Այսօր մեծանուն երգահան Կոմիտասի մահվան օրն է (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1935 թվականի հոկտեմբերի 22-ին Փարիզի հոգեբուժական կլինիկայում է մահացել հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը:

Կոմիտասը ծնվել է Թուրքիայում՝ երաժշտասեր մի ընտանիքում, որտեղ բոլորը խոսում էին միայն թուրքերեն:

 

1024px-USSR_stamp_Komitas_1969_6k

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Անգնահատելի է նրա հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն  և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:

Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո՛ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր:

Komitas

Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները:  Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է:

Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:

Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:

Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:




Լրահոս