Ինչ բացահայտվեց Դաստակերտի ղեկավարի չարաշահումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, ՍՊ ընկերության ներկայացուցիչ Բ.Աբրահամյանը 2007թ. ամռանը հանդիպել է Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար Ն.Ֆիլոսյանին, հայտնել ընկերության կողմից Դաստակերտ համայնքում հէկ կառուցելու նպատակի մասին՝ խնդրելով հողատարածք տրամադրել:

Վերջինս, հավանություն տալով առաջարկին, 2007թ. հունիսի 17-ին հրավիրել է համայնքի ավագանու նիստ և առաջարկել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2 հա հողը էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելու համար ՀՀ Կառավարությանը դիմելու մասին որոշում ընդունել, այնուհետև, հիմք ընդունելով ավագանու` նույն օրն ընդունած թիվ 8 որոշումը, հողի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Սյունիքի մարզպետարանի միջոցով դիմել է ՀՀ Կառավարություն:

Կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 125 որոշմամբ նշված հողատարածքի նշանակությունը փոխվել է։ Այդ մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է ՍՊ ընկերության ներկայացուցչին։ Ապա, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2008թ. ապրիլի 28-ին, խախտելով գործող օրենսդրության պահանջները՝ ըստ որի համայնքի ղեկավարը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բաժնեմասերի առք ու վաճառքի պայմանագրով գնել է տվյալ ՍՊ ընկերության 8% բաժնեմասը և դարձել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության մասնակից։ Իսկ 2008թ. մայիսի 4-ին հրավիրել է ավագանու նիստ և առաջարկել էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.2հա հողը ՍՊ ընկերությանն օտարելու մասին որոշում կայացնել, որից հետո, օգտագործելով համայնքի ղեկավարի իր լիազորությունները, նույն օրը որոշում է կայացրել և նշված հողն ուղղակի վաճառքով օտարել արդեն իսկ իր մասնակցությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը:

Հողատարածքում հէկ կառուցելու նպատակով համապատասխան լիցենզիա և քաղաքաշինական այլ փաստաթղթեր ձեռք չբերվելու պատճառով մինչև 2010թ. նշված հողատարածքում շինարարություն չի իրականացվել: Բ.Աբրահամյանը 2010թ. գարնանը խնդրել է Ն.Ֆիլոսյանին թույլատրել առանց շինարարության թույլտվության և քաղաքաշինական այլ փաստաթղթերի իրականացնել հէկի շինարարական աշխատանքներ` մինչ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելը, ինչը վերջինս թույլատրել է։ Ավելին՝ շինարարական աշխատանքներին ինքնակամ ներգրավել է քեռուն և Դաստակերտ համայնքի մի խումբ բնակիչների։ Ընկերությունը 2010-2012թթ. ընթացքում իրականացրել է հէկի ինքնակամ շինարարական աշխատանքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելու և շահադիտական դրդումներից ելնելով՝ իր ծառայողական պարտականությունը չկատարելու, այսինքն` էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.2հա հողն արդեն իսկ իր մասնակցությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու, ընկերության կողմից 2010-2012թթ. ընթացքում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքները չկանխարգելելու և չկասեցնելու, ընկերության նկատմամբ դիտավորությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները չկիրառելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու համար:
Քրեական գործը 2014թ. նոյեմբերի 24-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազին:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին:




Լրահոս