Ջերմոցային տնտեսությունները շարունակում են փակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի մոտ թյուր կարծիք է ձեւավորված, թե ջերմոցային տնտեսությունը հսկայական եկամուտ է ապահովում, սակայն իրականում, ցավոք, ճիշտ հակառակն է: Այն մեծ ծախսեր է պահանջում, իսկ տանջանքն էլ ներկայիս պայմաններում կրկնակի է: Բացի այս՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մարդիկ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կրկին հայտնվել են անելանելի դրության մեջ. բանն այն է, որ նախորդ տարվա սաստիկ ձմռան պատճառով սպառած գազի դիմաց կուտակված պարտքերը նրանք դեռ չեն մարել, ինչի արդյունքում այսօր նրանց ջերմատների գազամատակարարումն անջատված է: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ մի կերպ չի ցանկանում զիջել տնտեսվարողներին:

Մարդիկ տարբեր բանկերից եւ վարկային կազմակերպություններից պարտքեր են անում, որպեսզի կարողանան ջերմոցի համար նախատեսված պոլիէթիլենային ծածկեր, սերմեր, պարարտանյութ ձեռք բերել, սակայն տեւական ժամանակ չեն կարողանում իրենց պարտքերը մարել:
«Ժողովուրդ»-ը «Ջերմատնային ասոցիացիա»-ի տնօրեն Պողոս Գեւորգյանից տեղեկացավ, որ այս օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից (նրանք, ովքեր պարտք չունեն ընկերությանը) նախապես պահանջում են կանխավճար՝ ջերմատների գազամատակարարումը միացնելու համար: «Բոլորը զբաղված են գումար փնտրելով, որպեսզի տանեն ու գազի մատակարարման համար կանխավճար մուծեն: Նախապես պետք է կանխավճարը տան, որ գազը միացնեն: Թե չէ չեն միացնի: Նրանց գերակշիռ մասը չի կարողանում վճարումներն անել, ինչի համար էլ միացված չէ գազամատակարարումը: Խեղճերը բույսը ցանել են, այն արդեն կլինի մոտ 10 սմ, հիմա ջեռուցումն անհրաժեշտ է, բայց չեն կարողանում դա ապահովել: Գումար չկա»,- մտահոգվեց Գեւորգյանը:

Բացի այս՝ կան նաեւ տնտեսվարողներ, որոնց ջերմատների գազամատակարարումն անջատված է՝ նախորդ տարվա սպառած գազի վարձավճարը չմուծելու համար:
Խանում Գալստյանի 6.000 քմ ջերմատունը գտնվում է «ՏԷՑ-ի կռուգ»-ի հարակից տարածքում: Նրա ջերմատան գազամատակարարումն անջատված է, քանի որ 20 մլն դրամ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:
«Նախորդ տարի վնասներ կրեցինք ե՛ւ եղանակային վատ պայմանների, ե՛ւ լոլիկի ցեց կոչված հիվանդության պատճառով: Եւ չկարողացանք բերքը վաճառել: Լոլիկի մշակությամբ էինք զբաղվում, բայց չկարողացանք այդ հիվանդության դեմն առնել: Հետո սաստիկ ցուրտ ձմեռ արեց նախորդ տարի: Դրա համար պարտքեր կուտակեցինք: Այս ամենի հետեւանքով մենք մեծ կորուստներ կրեցինք»,- ներկայացրեց տիկին Խանումը:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ այս պարտքերից ազատվելու նպատակով ստիպված վաճառքի են հանել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող իրենց բնակարանը: Եկամտի այլ աղբյուր չունեցող այս ընտանիքը բնակարանը վաճառելուց հետո մտադիր է նորից զբաղվել ջերմոցային տնտեսությամբ:
«Ես ինքս մի նամակ եմ գրել՝ ուղղված «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենին, սակայն համոզված եմ, որ նա չի զիջելու: Դրա համար էլ չեմ ուղարկել: Մենք կարող ենք աշխատել, եթե զիջեն, մենք կաշխատենք ու կմարենք այդ պարտքերը»,- նշեց տիկին Խանումը:
Անցած տարվա գազի թանկացման եւ աննախադեպ ցուրտ եղանակային պայմանների հետեւանքով մի քանի տասնյակ տնտեսվարողներ, ջերմատներից եկամուտ չստանալու պատճառով, դրանք գրավադրել են հայաստանյան բանկերում: Այսպիսի մի օրինակ է Աշոտ Ռուբենյանը, ով իր ջերմատները գրավադրելուց հետո չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները: Այժմ Ռուբենյանի ջերմատներով զբաղվում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն. դրանք աճուրդի են հանված:
Մինչդեռ Աշոտ Ռուբենյանը տասը տարուց ավել ջերմոցային տնտեսությամբ է զբաղվել: «Վարդեր էի աճեցնում: Ուղղակի դժվարություններ առաջ եկան, այս պատճառով էլ չկարողացա շարունակել: Փորձում եմ գրավադրումից հանել, բայց այս պահին դեռ գումար չկա: Այն ներդրումը, որը կատարել եմ այս ջերմոցները ստեղծելու համար, հիմա դրա կես չափով է վաճառվում: Ափսոսում եմ, որ մեկ այլ մարդ կգա ու այն կվայելի»,-հուսահատված նկատեց Ռուբենյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԴԱՀԿ-ն մի քանի այլ տնտեսվարողների ջերմատներ էլ է աճուրդի հանել:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում մշակվեց գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգ: Ըստ դրա՝ մինչեւ 1.000 քառ. մետր տարածքում տնտեսվարողները նոր՝ հեշտացված կարգով կարող են ջերմոցային տնտեսություն հիմնել, իսկ 1.000 քառ. մետրից ավել տարածք զբաղեցնելու դեպքում նոր պետք է համապատասխանեցնեն որոշ չափանիշների: Այս հայեցակարգի հետ կապված` նախկին վարչապետը հույս էր հայտնել, որ այն խթանելու է ՓՄՁ-ների զարգացումը եւ նպաստելու է աշխատատեղերի բացմանը:

Սակայն Սարգսյանի այս կանխատեսումներն իրականություն չդարձան: Հակառակը՝ զարգանալու փոխարեն այսօր ՀՀ-ում ջերմոցային տնտեսություններն աստիճանաբար փակվում են պետական աջակցության բացակայության պայմաններում:
Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախկինում համանման խնդիրների առնչությամբ հայտարարել էր, որ չի կարող միջամտել երկու տնտեսվարողների հարաբերություններին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս