45 տարվա խաչքարագործը պարգևատրվեց միայն այս տարի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

45 տարվա խաչքարագործ, վանաձորաբնակ Սերգեյ Դանիելյանը միայն այս տարի վերջապես իր վաստակի համար Անկախության տոնին հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվեց երախտագիտության մեդալով: Ինչպես ինքը՝ 70-ամյա վարպետն է ասում. «Մի քիչ ուշ, բայց ոնց ասում են՝ լավ ա ուշ, քան երբեք: Իմ աշխատանքի համար շուտվանից ներկայացրել էին կոչման, բայց, դե, ընդեղ մենք պրովինցիա ենք, էլի, մեզ ով է նայում, սաղ մենակ՝ Երեւան, Երեւան:

Ասենք՝ 10 հոգու պետք է կոչում տան, 50 հոգի ներկայացված են, բոլորը երեւանցիներին են տալիս: Ես շուտվանից ներկայացված եմ վաստակավորի, վերցրին մեդալ տվեցին»,-ասում է խաչքարագործը:

1981 թվականին Սերգեյ Դանիելյանը համամիութենական ցուցահանդեսում ոսկե մեդալի է արժանացել, 2000-ին՝ «Լոռվա ասպետ» կոչման, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի քաղաքապետարանի ոսկե մեդալակիր է, Հունաստանի Սալոնիկ քաղաքի պատվավոր քաղաքացի, բայց Վանաձորի՝ ոչ, չնայած ողջ կյանքն ապրել ու ստեղծագործել է Վանաձորում: Այն դեպքում, երբ համայնքի ավագանու վերջին նիստերից մեկում փակ, գաղտնի քվեարկությամբ «Վանաձորի պատվավոր քաղաքացի» դարձած, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հայկազ Իգիթյանը, ազատ ըմբշամարտի մարզիչ Արամ Խանզադյանը, Ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, Երկրապահ կամավորների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, ոչ բոլորն էին ծանոթ ավագանու անդամներին, նրանց առանձնահատուկ վաստակի մասին վկայող փաստաթղթերն էլ բացակայում էին: Վերջին տարիներին քաղաքապետարան ներկայացված մի շարք միջնորդություններից միայն մեկն է ընդունվել, եւ 2011-ին «Վանաձորի պատվավոր քաղաքացու» կոչումը շնորհվել է Ռալֆ Յիրիկյանին:

Ձեռքի աշխատանքը Եվրոպայում եւ առհասարակ ամբողջ աշխարհում արդեն վերացող երեւույթ է: Ու նաեւ այս պատճառով արտերկրում այն թանկ է գնահատվում՝ ի տարբերություն Հայաստանի: «Գալիս են զբոսաշրջիկներ, գործ եմ անում, նայում են, զարմանում, ֆոտոխցիկը բերում են էս կողմ, էն կողմ, զուբիլը վերցնում են, նայում, ասում են՝ կթողնեք, մենք էլ խփենք, տալիս եմ, շատ հետաքրքիր է իրենց: Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում էլ քարը դրել էինք հրապարակում, հետեւը ֆրանսերեն-հայերեն տեքստ էի գրում, անցնող մարդիկ մեկ էլ տեսնում էին՝ ֆրանսերեն տառ է դուրս գալիս, նայում էին, փոխում էի մի հատ էլ, զարմանում էին: Որ Փարիզը, Ֆրանսիան արվեստի երկիր է, էսօրվա սերունդը շատ են զարմանում. ոնց կլինի տենց բան՝ խփես, մեկ էլ տառը դուրս գա տակից: Սովոր են՝ միայն համակարգչի դիմաց նստած՝ թըփ- թըփ, դրա համար էլ քանի գնում, գնահատվում է»,-ասում է խաչքարագործը:

Սերգեյ Դանիելյանը 500-ից ավել խաչքարերի հեղինակ է, որոնցից 108-ը արտասահմանյան 15 երկրներում են կանգնեցված: 90-ականներին վարպետն ինքն էր խաչքարերը երկրից դուրս տանում դժվարությամբ, չէին թողնում սահմանն անցկացնել, սկզբում՝ Գերմանիա, հետո նաեւ՝ Ֆրանսիա, Շվեդիա, Հունաստան: Այնուհետեւ նրա ճանաչումն արտասահմանում մեծացավ, եւ պատվիրատուներն արդեն իրենք էին դիմում, հատկապես հայկական համայնքներից, քանի որ հայերի մոտ, որտեղ էլ լինեն, օրենք է՝ եկեղեցի կառուցելիս անպայման խաչքար են կանգնեցնում: Այժմ էլ պատվերները հիմնականում արտերկրի հայկական համայնքներից են: Դրսում գործը, վարպետի խոսքով, տասն անգամ թանկ է, բայց իր խաչքարի հայաստանյան գները նույնն են ամբողջ աշխարհում՝ 2-2,5 հազար դոլար, մեծերը՝ մինչեւ 5.000 դոլար:

7-i verev 2

7-i verev
Ադրինե Թորոսյան




Լրահոս