Ինչու փոխնախարարի մոտ չստացվեց նախագծերն անցկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի վրա Աժ պատգամավորները, այդ թվում եւ` ՀՀԿ-ական, վրդովել էին: Նրանցից մի քանիսն անգամ բանավիճում էին Արսեն Մկրտչյանի հետ, ով չէր էլ փորձում սիրաշահել իշխանական պատգամավորներին: Բանն այնտեղ էր հասել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի էին տվել, եւ նա լքել էր նիստերի դահլիճը:

Նշենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում էր կարգավորել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալները մշակելու եւ պահպանելու կարգն ու պայմանները: ԱԺ վերջին արտահերթ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին չհաջողվեց «անցկացնել» ինչպես այս, այնպես էլ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչը ոչ իշխանական ուժերը ծափերով ողջունեցին:

Նախագծերի այս տապալումը ՀՀԿ-ականներից շատերը որակում էին որպես Ա. Մկրտչյանի «ձախողում», քանի որ, ըստ նրանց, փոխնախարարը չկարողացավ արժանահավատ կերպով ներկայացնել նախագծերը, որպեսզի խորհրդարանն այն ընդուներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի հետ` պարզելու համար նրա վերաբերմունքը իր հասցեին հնչող քննադատության շուրջ:

-Պարո՛ն Մկրտչյան, Աժ վերջին արտահերթ նստաշրջանի ժամանակ Ձեր կողմից ներկայացված երկու նախագիծ չընդունվեց, ավելին` դրանց քննարկումների ընթացքում Դուք հայտնվեցիք բուռն քննադատությունների թիրախում: Ինչո՞ւ, ի վերջո, Ձեզ չհաջողվեց նախագծերն «անցկացնել», պատճառը Ձեր ներկայացման ձե՞ւն էր, թե՞ նախագծերում առկա թերությունները:

-Պատճառը չգիտեմ, համենայնդեպս օրենքի նախագծի քննարկումների փուլն ու նախագծի աշխատանքային փուլը բավականին թափանցիկ է անցել, ու թերեւս նախագիծն իր կարգավորումների առումով բազմաթիվ… ե՛ւ պրոֆեսիոնալների, ե՛ւ մասնագիտական քննարկումների շարք է անցել, այդ թվում նաեւ՝ Ազգային ժողովում: Ինձ համար մի փոքր տարօրինակ է, եթե նախագծի վերաբերյալ կար թյուրընկալում կամ թյուրըմբռնում, ապա Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ կարծիքներ են փոխանակվում, լրամշակումներ են կատարվում: Համենայնդեպս, սա նոր օրենք էր, ինքն իր կարգավորման տեսանկյունից բավականին համընդգրկուն ոլորտ կարգավորող օրենք էր, բնականաբար ողջամիտ է, որ Ազգային ժողովում կարող են լինել ցանկացած քննարկում, ցանկացած առաջարկներ: Ես ինքս եմ հայտարարել, որ մենք բաց ենք ցանկացած քննարկման համար:

-Իսկ Դուք ինքներդ գո՞հ էիք այն նախագծերից, որոնք ներկայացնում էիք, անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները չէին կարողանում թաքցնել իրենց բացասական վերաբերմունքն անձնական տվյալների հետ կապված նախագծի վերաբերյալ:

-Ես չգիտեմ՝ հանրապետական կուսակցությունը բողոքել է, թե ոչ: Ես չգիտեմ, թե Ձեր տեղեկատվության աղբյուրը որտեղից է, բայց, համենայնդեպս, ես նշեցի, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, որտեղ բավականին մեծ աշխատանք է կատարվել նաեւ նախագծի հետ: Մենք երբեւէ նախագծի առումով որեւէ պնդում չենք արել, որ նախագիծն այսպիսին է… նախագիծը բերվել էր բացարձակ որակի, եւ համազեկուցողը նույնպես այս թեմայի շուրջ այդ կարգավորումների մասին խոսեց: Բայց մենք ունենք մի ոլորտ, որտեղ իրավունքների մի ամբողջ ծավալ թերեւս այսօր պաշտպանված չէ, ու այդ նախագիծն ուղղված էր հենց մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանությանը: Իրականում թյուրընկալումներ կային, թե մարմինն ինչպիսի մարմին է եւ այլն:

-Լավ, եթե ամեն ինչ քննարկվել էր հանձնաժողովում, ու ամեն ինչ պարզ էր, ինչո՞ւ այդ դեպքում պատգամավորները նման կերպ արձագանքեցին Ձեր կողմից ներկայացված նախագծին: Գուցե՞ դա Ձեր անձի հետ էր կապված:

-Ես չգիտեմ՝ Ձեր տպավորություններն ու ընկալումներն ինչպիսին էին, ես Ազգային ժողովում հարցը ներկայացնելու ժամանակ փորձել եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել, որպեսզի իրենց մոտ հարց չառաջանա՝ ելնելով օրենքի կարգավորման շրջանակից: Դա Ազգային ժողով է, քննարկումներ են, ու մի զարմացեք, որ քննարկումները կարող են նաեւ այդպիսին լինել:

-Ի դեպ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ անձամբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի ներկայացնում նախագիծը, ընդդիմադիր պատգամավորների հետ խնդիրներ ունե՞ք:

-Ես, իհարկե, գուշակություններ չեմ կարող անել, Կառավարությունը որոշել էր ներկայացուցիչ նշանակել, ու Կառավարության ներկայացուցիչը հանդիսանում էր արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

-Իսկ հաջորդ անգամ այս նախագիծը էլի Դո՞ւք կներկայացնեք ԱԺ-ին:

-Դա կլինի Կառավարության որշումը, եթե որոշի, իհարկե:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս