սերիալում, իր հիմնական աշխատանքին զուգահեռ վերջին ամիսներին մասնակցել է մեկ այլ նկարահանման: Դոն Սերոժի «Տեսնեմ արեւ»-ը նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի գլխավոր հերոսն Արսենն է: Վերջինս պրեմիերայի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկայացել էր եղբոր՝ դերասան Խորեն Լեւոնյանի հետ:
Երեկոյի ընթացքում, բացի տեսահոլովակի ցուցադրությունից, մի շարք նկարիչներ ներկայացրեցին իրենց կտավները, իսկ Արսեն Լեւոնյանը եւ Դոն Սերոժը կատարեցին նաեւ իրենց նոր` «Մի հեռացեք» երգը:
Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հովակիմյանն է, իսկ սյուժեի եւ երգի հեղինակը հենց Դոն Սերոժն է:

 

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Դերասանուհի Լիա Ռեմինիի վարած մեքենան բախվել է պիկապ բեռնատարի: Վթարի ժամանակ մեքենայում են գտնվել նաեւ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա երկու երեխաները: Բարեբախտաբար, ոչ ոք չի վիրավորվել: Բեռնատարի վարորդը, հավանաբար, հարբած է եղել: Վերջինս փախուստի է դիմել դեպքի վայրից: Վարորդները դուրս են եկել մեքենաներից, որպեսզի գնահատեն կրած վնասներն ու փոխանակվեն տեղեկատվությամբ, երբ պիկապի վարորդը նստել է մեքենան ու հեռացել:

 




Լրահոս