Ինչու Միխայիլ Բաղդասարովն ահռելի պարտքեր կուտակեց և անհետացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմնի հզոր գործարար Միխայիլ Բաղդասարովը շարունակում է մինչև «կոկորդը թաղված մնալ» պարտքերի մեջ: Երկար տարիներ ավիաընկերության ոլորտում գերիշխող դիրք գրավող գործարարը «Արմավիա»-ի սնանկացումից հետո որոշ տվյալներով մոտ 25 մլն դոլար է պարտք միայն ռուսական գերատեսչություններին, ընկերություններին ու բանկերին:

Ո՞ր ընկերություններին է պարտք հայտնի գործարարը

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանի նախկին ավիափոխարողը մոտ 178 հազար դոլար պարտք է ՌԴ ավիացիայի դաշնային գործակալությանը՝ «Ռոսավիացիա»-ին, մոտ 1,5 մլն դոլար` «Վնուկովո» օդանավակայանին, և 29 հազար դոլար՝ Կրասնոդարի և Սոչիի օդանավակայաններին: Հայկական ընկերություններից «Արմավիա»-ն պարտք է Հայաստանի էլեկտրական ցանցերին, «Երմիք» ՍՊԸ-ին, «Կարկոմավտո» ընկերությանը, «Բիբլոս բանկ»-ին և այլ հայտնի ընկերությունների:

Երբ հայտնի դարձավ, որ «Արմավիա»-ն ցանկանում է սնանկացման գործընթաց սկսել՝ Բաղդասարովի ընկերությանը սկսեցին մեկը մյուսի ետևից դատի տալ: Օրինակ, ՎՏԲ բանկը 10 միլիոն դոլարի հայց էր ներկայացրել «Արմավիա»-ի և 12 միլիոն դոլար «Միկա լիմիթեդի» դեմ: Պետք է ընդգծել, որ «Արմավիա»-ին դատի էր տվել նաև Պետական եկամուտների կոմիտեն, քանի որ օդի հարկի 10 հազար դրամ գանձումները կատարվել, սակայն բյուջե չէին փոխանցվել: Նման դատական գործերի շարքը կարելի է շարունակել անվերջ: Ինչպես հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, «Միկա Լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն: Բաղդասարովը ցանկանում է արագացնել սնանկության գործընթացը, որպեսզի խուսափի պարտքերից:

Ինչից սկսվեց այդ ամենը

2011թ. հակասություն էր առաջացել «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա»-ի ղեկավարների միջև: Ավիաընկերությունը պահանջում էր իջեցնել ծառայությունների գումարը, իսկ օդանավակայանի ղեկավարությունը պահանջում էր վճարել կուտակված պարտքերը: Օդանավակայանի ղեկավարությունն այս պահանջն ավելի քան զարմանալի էր համարել: Արդեն 2012թ. մարտի 6-ին ավիափոխադրումներ կատարող ընկերությունը գործադուլ հայտարարեց, մինչև գները կիջեցվեն: Մի քանի հարյուր ուղևորներ այդպես էլ մնացին օդանավակայաններում, նրանցից շատերը ստիպված էին ետ տալ տոմսերը: Արդեն մարտի 9-ին Բաղդասարովը հայտարարեց, թե ընկերությունը սնանկացման գործընթաց է սկսում և կդադարեցնի ավիափոխադրումները, եթե տոմսերի արժեքը չնվազի 25 %-ով:

Որո՞նք էին սնանկացման պատճառները

Շատերն այս հայտարարության պատճառը համարում էին հենց ֆինանսական խնդիրները, մյուսները մտածում էին, թե Բաղդասարովն այս կերպ շանտաժի է դիմում: Ռուսական կայքերն այն տեսակետն են արտահայտել, թե այս երևույթի պատճառը մի քանի բիզնեսմենների միջև առկա հակասությունն է և պայքարը՝ ազգային ավիափոխադրողի կոչմանն արժանանալու համար:

Հայկական լրատվամիջոցներում ևս տարբեր վարկածներ են շրջանառվել այս ամբողջ գործընթացի և սնանկության շուրջ: Կարծիքներ կան, թե կամ իշխանությունն է Բաղդասարովի հետ խոսելու բան ունեցել, կամ էլ Բաղդասարովը՝ իշխանության: Տեսակետներ են շրջանառվում, թե Բաղդասարովը ցանկացել է խոսել, բայց իշխանությունները նրան չեն լսել, և հայտնի օլիգարխին մնացել է միայն մեկ բան՝ սպառնալ սնանկացումով: Համենայնդեպս, զարմանալի է, որ ավիաընկերությունը, որն ունեցել է մենաշնորհային դիրք, երկար տարիներ աշխատել է առանց խնդիրների և առկա գներով, հետո է հասկացել, որ ձեռնտու չէ:  Իսկ միգուցե հենց Միքայել Բաղդասարովին էր անհրաժշտ թողնել և ընդմիշտ հեռանալ այս ամենից:

Ի՞նչ են գրում ռուսական կայքերը

Ավիաընկերության սնանկությունն անարդյունավետ մենեջմենթի հետևանք են համարում: Այդ ամենի մասին խոսել է նաև ռուսակա RBK Daily-ն: Կայքը նշում է. «Եթե մի ընկերություն, ունենալով բացառիկ իրավունքներ, ոչ միայն շահույթով չի աշխատել, այլև այդքան պարտք է կուտակել, ի՞նչ մենեջմենթի մասին է խոսքը: Կարելի է ասել, որ այն պարզապես գոյություն չի ունեցել»:

«Կոմերսանտը» գրում է, թե ավիաընկերության հետ տեղի ունեցածն իրոք շատ հարցերի տեղիք է տալիս, որոնք, սակայն «Արմավիա»-ն չի բացահայտում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս