ԴԱՀԿ-ն արգելանք է դրել Տիգրան Ուրիխանյանի գույքի և դրամական միջոցների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակն առանց դատարանի վճռի՝ արգելանք է դրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դրամական միջոցների ու իրեն պատկանող գույքի վրա. և այս ամենն ընդամենը 5000 դրամ տուգանքի համար: Այս մասին համացանցի իր էջում գրել է պատգամավորը: «ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց դատարանի վճռի: Հենց այս խայտառակ ապօրինության դեմ են երկար ժամանակ պայքարում ոչիշխանական ուժերը և Տ.Ուրիխանյանը հատկապես բազմաթիվ ելույթներով, քննադատությամբ ու օրենքների նախագծերով: Սա միանշանակ ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկած իշխանությունների ճղճիմ հաշվեհարդարի փորձն է պատգամավորի նկատմամբ: Սակայն պայքարը շարունակվելու է էլ ավելի թեժ, և եկող քառօրյա նիստին ներկայացվելու է օրենքի նոր նախագիծ, տեսնենք ինչպես է իշխանությունը բացահայտ դեմ քվեարկելու: P.S. Ի դեպ ԴԱՀԿ որոշումը ստորագրված է կատարող Արմեն Պետրոսյանի կողմից: Խորհուրդ է տրվում նրան ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, որը խախտող յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու», – գրել է նա:




Լրահոս