Արդեն հայտնել էինք, որ այսօր Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին տղա ուսանող է մահացել:
Armlur.am-ի հետ զրույցում ԵՊՀ լրատվության բաժնի վարչության պետ Կարեն Գրիգորյանը հայտնեց, որ մահացած ուսանողը ԵՊՀ Ինֆորմատիկայի ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող է, ով ֆիզկուլտուրայի դասաժամին ասել է՝ սիրտս ծակում է, ապա կտրուկ վայր է ընկել և տեղում մահացել:
Կարեն Գրիգորյանը հավելեց, որ կանչված շտապ օգնությանը չի հաջողվել փրկել ուսանողի կյանքը: Նա նպատակահարմար չգտավ հայտնել հանկարծամահ եղած ուսանողի անունը:
Իսկ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Էդվարդ Դանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց հայտնի չէ՝ արդյոք ուսանողը նախկինում բողոքե՞լ է սրտից կամ նրա մոտ առկա այլ հիվանդությունների մասին: Փոխդեկանը միայն ասաց, որ ականատես համակուրսեցիները հայտնել են, որ ուսանողը ֆուտբոլ խաղալիս եղել է դարպասապահ և անսպասելիորեն ընկել է գետնին:
Հ.Գ. Նշենք, որ յուրաքանչյուր ուսանող առաջին կուրսում համալսարանում բուժզննում է անցնում: Թե ինչպես է ստացվել, որ հանկարծամահ եղած ուսանողի մոտ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել, դժվար է ասել: