«Ինձ կյանք տվեք». պայքար պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։ «Հաղարծին» երիտասարդական հասարակական կազմակերպությունն «Ինձ կյանք տվեք» ծրագրի միջոցով վերարտադրողական տարիքի ընտանիքների շրջանում աշխատում է հղիության արհեստական ընդհատման և հատկապես սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքների մասին գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ծրագրի ղեկավար Լուսինե Արիստակեսյանը նշում է, որ «Հաղարծին» ՀԿ-ն տպագրել է թռուցիկներ, որոնց միջոցով տեղեկացնում են հղիության արհեստական ընդհատումների հետևանքով առաջացող խնդիրների մասին։
Թռուցիկներ բաժանվել են Երևանի 22 համաբուժարանների կանանց կոնսուլտացիաներում: Ընտրվել են հատկապես կանանց կոնսուլտացիաները, քանի որ դա հնարավորություն կտա ունենալ առավել հասանելիություն ռիսկի խմբերին, այն է՝ երկրորդ և ավելի հղիություններ ունեցող կանայք: Թռուցիկների հետ խտասկավառակների վրա ձայնագրվել և տարածվել է նաև սոցիալական հոլովակ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը։ Բժիշկները պատրաստակամություն են հայտնել թռուցիկները և հոլովակը տարածել նաև մարզերում։

Լուսինե Արիստակեսյանը նկատում է, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարում տեղեկատվական դաշտը բավականին հագեցած է, և ավելի շատ պետք է խստացվի այս խնդրին առնչվող օրենսդրական ոլորտը։

ՀԿ ներկայացուցիչները նկատում են, որ սեռով պայմանավորված աբորտները լուրջ խնդիր են ներկայացնում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այն կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների. առաջին հերթին կխաթարվի ժողովրդագրական պատկերը, վերջինս իր հերթին կբերի ամուսնությունների թվի կրճատման, ծնունդների թվի նվազման, խնդիրներ կառաջանան նաև տնտեսական, հասարակական և բարոյահոգեբանական ասպեկտներում:

«Ինձ կյանք տվեք» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս