Ռուսաստանը թքած ունի Հայաստանի շահերի վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանն ինքնամոռաց նետվում է ԵՏՄ գիրկը, որի հետ ընդհանուր սահման չունի, եւ որի հետ հաղորդակցությունը կատարվելու է բացառապես Վրաստանի տարածքով, հերթական անգամ սրվում են Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները, եւ, որ ուշագրավ է, հերթական անգամ խաղարկվում է աբխազական երկաթուղու թեման:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները դեռեւս Բիձինա Իվանիշվիլիի` Վրաստանի վարչապետի կարգավիճակում 2013 թ. հունվարին Երեւան կատարած այցից հետո ոգեւորությամբ նշում էին, որ աբխազական երկաթուղու գործարկման համար ռեալ նախադրյալներ կան` հիմնվելով նույն Իվանիշվիլու տված խոստումների վրա: Բայց ինչպես տեսանք՝ այդ նախադրյալները Իվանիշվիլու «բարի ցանկությունից» այն կողմ չանցան: Իսկ արդեն նախօրեին Սոչիում Աբխազիայի նախագահի հետ դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումից հետո Վլադիմիր Պուտինի կողմից Սուխում-Թբիլիսի-Երեւան երկաթուղու գործարկման հնարավորության մասին հայտարարությանը հետեւած վրացական կողմի արձագանքը ցույց տվեց, որ այդ հարցի լուծումը դեռեւս շատ մեծ սարերի հետեւում է:

Սա նշանակում է, որ ինչքան էլ իշխանական տնտեսագետներն ու տարատեսակ փորձագետները պնդեն, թե ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի տնտեսությունը մեծ քայլերով առաջ կգնա, ակնհայտ է, որ դա չի կարող տեղի ունենալ շատ պարզ` էժան տրանսպորտային հաղորդակցուղու բացակայության պատճառով:
Իսկ անցած շաբաթ էլ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի` Իրան կատարած այցելության ընթացքում հայտարարվեց, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Իրանից դեպի Ադրբեջան, ապա դեպի Ռուսաստան երկաթուղի կառուցել` այդ նպատակով ծախսելով 200 միլիոն դոլար: Սա ցույց է տալիս,որ Ռուսաստանը չի պատրաստվում աբխազական երկաթուղու վերագործարկման համար որեւէ զիջման գնալ Վրաստանին՝ դրա փոխարեն գերադասելով ձեռնամուխ լինել նոր` Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցմանը:

Եվ այստեղ, ինչպես միշտ, ռուսներին առանձնապես չի հուզում այն, որ անտեսվում են Հայաստանի շահերը, եւ խափանվում է ՀՀ տնտեսական մեկուսացումը թեթեւացնելու ամենամեծ հնարավորությունը: Ռուսներին Հայաստանը պետք է որպես տարածք` ֆորպոստ, եւ ՀՀ տնտեսության զարգացվածության աստիճանն էլ բավարար է պահել այն մակարդկում, որ մենք կարողանանք մեր պետական բյուջեի հաշվին պահել ռուսական ռազմաբազան` հոգալով դրա ծախսերը:

Դեռ լավ է, որ Վրաստանում մենք ունենք Ջավախք, որի գործոնը օգտագործելով` պարբերաբար կարողանում ենք հարեւան Վրաստանից ինչ-ինչ զիջումներ կորզել, այդ թվում եւ` ազատ առեւտրի առկա ռեժիմի շարունակություն` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

Իսկ թե ինչ ռեժիմով եւ ինչպես է իրականացվելու ԵՏՄ անդամ երկրներից եւ հատկապես՝ Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների ներմուծումը, այդ հարցը դեռեւս մնում է բաց:




Լրահոս