Նոր զարգացումներ՝ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետական ծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել: Թուրքական «Սաբահ»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, որոնց շարքում է նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահը, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել. գրում է Ermenihaber.am-ը:

Ավելի վաղ Դինքի ընտանիքի բողոքի համաձայն հարցաքննության պահանջ էր ներկայացվել Ստամբուլի նահանգապետի տեղակալ Էրգյուն Գյունգյորի, այն ժամանակվա անվտանգության վարչության պետ Ջելալեթթին Ջերրահի, Ստամբուլի հետախուզության վարչության պետ Իլհան Գյուլերի և 6 ոստիկանի վերաբերյալ: Սակայն Ստամբուլի նահանգապետարանի միջամտությամբ գլխավոր դատախազությունը վերոնշյալ անձանց նկատմամբ դատական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչից հետո Դինքի ընտանիքը նույն պահանջով դիմել է Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների դատարան: Դատարանը պետական ծառայողների վերաբերյալ ընդունած դատական հետապնդում չիրականացնելու որոշումը չեղյալ է համարել:

Այս անգամ էլ Ստամբուլի նահանգապետարանը հակառակ պահանջով դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն: Նախարարությունը հետ է ուղարկել գլխավոր դատախազության որոշումը, այսպիսով՝ բացելով 9 պաշտոնյայի գործին ներգրավվելու ճանապարհը:




Լրահոս