Զոհե՞լ, թե՞ չզոհել խնամուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. պետական բյուջեի նախագծի` խորհրդարանում սկսված քննարկումները շատ կարեւոր նշանակություն ունեն ներկա քաղաքական զարգացումների ֆոնին: Ոչ իշխանական եռյակի կազմակերպած երկու հանրահավաքների ընթացքում ԲՀԿ-ական բանախոսների ելույթները հիմնականում անհասցե էին: Այսինքն՝ մարդիկ քննադատում էին, ասում էին՝ վատ է, ժողովուրդն արտագաղթում է, եւ այսպես շարունակ, բայց ոչ մի խոսք կոնկրետ պատասխանատուների մասին:
Սակայն խորհրդարանում սկսվել են 2015-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ պետական բյուջեի քննարկումները, եւ ԲՀԿ-ականները, ըստ քաղաքական տրամաբանության, պետք է անդրադառնան Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության գործունեությանը:

Ի վերջո ԲՀԿ-ն իր ոչ իշխանական իմիջի համար նախորդ տարվա բյուջեի քննարկմանն է պարտական: Հիշեցնենք, որ երբ անցած տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկվում էր այս տարվա բյուջեն, ԲՀԿ-ն բոլոր հնարավոր ձեւերով եւ քարոզչական գործիքներով հարձակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա գլխավորած կառավարության վրա:

«Այստեղ խոսվեց արժանապատվության մասին, որ արժանապատվություն ունեցող կառավարությունը հրաժարական կտար: Գիտեք՝ արժանապատվությունը վերացական, արժանապատվությունը եւ քաղաքական պատասխանատվությունը վերացական, աբստրակտ հասկացություն չէ, արժանապատվություն եւ քաղաքական պատասխանատվություն լինում է կամ չի լինում»,- սա մի հատված է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթից:

Ելույթը հնչել է անցած տարվա նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում բյուջեի քննարկման ժամանակ: Զոհրաբյանը ներկայացրել է իրենց խմբակցության պաշտոնական տեսակետը: Ի դեպ, ԲՀԿ-ն 2014-ին դեմ քվեարկեց բյուջեին: Կարելի է ասել, որ հենց այդ քննարկումներով պաշտոնապես մեկնարկեց Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը, որն ավարտվեց այս տարվա մարտի վերջին:

Մեկ տարի անց ԲՀԿ-ի «ոչ իշխանական» կերպարը դարձել է քաղաքական կյանքի անբաժանելի մասը: ԲՀԿ-ականներն այժմ ոչ թե հրաժարականներից, այլ իշխանափոխությունից է խոսում: Այսինքն՝ նրանց խոսքն այս ընթացքում ավելի է կոշտացել: Քաղաքական տրամաբանությունը ենթադրում է, որ եկող տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումներն իշխանափոխության գործում մեկ քայլ առաջ գնալու համար շատ լավ առիթ են: Այսինքն՝ ԲՀԿ-ականները պետք է ավելի մեծ եռանդով, քան մեկ տարի առաջ, լծվեն գործող իշխանությունների եւ հատկապես նրա գործադիր թեւի «հեղինակազրկման» գործին:

Բայց այս խնդրում կա մեկ «աննշան» հանգամանք. վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խնամիներ են: Այլ կերպ ասած՝ իշխանափոխության ճանապարհը կամ եթե կուզեք՝ անգամ ոչ իշխանականների հռչակած «համաժողովրդական շարժման» ապագան կախված է ԲՀԿ-ի թիվ մեկ խնամու քաղաքական կարիերայից:

Հիմա հարցերի հարցն այն է, թե բյուջեի քննարկումների ժամանակ իրենց ինչպես կպահեն ԲՀԿ խմբակցության անդամները. խնամուն, նրա նախորդի օրինակով, մինչեւ կոկորդը ցեխը կմտցնե՞ն, թե՞ կասեն, որ նա մեղավոր չէ, նրա աչքերն են մեղավոր՝ ընտրելով առավել անմեղ՝ բոյկոտի տարբերակը: Իհարկե, քաղաքական տրամաբանության տարեց վարպետները կասեն, որ խնամին քաղաքական կատեգորիա չէ: Բայց, դե, ժամանակը ցույց կտա:

Բյուջեի քննարկումների առաջին օրը` երեկ, ԲՀԿ-ականները, կարելի է ասել, որ ներկա չեն եղել: Իհարկե, նրանց մեկ-երկու ներկայացուցիչներ ձեւի համար մի քանի րոպե ներկա են գտնվել մշտական հանձնաժողովների նիստերում կազմակերպված քննարկումներին, սակայն ո՛չ խոսել են եւ ո՛չ էլ փիս-փիս հարցեր են տվել:
Ակնհայտ է, որ ԲՀԿ ղեկավարությունը դեռեւս չի կողմնորոշվել, թե խնամու հետ ինչպես վարվել: Առավել հավանական է, որ ԲՀԿ ղեկավարությունը ի վերջո կորոշի հոգուտ խնամու, եւ վերջինս չի արժանանա իր նախորդի ճակատագրին: Իսկ որպեսզի ԲՀԿ-ականների ոչ իշխանական կերպարն էլ չտուժի, ԱԺ նիստում բյուջեն քննարկելիս նրանք կհայտարարեն, թե բոյկոտում են եւ կգնան տներով: Կամ էլ կքննադատեն պայմանավորված չափաբաժնով: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ի համար քաղաքական ու մարդկային առումով տհաճ իրավիճակ է ստեղծվել, իսկ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս