Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի գործը դատարանում է, բայց դատավոր դեռ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչեցված կրակոցների մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, կողմերը ծանոթացել են մեղադրական եզրակացությանը, և գործը մուտք է արվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այն դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, Գոռ Առաքելյանը գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Դրանց  գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Իսկ մեղադրյալներ Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք հիշյալ ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ  վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ. հարվածներ են հասցրել Գ.Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։

29-ամյա Գոռ  Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը:

30-ամյա Վալերիկ Հովհաննիսյանին և 36-ամյա Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն:




Լրահոս