Վարկերի մարումն ուշացնելու պատճառով հաշմանդամին ազատազրկում է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բորիկ Կոստանյանը խորհրդային տարիներին բնակվել է Բյուրեղավանում, որպես բժիշկ աշխատել Երեւանի տարբեր բուժհիմնարկներում: 1989թ. վերջին հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի կողմից, որպես բժիշկ-կոնսուլտանտ, ուղարկվել է Շահումյանի շրջան: 1991թ. մարտի 25-ին՝ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու ժամանակ, արկի պայթյունից ծանր վիրավորվել է, կոնտուզիա ստացել, դարձել հաշմանդամ:

1991-ին ամուսնալուծվելով՝ առանց գրացվելու բնակություն է հաստատել հայրենի Սարիգյուղում, չամուսնացած քրոջ՝ Ամալյայի հետ, վերջինիս ժառանգած հայրական տանը: Բ. Կոստանյանը Գետաշենից 300 փախստականների սննդի եւ հագուստի աջակցություն է տրամադրել, բուժօգնություն՝ Ոսկեպարում վիրավորվածներին: Նա մեզ ցույց տվեց Ադրբեջանից փախստականներին տոննաներով շաքարավազի, հազարավոր տուփ պահածոների բաշխման վերաբերյալ փաստաթղթեր: 1991թ. Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթը դրվատանքով է գրել Բ. Կոստանյանի բարեգործությունների մասին: Վերջինս ուլտրաձայնային հետազոտության սարքով հարյուրավոր մարդկանց զննել է, ստացված հասույթը՝ 42 հազար ռուբլի, փոխանցել Նոյեմբերյանի «Օջախ» բարեգործական կազմակերպությանը:

2006թ. Բ. Կոստանյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, 2012-ին՝ ՊՆ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակը», 2014-ին՝ «Ծովակալ Իսակով» մեդալներով: Ստացած վերքերից տարիների ընթացքում նրա առողջությունը վատթարացել է: 2005թ. նա ճանաչվել է 3-րդ խմբի զինվորական հաշմանդամ, 2007-ին՝ ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ: 2008 թ. որպես 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ՝ դիմել է բնակարան ստանալու համար: Կոստանյանը համոզված է՝ դա պատճառ է դարձել, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն օրենքի խախտումով 2011թ. հոկտեմբերի 24-ին «իջեցնի» իր հաշմանդամության խումբը՝ ճանաչելով որպես ընդհանուր հիմունքներով 3-րդ խմբի հաշմանդամ: Նա հանձնաժողովի այդ որոշումը բողոքարկել է վարչական դատարան: Դատական գործընթացը տեւել է 2 տարի 8 ամիս: 2014թ. փետրվարի 17-ից Բ. Կոստանյանը վերստին ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ է :

Սակայն այս ամենի հետեւանքով ունեցած ծանր ապրումներից նա հիվանդացել է շաքարախտով, ստացել սրտամկանի կաթված, տառապում է ընկնավորությամբ, նաեւ վատացել են լսողությունը եւ տեսողությունը: Այդ պատճառով 2013թ. մարտի 20-ին նա զրկվել է Սարիգյուղի դպրոցում ուսուցչի աշխատանքից: Որպես 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ՝ նա 68.800 դրամ թոշակ էր ստանում, որպես 3-րդ խմբի հաշմանդամ՝ 28 հազար: Կորցրած առողջությունը վերականգնելու, դեղորայք գնելու համար նա 4 անգամ վարկ է վերցրել: Սկզբում պարտաճանաչ մարել է վարկային պարտավարությունները, սակայն ուսուցչի աշխատանքը կորցնելով՝ հայտնվել է դժվարին վիճակում:

Այժմ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, ընդդեմ 65-ամյա Բորիկ Կոստանյանի, գումարի բռնագանձման պահանջով քննվում է 4 գործ՝ 2-ը «Արեգակ» վարկային կազմակերպության, մեկական՝ «Արդշինինվեստբանկ» եւ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկերի հայցերով:

Ոսկան Սարգսյան




Լրահոս