Կինս բարձր էր վարձատրվում դեռ այն ժամանակ, երբ իմ կինը չէր. Ֆինանսների նախկին նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց՝ իր կինը որպես դեկրետի նպաստ ստացել է 20 մլն դրամ, համացանցի իր էջում գրել է.

«Ինձ ու իմ տիկնոջը մեղադրում են այն բանի համար, իբր ես «հատուկ» վարձատրել եմ իրեն, դեկրետի բարձր նպաստ նշանակել։ Եթե նկատել եք, որևէ հրապարակային մեկնաբանության այս լուրը ես չեմ արժանացրել։ Ճիշտն ասած՝ վաղուց արդեն հանգիստ եմ վերաբերվում մեր մամուլի տարբեր «սենսացիոն» հրապարակումներին։ Բայց վերջերս հասկացա, որ իմ այդ լռությունը շատերը վերագրում են ասելիք չունենալուն կամ մամուլում շահարկված միտքը սխալմամբ համարում են իրականություն:

Իմ կինը, այո, բարձր վարձատրվող իրավաբան է։ Ընդ որում, նա բարձր վարձատրվող իրավաբան էր դեռ այն ժամանակ, երբ Դավիթ Սարգսյանի կինը չէր։ Որպես պաշտոնյայի կին, վերջին 6 տարիներին ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը։ Յուրաքանչյուր տարի միայն իր վճարած եկամտահարկը կազմել է մոտ 10 մլն դրամ: Կարծում եմ, որ վերջին հինգ տարում շուրջ 50 մլն դրամ եկամտահարկ վճարած կինը իրավունք ունի երեխայի ծննդյան արձակուրդի համար (որն, ի դեպ, տևում է շուրջ 5 ամիս՝ 140 օր) ստանալ 12 մլն դրամ նպաստ։ Հատկապես, որ այս ամենը նախատեսված է բացառապես օրենքով։ Եվ սա հայտնի փաստ է:

Մի կարևոր հանգամանք ևս։ Ֆինանսական հաշտարարի աշխատավարձը պետությունը և պետական բյուջեն չեն ձևավորում: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում են մասնավոր բանկերն ու ապահովագրական ընկերությունները, որոնց ներկայացուցիչներից էլ հիմնականում կազմված է ֆինանսական հաշտարարի գրասենյակի խորհուրդը։

Այսքանը ամբողջ այդ պատմության մասին։

Հ.Գ. Ես այսպես էլ չունեմ հարցի պատասխանը՝ ո՞րն է ավելի բարոյական. ստանալ բարձր վարձատրութու՞ն ու վճարե՞լ հասանելիք բոլոր հարկերը, թե՞ ցույց տալ անվանական մի փոքր աշխատավարձ, իսկ մնացածը ձևավորել ստվերայնորեն»:




Լրահոս