«Զվարթնոց»-ի հին շենքի ճակատագիրը դեռ անորոշ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագիրը տեւական ժամանակ է՝ անհանգստացնում է ճարտարապետներին, քաղաքացիներին եւ մշակութային արժեքների նկատմամբ բոլոր սրտացավ մարդկանց: «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն դեւեւս մեկ տարի առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում ռեսուրսներ տրամադրել օդանավակայանի հին՝ կլոր շենքի պահպանության համար եւ պատասխանատվություն չի կրելու որեւէ վթարի դեպքում:

Օրեր առաջ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն էր հայտնել այն առնչությամբ, որ բարձրացվել էր էստակադան քանդելու հարցը: Նրա խոսքով, սովորաբար, երբ շենքի մի մասը քանդվում է, կործանվում է նաեւ մյուս մասը: Ճարտարապետը հույս էր հայտնել, որ շենքի սեփականատերերը, ի վերջո, կփրկեն այն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տասնամյակներ առաջ կառուցված շինությունը խորհրդային տարիներին ընդգրկված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում եւ այն սովետական մոդեռնիստական շենքերի մեջ համարվում էր լավագույնը, «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե շենքին սպառնացող խնդրի շուրջ ինչ է մտածում ՀՀ մշակույթի նախարարությունը:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը նշեց, որ օդանավակայանի շենքը պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, ուստի, մեծ հաշվով, այդ խնդիրն իրենց հետ առնչություն չունի. «Այնուամենայնիվ, մեզ էլ է մտահոգում այդ հարցը: Իմ ունեցած վերջին տվյալների համաձայն՝ շենքի սեփականատերը, այսինքն՝ օգտագործողը, խոստացել է, որ չի քանդելու կառույցը»,-տեղեկացրեց նա:

Իսկ ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպասում են՝ կոնցեսիոները ներկայացնի իր առաջարկությունը. «Վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք իրենց առաջարկի մեջ հաշվի առնեն շենքի կարեւոր նշանակությունն ու պահպանմանն առնչվող խնդիրները: Երբ որ կլինի առաջարկը, այն մեր մասնագետների հետ կդրվի քննարկման, մեր կողմից եւս կլինեն առաջարկներ, որպեսզի այս հարցը հիմնավորապես լուծվի»,-նշեց նա՝ հույս հայտնելով, որ դիմացինը համարժեք կերպով հաշվի կառնի իրենց ասածի կարեւորությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս