Ադրբեջանում ոչ թե հերոս են դաստիարակում, այլ՝ մարդասպան. Միքայել Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զինված ուժերի ծառայողները երեկ իրականացրել են այն առաքելությունը, որը պետք է անեին: Armlur.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ՀՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ, Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, ում խոսքով՝ մեր տղաները դժվարին իրավիճակից պատվով են դուրս եկել և կարողացել են պատասխանատու և դժվարագույն առաջադրանքն անսխալ իրականացնել:

«Ես միշտ էլ ասել եմ, որ մերոնք պատասխան հարված կտան մեր հակառակորդին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հարցին լուծում տալ: Եվ կասեմ, որ մեր տղաները հերոսական քայլի են դիմել՝ անկման վայրից դուրս բերելով մեր զոհված օդաչուների դիակները: Տղաներին պետք է ասել՝ կեցցե՛ք, ապրե՛ք: Նրանք հաջող կատարեցին առաջադրանքը՝ առանց կորուստների ու սխալների»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն լուրերին, թե ադրբեջանական բրիգադի հրամանատար է պաշտոնանկ արվել, իսկ հայկական ուղղաթիռը կործանած զինծառայողները պարգևատրվել են, Միքայել Հարությունյանը նկատեց, որ նման քաղաքականությունն ու սերնդին դաստիարակելու այդպիսի մոտեցումն է ադրբեջանցուն հարիր:

«Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք կարող են կացնահարել մեր սպային, իսկ կացնահարողին հերոսի կոչում տալ: Դա նրանց այդպիսի անշնորհակալ աշխատանքն է: Ես կասեմ, որ նրանք այդկերպ իրենց երեխաներին դարձնում են ոչ թե հերոս, այլ՝ մարդասպան: Իսկ այդ մարդասպանները հետագայում կկացնահարեն հենց իրենց սպաներին»,- եզրափակեց Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:

Հակառակորդի կողմից ուղղաթիռի կորանման հետևանքով զոհված մեր սպաների դիերը 10 օր անց մարտական խնդրի իրականացման արդյունքում հայկական կողմը կարողացել է տարհանել: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:




Լրահոս