Սա այս տարվա ընթացքում Տավուշի մարզում ամուսնու կողմից կնոջը խեղդամահ անելու 3 դեպքն է: Երկու դեպքերը կատարվել են Բերդի տարածաշրջանում, խանդի հողի վրա, այդ գործերով դատավճիռներ են կայացվել:
Իջեւան քաղաքի բնակիչ Ռադիկ Գաբրիելյանի դատավարության առաջին նիստը կայացավ նոյեմբեր 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 19-ին: 1951թ. ծնված Ռադիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հունիսի 27-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ամուսնական կյանքի ընթացքում կնոջ՝ Ջուլիետա Եղիշյանի հետ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով, որպես առիթ օգտագործելով տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը: Վերջինս Իջեւանի դպրոցներից մեկում ֆրանսերեն է դասավանդել, եղել է վատառողջ:
Ռադիկ Գաբրիելյանը նախկինում եղել է Տավուշի մարզպետարանի աշխատակից, նաեւ լրագրող է աշխատել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Ռ. Գաբրիելյանն անառողջ է, նա ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Ոսկան Սարգսյան