«Թռչկոտող մարդը հիմա իշխանություն է… հիմա ընդդիմություն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված այս փաստաթուղթը պատմում է 2008թ. մարտի սկզբին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Հայաստանում իրականացրած միջնորդական առաքելության մասին: Մարտի 1-2-ի աղետալի իրադարձություններից հետո օտարերկրյա դիվանագետը հանդիպումներ է ունեցել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ որոնելու ակնկալիքով: Ստորեւ կանդրադառնանք Բրայզայի՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումներին: Հատկանշական է, որ Սարգսյանն ավելի շատ ներկայացել է փոխզիջումային դիրքերից՝ շեշտելով, որ Քոչարյանը միգուցե եւ ավելի կոշտ է վարվել, քան հարկավոր էր: Ուշագրավ են նաեւ ամերիկացի դիվանագետի որակումներն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին:

Փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն է, ով ի սկզբանե նկատում է, որ իրենց համար այդ օրերին ամենակարեւոր զրուցակիցը եղել է Սերժ Սարգսյանը: Մ. Բրայզան իր գոհունակությունն է արտահայտել Սարգսյանի այն հայտարարությունից, որով կոչ էր արվում քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ` վերջ դնելու համար «ամեն ինչ կամ ոչինչ» քաղաքական բանաձեւին: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի իրադարձությունները դիտարկել է որպես ժողովրդավարություն կառուցելու օրինաչափ գործընթացի մի օղակ: Նրա համոզմամբ՝ երկրում արտակարգ դրությունը սահմանված ժամկետից ավելի վաղ չի կարելի վերացնել, քանզի դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել: Ս. Սարգսյանի կարծիքով ժողովրդավարության իրացումն ու վերափոխումների անցկացումը պետք է տեղի ունենան հասարակական կարգի պահպանության պայմաններում: Ավելին՝ Սարգսյանը հռետորական հարց է հնչեցրել, թե՝ «Ո՞վ է պատասխանատու լինելու հայության անվտանգության համար, եթե արտակարգ դրությունը վերացվի. ԱՄՆ պետդեպարտամենտը՞, թե՞ Եվրոպական միությունը»:

Սարգսյանը խնդրել է միջազգային հանրության աջակցությունն ու ըմբռնումը իշխանությունների գործողությունների նկատմամբ: Նրա կարծիքով արտակարգ դրությունն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի սառեցման շրջանը՝ նվազեցնելով լարվածությունն ու մարդկանց զայրույթը:

Ամերիկացի դիվանագետը բարձրաձայնել է նաեւ մարդկանց հանիրավի ձերբակալությունների ու ապօրինի կալանավորումների մասին, երբ քաղաքացիներին անգամ թույլ չեն տվել հաղորդակցվել իրենց ընտանիքի ու իրավաբանների հետ: Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է նման հավանականությունը՝ նկատելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է ՀՀ նախագահ եղած ժամանակ նման գործողություններ հրահանգելու պրակտիկայով աչքի ընկել, մինչդեռ իրենք նման բաներով չեն զբաղվում: Սերժ Սարգսյանը փաստորեն օտարերկրյա դիվանագետի առաջ ընդունել է, որ Տեր-Պետրոսյանի իշխանությունը հանցավոր է եղել, իսկ ինքը եւս, լինելով այդ իշխանությունում ԱԱԾ եւ ՆԳՆ նախարար, ներգրավված է եղել այդ ամենում:

Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Սերժ Սարգսյանն ու Մ.Բրայզան համաձայնել են, որ Ռ.Քոչարյանն ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել Տեր-Պետրոսյանի ու հանրահավաքի մասնակիցների հանդեպ: Ըստ էության, Սարգսյանն արտահայտել է իր անհամաձայնությունը Քոչարյանի գործողությունների հանդեպ: Հատկանշական է, որ դիվանագիտական զրույցներում «բարի» կերպարում հանդես գալով հանդերձ՝ Սարգսյանը հաջողությամբ օգտվել է Քոչարյանի «բիրտ» գործողությունների հարուցած արդյունքներից: Ավելին՝ իրավիճակի պատասխանատվությունը բարդելով Քոչարյանի վրա՝ Սարգսյանը փորձել է ցույց տալ, թե իր ու Քոչարյանի միջեւ առկա են անհաղթահարելի տարաձայնություններ:
Ապա անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր բանակցությունների թեմային՝ Սարգսյանը նկատել է, թե չի կարող բանակցել իրեն «մոնղոլ-թաթար» ու «դավաճան» որակող գործչի հետ:

Ներկայացնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մանրամասները՝ հեղինակը փոխանցում է առաջին նախագահի խոսքը, ըստ որի ինքն ու իր կողմնակիցները ոչ մի օրենք չեն խախտել: Ավելին՝ մարտի մեկի երեկոյան տեղի ունեցածի համար ընդդիմությունը չի կարող պատասխանատվություն կրել, քանզի ինքը՝ Տեր-Պետրոսյանը, եղել է տնային կալանքի տակ, իսկ մյուս առաջնորդներն էլ ձերբակալվել են կամ էլ հայտնվել ընդհատակում: Բրայզան կոչ է արել ուղղակի բանակցություններ անցկացնել Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ, ինչին Տեր-Պետրոսյանը դրական է արձագանքել` հայտնելով իր պատրաստակամությունը, եթե իշխանություններն ազատ հանրահավաքների թույլտվություն տան ընդդիմությանը:
Փաստաթղթում Փենինգտոնը հավելում է, որ Բրայզան հանդիպել է նաեւ Արթուր Բաղդասարյանի հետ, ով սատարել է Քոչարյանի ու Սարգսյանի գործողությունները՝ մեղադրելով միայն Տեր-Պետրոսյանին: Հատկանշական է, որ դիվանագետը Բաղդասարյանի մասին խոսում է նկատելի ծաղրանքով՝ նրան անվանելով «թռչկոտող մարդ»:

ՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարը նկատում է, որ Ա. Բաղդասարյանը հայտնի է իր նշանաբանով՝ «ես հիմա իշխանություն եմ, ես հիմա ընդդիմություն եմ», «ով այժմ պաշտպանում է Սարգսյանին ու Քոչարյանին, թեպետ մեկ շաբաթ առաջ քննադատում էր նրանց ռեժիմը, իսկ իր կողմնակից Բիշարյանն էլ ելույթ էր ունենում Տեր-Պետրոսյանի հանրահավաքում»: Այս փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ Բաղդասարյանի՝ 2008թ. պահվածքը բացասական տրամադրություններ էր առաջացրել ոչ միայն նրա ընտրողների մոտ, այլեւ օտարերկրյա դիվանագետների շրջանում, ովքեր նկատելի ծաղրանքով ու սարկազմով են արտահայտվում այս գործչի մասին:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս