Դրամի իրական արժեզրկումը կսկսվի Ամանորից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միշտ էլ կարելի է կանխատեսել արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումները: Անդրադառնալով դոլարի փոխարժեքի կտրուկ աճին՝ Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:

«Կարելի է զուգահեռներ տանել 1998թ. ռուսական ռուբլու անկման հետ: Այդ ժամանակ էլ արտաքին գործոնի ազդեցությամբ ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով հայկական դրամի փոխարժեքը ևս անկում ապրեց: Դա կապված է այն իրողության հետ, որ մեր տնտեսությունը մեծ չափերով է ինտեգրված Ռուսաստանի տնտեսությանը: Մակրոտնտեսական մի շատ կարևոր կոնսուլատ գոյություն ունի, ըստ որի՝ մեծ երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող շոկերն անպայմանորեն ազդում են փոքր պետության տնտեսության վրա, և առաջին փաստարկն այն է, որ կապված լինելով այդ տնտեսության հետ` Հայաստանում իրավիճակը հենց այնպիսին պետք է լիներ, ինչպիսին կա», – ընդգծեց նա:

Տնտեսագետի խոսքով` այս ամենը հասկանալու համար զուտ տնտեսագիտական վերլուծություններ են անհրաժեշտ: Զ. Թադևոսյանը նշեց, որ նման վերլուծությունները Կենտրոնական բանկի համար որևէ դժվարություն չեն ներկայացնում: Մեր այն հարցին, թե տնտեսագետի կարծիքով՝ դեռ որքան կշարունակվի դոլարի շուրջ ստեղծված իրավիճակը, նա նշեց.

«Առայժմ չի շարունակվի, փոքր աննշան տատանումներ տեղի կունենան: Կենտրոնական բանկն իր արժութային պահուստները կօգտագործի և առայժմ կպահի աննշան տատանումները մինչև նոր տարի, իսկ արդեն դրանից հետո դրամի կուրսի զգալի արժեզրկում տեղի կունենա: Աղքատությունը կվերածվի ծայրահեղ աղքատության», – հայտարարեց նա:




Լրահոս