Երբ իշխանությունն ավելի շատ մեծ-մեծ խոսում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը միայն մեկ բանի մասին է հուշում`Հայաստանը գնալով աղքատանում է, ու թվում է, թե այս գործընթացը վերջ չունի: Հայաստանի բոլոր կառավարություններն իրենց պարտքն են համարել խոսել արտահանման խթանման մասին: Սերժ Սարգսյանն էլ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ իր նախընտրական ծրագրում հատուկ անդրադարձել էր այս հարցին: Նա, մասնավորապես, խոստացել էր. «Միջազգային շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների հեղինակության ու ճանաչելիության բարձրացման միջոցառումներ. սրանք են լինելու երկրի տնտեսությունն արտահանմանն ուղղված զարգացման տանող առաջնային գործիքները»: Կառավարությունները գալիս ու գնում են, բայց իրավիճակը չի փոխվում. արտահանման եւ ներմուծման բացասական տարբերությունը շարունակում է աճել:

Այս տարվա անցած ինն ամիսների տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է մեկ միլիարդ 103 միլիոն դոլարի, իսկ ներկրվել է 3 միլիարդ 253 միլիոն դոլարի ապրանք: Բացի այդ՝ այս տարվա ինն ամիսներին արտերկրից դրամական փոխանցումների դրական տարբերությունը կազմել է 963 միլիոն 830 հազար դոլար: Եթե Հայաստանը դիտարկենք որպես մեկ մեծ ընտանիք, ապա ստացվում է, որ մեր ընտանիքն իր վաստակածից երեք անգամ ավել է ծախսում: Ավելին՝ հարազատների` արտերկրից ուղարկած գումարները, որոնք «ընտանիքի» վաստակած գումարի չափ են, միեւնույն է՝ խնդիրը չեն լուծում: Ինն ամիսների կտրվածքով Հայաստանն աղքատացել է մեկ միլիարդ 186 միլիոն դոլարի չափով:

Իհարկե, ցանկացած ընտանիք կարող է որոշ ժամանակ նման կերպ «յոլա գնալ»: Պակասորդը լրացնելու համար սկզբում վարկեր են վերցնում, բայց երբ բանկերը տեսնում են, որ նա ի վիճակի չէ իր պարտքերը վերադարձնելու, դադարում են գումար տալ: Դրանից հետո, եթե ընտանիքն իր եկամուտները չի ավելացնում, ապա ստիպված է լինում իր թանկարժեք իրերը վաճառել` ընտանեկան բյուջեի բացը փակելու համար: Իհարկե, լինում են մարդիկ, որոնք նախընտրում են բարձր տոկոսներով վարկեր վերցնել, բայց այդ ճանապարհը կործանման ամենակարճ ուղին է:

Պետության դեպքում էլ իրադարձությունների զարգացման ընթացքը նույնն է: Հայաստանը վաղուց հասել է այն սահմանագծին, որ միջազգային կառույցները ձեռնպահ են մնում արտոնյալ վարկեր տրամադրելուց: Իսկ պետության «վաստակած» գումարները, որոնք արտահանումների տեսքով են արտահայտվում, մնում են գրեթե նույն մակարդակի վրա, մինչդեռ ծախսերը, այսինքն՝ ներմուծումը, շարունակում են աճել:

Այս տարվա ինն ամիսներին անցած տարվա համեմատ 16 միլիոն դոլարով ավել ապրանք է արտահանվել, այն դեպքում, երբ այս տարի նախորդի համեմատ ներմուծումն աճել է 115 միլիոն դոլարով: Մյուս կողմից էլ այս տարվա տրանսֆերները եւս անցածի համեմատ նվազել են ավելի քան 83 միլիոն դոլարով:

Հայաստանում ստեղծված իրավիճակն առավել ողբերգական է դառնում, երբ խնդիրը դիտարկում ենք` հաշվի առնելով իշխող էլիտայի բնույթը: Հայաստանի իշխող էլիտան հենց այն մարդիկ են, ովքեր տիրապետում են երկրի ֆինանսական հնարավորությունների գերակշռող մասին: Նրանց մի մասը կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններն է զբաղեցնում, իսկ մյուս մասը փոխհամաձայնեցված ձեւով հանդես է գալիս իշխողներին՝ որպես այլընտրանք կամ իբրեւ ոչ իշխանական ուժեր: Ավելին՝ այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն տնտեսությունը զարգացնել: Բանն այն է, որ նրանք բոլորը հարստացել եւ հարստանում են՝ պետական կառավարման լծակներն օգտագործելով: Նրանց բոլորի եկամուտները հիմնականում ստացվում են սպասարկման եւ առեւտրի ոլորտներից: Իշխանական լծակների օգտագործմամբ ձեռքբերած գումարները նրանք ներդնում են` հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներ, գազալցակայաններ եւ բենզալցակայաններ, սուպերմարկետներ եւ էլիտար շենքեր կառուցելու համար: Եթե անգամ նրանցից ոմանք, այնուամենայնիվ, ինչ-որ արտադրություն էլ հիմնում են, ապա, միեւնույն է, այն նախատեսված է լինում Հայաստանի ներքին շուկայի սպառման արտադրանք թողարկելու համար:

Մի խոսքով՝ մինչեւ չփոխվի Հայաստանի իշխող էլիտան, կամ այլ կերպ ասած` ընտանիքի գլուխը, այս անկումը շարունակվելու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս