Կեղծել են «Գրանդ քենդի», «Շանթ» և «Սուփրա» ապրանքանիշերի խմորեղենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել ՕՀՎ բաժնի կողմից իրականացված ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ:

Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների շրջանակում օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել. իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր Արամայիս Սիմոնյանն իր կողմից արտադրված խմորեղենն առևտրի կետերում իրացնելիս կատարել է խոշոր կեղծիքներ և խախտումներ:

Ոսումնասիրությամբ պարզվել է, որ նա խմորեղենի տեսականին խանութներին բաժանել է տեղական այլ արտադրողների անվան տակ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ», «ՇԱՆԹ» և «ՍՈՒՓՐԱ» խմորեղենի համար նախատեսված տուփերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը խանութներին չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրեր և ՀԴՄ կտրոններ, այդպիսով ոչ միայն կեղծելով արտադրանքն, այլև` փորձելով թաքցնել իրական շրջանառության ծավալները: Դեպքի առթիվ Արամայիս Սիմոնյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

ՕՀՎ Արտաշատի բաժինը հայտնաբերել է առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերված շուրջ 72մլն դրամի ապրանք
Դադարեցվել է փայտանյութի անօրինական առևտրով զբաղվողների գործունեությունը:

Գործարքների չփաստաթղթավորման դեմ պայքարի շրջանակում Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի` ապրանքների տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել Արարատի մարզում:

Բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ անհատ ձեռնարկատեր Գևորգ Մալխասյանը, զբաղվելով հիգիենայի պարագաների և լվացող միջոցների մանրածախ և մեծածախ առևտրով, միաժամանակ Բյուրավան գյուղում գտնվող իրեն պատկանող պահեստներից «Գազել» և «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով իրականացրել է ապրանքների տեղափոխում` առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի:

Հետագա ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ պահեստում առկա է առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերված շուրջ 20մլն դրամի ապրանք: Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նույն գյուղում հայտնաբերվել է Գևորգ Մալխասյանին պատկանող մեկ այլ պահեստ ևս, որտեղ առկա շուրջ 52մլն դրամի ապրանքները նույնպես ձեռք էին բերվել առանց հիմնավորող փաստաթղթի: Նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Իսկ ՕՀՎ Արտաշատի և արագ հակազդման բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել և արձանագրվել է նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք: Պարզվել է, որ առանց համապատասխան պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, ֆիզիկական անձինք զբաղվել են փայտանյութի առևտրով: Այս դեպքով էլ օրինախախտները տուգանվել են և պարտավորվել դադարեցնել գործունեությունը` մինչև համապատասխան գրանցում ստանալը:




Լրահոս