Գևորգ Կոստանյանը հակադարձեց Աղվան Հովսեփյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը: Իմ հայտարարությունը հետևյալն է` քրեական դատավարության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր սկզբունքը դա գործի արդյունավետ քննությունն է, ընդ որում, դա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից է»,-անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ը բացահայտված է, լրագրողների հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Արդյունավետ քննության երաշխիքները հետևյալն են՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն: Չկա գործի բացահայտվածության սկզբունք, ինչո՞ւ, որովհետև գործի կանխավարկածն այնպիսին է, որ եթե իմ նշած 3 սկզբունքները քո գործի քննության ընթացքում ապահովում ես, հետևաբար, դու ճշմարտությունը պարզել ես: Թե ինչքան է դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածությանը, դա հարցի երկրորդ կողմն է:

Իմ ասածն այն է, որ եթե այս 3 սկզբունքներն ապահովվում են, քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքը գործը կարճելու, մյուս դեպքում անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում, երբ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չի պարզել մեղավոր անձանց: Քանի դեռ այս 3 որոշումներից որևէ մեկը կայացած չէ, հետևաբար գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»,- ընդգծեց Կոստանյանը:




Լրահոս