ԵՏՄ-ն կհեշտացնի՞ հայ միգրանտների դժվարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանի Դաշնությունում կբարելավվի հայ միգրանտների կարգավիճակը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ:

Նշենք, որ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է Մաքսային միության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի ժամկետով աշխատել ՌԴ-ի տարածքում: Բայց այդ կարգը կգործի 2015 թվականի հունվարի 1-ից:

-Պարո’ն Եգանյան, պարբերաբար խոսվում է Ռուսաստանի Դաշնությունում հայ միգրանտների աշխատանքի անցնելու կարգի դյուրացման մասին: Այս առումով ի՞նչ փոփոխություններ կան:

-Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը սկսում է գործել 2015 թվականի հունվարի 1-ից, եւ սրանով ամեն ինչ ասված է:

-Դուք ռուսաստանյան Ձեր գործընկերների հետ մշտապես բանակցությունների մեջ եք այդ պայմանները բարելավելու նպատակով: Հնարավորությունների մեծացման հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել հունվարի1-ից հետո:

-ԵՏՄ-ի կողմից սահմանված է միասնական աշխատանքային շուկա այն բոլոր չորս երկրների քաղաքացիների համար, որոնք կանդամակցեն այդ կառույցին: Այսինքն` եթե Հայաստանի քաղաքացին գտնվի կա՚մ Ռուսաստանի Դաշնությունում, կա՚մ Ղազախստանում, կա՚մ Բելոռուսիայում, ապա այդ երկրների քաղաքացիների նման կունենա համահավասար իրավունք՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելիս:

-Հայկական անձնագիր ունենալը բավարար կլինի՞ ուղիղ աշխատանքի անցնելու համար:

-Լրացուցիչ աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու կարիք այլեւս չի լինելու: Փաստաթղթեր ներկայացնելու, պետական վճարում կատարելու կարիք նույնպես չի լինի:

-Մեզ մոտ օրենքը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ ՌԴ-ում՝ օրենքը կա, բայց ուշ է կիրառվում: Դուք նման տեխնիկական քաշքշուկները բացառո՞ւմ եք:

-Ես խոսում եմ աշխատանքային միգրանտների պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին: Սա միջազգային փաստաթղթի` ԵՏՄ-ի մասին է, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու: Ստորագրած բոլոր պետությունները կկիրարկեն այս դրույթներն իրենց տարածքներում: Ռուսաստանն իր մասով, Բելառուսը՝ իր, Ղազախստանը՝ իր:

-Արգելքների հետ կապված` Դուք մշտապես հայտարարում եք, որ դրանք վերացնելու ուղղությամբ բանակցում եք: Որոշակի արդյունքներ կա՞ն: Վերջին տվյալները կներկայացնե՞ք:

-Տվյալների մասին առաջիկայում կհրապարակվի: Մինչեւ 3.000 քաղաքացի կա, որոնց օգնում ենք փաստաթղթերի հարցով: Դրանք տրամադրվում են արտաքին գործերի նախարարությանը, ապա՝ ՌԴ-ի միգրացիոն ծառայությանը:

-Իսկ Ռուսաստանի Դաշնությունը «մեծահոգաբար» շարունակո՞ւմ է այդ գործընթացը:

-Այո, իհարկե, իրականացնում է: Մենք մշտապես իրենցից իրազեկումներ ենք ստանում:

-Հնարավո՞ր է` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո համատարած համաներում հայտարարվի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ-ի տարածք:

-Ոչ, ես մշտապես ասել եմ, որ ԵՏՄ-ն դրան չի վերաբերում: Սա անկանոն միգրացիայի հարց է, իսկ ԵՏՄ-ն վերաբերում է աշխատանքային միգրացիայի բնագավառին եւ սահմանվում է, որ միասնական աշխատանքային շուկա պետք է լինի: Բայց անձը որտեղ էլ որ լինի, ԵՏՄ-ի պարագայում նույնպես միգրացիոն օրենքները պետք է ապահովի եւ պահպանի: Հակառակ պարագայում՝ ապագայում, անգամ 90 օրից ավել աշխատանքային գործունեության պայմանագիր չունենալու դեպքում, խնդիր կունենա: Դա Հայաստանում էլ է պարտադիր: Իսկ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար պայմանագիր է պետք:

-Բայց գաղտնիք չէ, որ շատ դեպքերում բանավոր պայմանավորվածության հիման վրա են գործատու-աշխատող հարաբերությունները կարգավորվում:

-Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ դա համարվում է անօրինական աշխատանքային գործունեություն:

-Ռուսաստանում գոյություն ունի՞ պայմանագրի նվազագույն եւ առավելագույն ժամկետ: Օրինակ` քաղաքացին կարո՞ղ է գնալ, հինգ տարով պայմանագիր կնքել, եւ խնդիրը համարել լուծված:

-Այո՚, Ռուսաստանի օրենսդրությունը պայմանագրի տեւողության ժամկետները չի սահմանափակում: Սա կախված է աշխատողի եւ գործատուի հարաբերություններից:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս