Նոր զարգացումներ՝ Մեղրիի մաքսատանը հայտնաբերված 1 տոննա հերոինի գործով

Նոր զարգացումներ՝ Մեղրիի մաքսատանը հայտնաբերված 1 տոննա հերոինի գործով

Այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոցի հայտնաբերումը տարածաշրջանում աննախադեպ էր: Սկզբում հայտարարություն էր տարածվել, թե հայտնաբերված հերոինը 1 տոննա է, ապա՝ մոտավորապես 1 տոննա, իսկ ավելի ուշ, երբ քրեական գործը մտավ դատարան, հերոինը դարձավ 850 կգ 160 գ 467 մգ:
Ինչևէ, «առանց թույլտվության» նման քանակությամբ «օտար մարմին» Հայաստան ներս բերելը, կարծես թե, անհետևանք և անպատիժ չի մնա:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգություն), բեռնատարի վարորդ 1953թ. ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին կալանավորվել էր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ից հայտնել են, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից Թուրքիայի քաղաքացի 40-ամյա Օսման Ուգուրլուն:

Osman

Պարզվել էր, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում թմրամիջոց տեղափոխելու նպատակով դեռևս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

Գործի շրջանակներում Օսման Ուգուրլուին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝  215-րդ հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի  2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը ու պատրաստելը) հատկանիշներով:

Հիշեցման կարգով նշենք նաև, որ երբ ԴԱՖ մակնիշի բեռնատարի վրացի վարորդն անցած տարվա դեկտեմբերի 27-ին հատեց վրաց-հայկական սահմանը, ՊԵԿ նախաբացթողումային հսկողության Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների մոտ կասկած էր առաջացրել. մեքենան Վրաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ փայտանյութ էր տեղափոխում Իրան:

4704391404982477

Բեռնատարը ևս մեկ անգամ Մեղրիի անցակետում զննության ենթարկվելուց հետո հատեց հայ-իրանական սահմանը, բայց վերադարձը նույնքան հաջող չէր: Արդեն հսկողության տակ գտնվող բեռնատարը 20 օր հետո վերադարձավ: Այն Մեղրիի անցակետ մտավ առաջին հայացքից դատարկ. կիսով չափ բարձած փայտանյութն արդեն չկար: Մեղրիի անցակետում այն կրկին «ռենտգեն» զննության ենթարկվեց: Մեղրիի սահմանային անցակետ մուտք գործելիս բեռնատարի կցորդի հատակային մասում հայտնվել էր «օտար մարմին»:

Մեկ տոննա հերոինի գործի նախաքննությունը, թեև ավարտվել է, բայց ՀՀ Ազգային անվտագության ծառայությունում դրանից անջատված մասով նախաքննություն է ընթանում: ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանն Armlur.am-ին հայտնեց, որ գործը վերաբերում է թմրանյութի աննախադեպ մեծ այդ խմբաքանակի պատվիրատուներին ու կազմակերպիչներին:

Ի դեպ, հետաքրքրական է, որ նրանք, ըստ քննությունը վարող մարմնի վարկածի, ոչ միայն հայաստանցիներ չեն, այլև հայտնի էլ չէ, թե ովքեր են: Իսկ նախաքննության ընթացքում տեղեկություններ կային, որ պատվիրատուն թմրամիջոցի խմբաքանակը պետք է դիմավորեր Ուկրաինայում:

Իսկ թե ինչ կլինի առգրավված հերոինի ճակատագիրը, կարծես թե, պարզ է: Այս պահին այն համարվում է իրեղեն ապացույց, և քանի դեռ դատարանը վճիռ չի կայացրել, իսկ վճիռն էլ օրինական ուժի մեջ չի մտել, այն կշարունակվի պահվել Ազգային անվտանգության ծառայության պահեստում և կմնա այնտեղ այնքան ժամանակ, որքան տևի դատաքննությունը (օրինակ՝ 3 տարի):

Armlur.am-ի հետ զրույցում մեղադրյալ Օսման Ուգուրլուի հանրային պաշտպան Վահե Մարգարյանը, ով վերջերս է ներգրավվել գործին, և նրա մասնակցությամբ դեռևս դատական նիստ չի եղել, հայտնեց, որ հետագայում հանդես է գալու միջնորդությամբ՝ որոշակի չափաբաժնով հերոին դատարան ներկայացնել:

«Ապացույցների հետազոտման փուլում միանշանակ պահանջելու ենք, որպեսզի ներկայացվի դատարան: Ինչ վերաբերում է նախքան դատավճիռը այն ոչնչացնելուն, դա բացառվում է և օրենքի սահամաններից դուրս է: Նույնիսկ եթե ատոմային ռումբ լինի ներգրավված գործում, պետք է պահվի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը վճիռ չի կայացրել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ դատական նիստերը ուշ-ուշ են լինում դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:

Տեղեկացնենք, որ քրգործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայր և ուղարկվել դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթ: Առաջին դատական նիստը նշանակված է եղել օգոստոսի 14-ին, կայացել է միայն մեկ նիստ, իսկ հաջորդը նշանակված է նոյեմբերի 25-ին:

Տաթև Հարությունյան