Ահազանգ. Շնող գետի ջրերն աղտոտված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` ՀՀ Լոռու մարզի Շնող գետի աղտոտվածության վիճակը 5-րդ դասի է: Այս փաստը լրջորեն անհանգստացնում է բնապահպաններին: Նրանց խոսքով՝ գետը գտնվում է աղետալի վիճակում: Մասնագետների պնդմամբ՝ Շնող գետի աղտոտվածության նման աստիճան մինչ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը երբեւէ չի գրանցվել:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով. «Ցավոք, իմ ձեռքի տակ փաստացի ուսումնասիրություններ չկան մոլիբդենի հետ կապված: Բայց ես Ձեզ տեղեկացնեմ, որ այնտեղ կարող է հանգիստ մոլիբդեն լինել: Քանի որ այնտեղ, որտեղ հանքավայր են փորձում շահագործել, ե՛ւ մոլիբդեն, ե՛ւ պղինձ, ե՛ւ այլ տարրեր են պարունակվում»:

Տեղեկացնենք, որ Շնող գետից օգտվում են ոչ միայն Շնող համայնքի, այլեւ Թեղուտի բնակիչները: Ահազանգող բնապահպանները պնդում են, որ գետի աղտոտվածությունը պայմանավորված է մոլիբդենի արտահոսքով: Մինչդեռ տեղի իշխանությունները մատնանշում են այլ պատճառ:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանի հետ եւ նրանից տեղեկացավ, որ մոտ երկու տարի է, ինչ այս խնդիրը կա: Համայնքապետը շտապեց հավաստիացնել, որ գետի աղտոտվածությունն այդքան էլ մեծ չէ, եւ դրանից համայնքն էական վնասներ չի կրում:

«Սա ամենագլխավոր թեման էր Շնողի համայնքապետարանի եւ Թեղուտի հանքավայրի ներկայացուցիչների հանդիպմանը: Իհարկե, ինձ անհանգստացնում է այս խնդիրը, բայց դա ոչ թե հանքարդյունաբերության, մասնավորապես մոլիբդենի հետ է կապված, այլ ավազի հանքի, որը գործում է Շնող գետի ափին: Նրանք գետի հունից խճաքարեր են հանում, լվանում են, վերամշակում, բայց դրանից առաջացած կեղտաջրերը թափվում են Շնող գետ:

Այս պահին Թեղուտ համայնքի բնակիչները դրանից չեն վնասվում: Դա հիմնականում շնողեցիներին է վնաս հասցնում: Իհարկե, իրենք այնպես պետք է շահագործեին ավազահանքը, որ դա չլիներ: Նրանք մաքրման կայաններ են ստեղծել տեղում, որ դրանից խուսափեն, սակայն այդ կայանները լավ չեն աշխատում: Բացի այս՝ դա բավարար միջոցառում չէ, եւ դրական արդյունք չի տալիս: Իհարկե, ես չեմ պաշտպանում այդ ավազի հանքերի տնօրինության շահերը, բայց այդ կեղտաջրերի պատճառած վնասն այն չափի չի հասնում, որի համար կարելի է անհանգստանալ կամ մտահոգվել»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց

համայնքապետը:Միեւնույն ժամանակ Սահակյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համագյուղացիներն իրենց այգիները Շնող գետի ջրով չեն ջրում, քանի որ այն ոռոգման համար պիտանի չէ:

«Ժողովուրդ»-ը գյուղապետից հետաքրքրվեց, թե այդ դեպքում Շնողի բնակիչներն ինչպես են ոռոգում իրենց այգիները: «Դեռ խորհրդային տարիներին մենք 460 եւ ավել հեկտար այգիներ ենք ունեցել, բայց հիմա դրա 10 տոկոսն էլ նույնիսկ չի մնացել: Մարդիկ այն ցուրտ եւ մութ տարիներին չգիտեին ինչ անել, ստիպված իրենց այգիները կտրեցին ու վառեցին»,- հիշեց գյուղապետը: Նրա խոսքով՝ հիմա Թեղուտի հանքավայրի տնօրինությունն այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկում. ընկերության ներդրումների հաշվին առաջիկայում նոր այգիներ են տնկվելու:

Իսկ մեր այն հարցին, թե այդ նոր այգիների ոռոգման համար արդյո՞ք գյուղացիները կրկին Շնող գետից չեն օգտվելու, համայնքապետը պատասխանեց. «Մենք կօգտվենք ոչ թե Շնող գետից, այլ Դեբեդից: Իհարկե, Դեբեդի ջուրն էլ այդքան մաքուր չէ, բայց ինչ արած»:

«Ժողովուրդ»-ը գյուղապետից հետաքրքրվեց նաեւ, թե արդյո՞ք մեծ չափերով ավազ հանելու արդյունքում գետը չի փոխում իր հունը. «Գետի հունը միայն գարնան վարարումների արդյունքում է փոխվում, իսկ իրենք ավազը հանում են այնտեղից, որտեղով գետը նախկինում հոսել է»:

Ավազի հանքի սխալ շահագործմանը տեղյակ էր նաեւ բնապահպան Հ. Սանասարյանը: «Ավազի հանքի սեփականատերերն այլ տեղերից ավազ են բերում եւ լվանում են գետի մեջ: Եւ այդ ամբողջ աղտոտվածությունը լցվում է գետը: Հասկանում եք՝ «Վալեքս»-ը հանցագործություն է կատարում: Այնտեղ կենդանական աշխարհ չկա, մեռած է ամեն ինչ»,- լրացրեց բնապահպանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Վալեքս» ընկերության (որը շահագործում է Թեղուտի հանքավայրը) փիառի պատասխանատու Թագուհի Կարապետովնային, սակայն վերջինս խնդրեց գրավոր հարցում ուղարկել: Ինչը եւ մենք արեցինք:

Նշենք, որ «Վալեքս» ընկերությունների խումբը 320 մլն դոլար է ներդրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հետազոտման եւ մշակման գործում: Մինչդեռ բնապահպան Հակոբ Սանասարյանի հաշվարկներով՝ «Վալեքս» ընկերության կողմից կազմված նախագծում «Թեղուտ» հանքավայրի շահագործման հետեւանքով ՀՀ տնտեսությանը հասցվելիք գումարային վնասը կազմում է 2,07 մլրդ դրամ (4,6 մլն դոլար, նախագծում 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ է):

Իսկ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով անտառային հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, 1 հեկտարին՝ 100 մլն դրամ: Այն դեպքում, երբ, օրինակ, անծայրածիր հողատարածքներ ունեցող Ռուսաստանում հատուցումը յուրաքանչյուր հեկտարի հաշվով 2,6 մլն դոլար է, այսինքն՝ 10 անգամ ավելի շատ, քան սակավահող Հայաստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս