Հովիկ Աբրահամյանը բարդ ընտրության առջև է կանգնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական ծանր ընտրության առաջ է կանգնած` թույլ տալ, որ դրամի արժեզրկումը շարունակվի, թե դոլարային ինտերվենցիաներով փորձել զսպել գործընթացը:

Ինքնին ընտրությունը շատ բարդ է, քանի որ տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր լավ եւ վատ կողմերը: Տնտեսագետները վաղուց են հայտարարում, որ դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը, ինչն իրագործվում է Հայաստանի պահուստները ծախսելու միջոցով, վնասում է տնտեսությանը` խոչընդոտելով արդյունաբերության զարգացմանը: Դրամի փոխարժեքը որքան բարձր է, այնքան բարձր է Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքը: Այսինքն՝ «թանկ» դրամի պայմաններում ապրանքների արտահանումը խիստ նվազում է, եթե չասենք՝ իսպառ դադարում է:

Այսինքն՝ եթե ՀՀ Կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանից ապրանքների արտահանումն ավելանա, ապա պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի տնտեսվարողները հնարավորություն ունենան ցածր ինքնարժեքով ապրանք արտադրել: Տնտեսության զարգացման գործում ցանկացած իշխանության գործը պետք է լինի հավասար մրցակցային պայմանների ապահովումը եւ տնտեսությունը վնասակար միջամտություններից ապահովագրելը: Սակայն հայկական իրողությունը բոլորին հայտնի է՝ տնտեսությունն առավել քան կենտրոնացված է, իշխանություն տիրապետողները դրանք նույն կենտրոնացված տնտեսության խաղացողներն են: Այս որակումը վերաբերում է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որին ընդունված է համարել Արարատի մարզի ֆեոդալ:

Կենտրոնացված տնտեսության խաղացողներին ամենից շատ հետաքրքրում է կայունությունը, այսինքն՝ նրանք պետք է համոզված լինեն, որ իքս գումար ներդնելով՝ իգրեկ եկամուտ կստանան, եւ դրան պետք է ոչ մի բան չխանգարի, այդ թվում նաեւ՝ աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումները: ՀՀ Կենտրոնական բանկի խնդիրը պետական միջոցներով իշխող էլիտայի բիզնեսների կայունությունն ապահովելն է: Այս մոտեցումը տարիներ շարունակ գոյատեւել է միայն մեկ բանի` հայերի աշխարհով մեկ սփռված լինելու եւ տարեկան կտրվածքով մինչեւ երեք միլիարդ ու ավել տրանսֆերտների շնորհիվ: Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման արդյունքում Հայաստան փոխանցվող գումարները կտրուկ նվազեցին, քանի որ մեր հանրապետություն եկող գումարների մեծ մասը հենց ՌԴ-ից են գալիս: Երբեմն ՌԴ-ից եկող գումարներն ավելին են լինում, քան ողջ տրանսֆերտների զուտ ներհոսքը` մուտքերի եւ ելքերի տարբերությունը:

Արդյունքում՝ ՀՀ ԿԲ-ն ստիպված եղավ դոլարային ինտերվենցիաներով պահպանել դրամի փոխարժեքը: Վերջին երկու շաբաթներին ԿԲ-ն ավելի քան 92 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացրել, բայց ապարդյուն: Միայն վերջին օրը` նոյեմբերի 24-ին, 31 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացվել: Միեւնույն է՝ դրամի կտրուկ արժեզրկումը հնարավոր չեղավ կանխել:

Ստացվում է՝ Հայաստանի պետական պահուստներից ԿԲ-ի շուկա նետած 92 միլիոն դոլարը փոշիացավ: Իհարկե, ԿԲ-ի մասնագետները կարող են ասել, որ եթե իրենք այդկերպ չվարվեին, ապա դրամի արժեզրկումն ավելի կտրուկ եւ մեծ կլիներ, բայց դա պետական միջոցների փոշիացումն արդարացնելուն միտված արդարացում է, ոչ ավել: Երեկվա դրությամբ դրամը դոլարի հանդեպ արժեզրկվել էր 16 դրամով: Առայժմ հայտնի չէ, թե արդյունքում ապրանքների գները որքանով կբարձրանան, բայց որ կբարձրանան, դա կասկածից վեր է: Մինչեւ եկող շաբաթ գնաճի ամբողջական պատկերն արդեն տեսանելի կլինի:

Ակնհայտ է նաեւ, որ ռուբլու արժեզրկումն առաջիկայում շարունակվելու է, հետեւաբար կշարունակեն նվազել նաեւ Հայաստան եկող տրանսֆերտները: Նման պայմաններում Կառավարությունը ծանր ընտրության առջեւ է կանգնած՝ կրկին փորձե՞լ դոլարային ինտերվենցիաներով դրամի արժեզրկումը կանխել, որի ձախողման դեպքում հանրապետության պահուստներից կրկին մեկ կամ մի քանի հարյուր միլիոն դոլար կփոշիացվի, թե՞ թույլատրել, որ դրամը «ազատ անկում» ապրի: Այս տարբերակը, բնականաբար, կհանգեցնի ապրանքների գների կտրուկ բարձրացմանը:

Մյուս կողմից էլ թանկ դոլարը տնտեսվարողներին հնարավորություն կտա ցածր ինքնարժեքով ապրանք արտադրել, ինչն իր հերթին կնպաստի արտահանման աճին: Այս տարբերակի ռիսկն այն է, որ դրամի արժեզրկման արդյունքում ապրանքների գները շատ արագ կբարձրանան, եւ Հայաստանի բնակչության շրջանում իշխանություններից դժգոհությունները նոր լիցք ու մոտիվացիա կստանան: Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե Հայաստանում իրական տնտեսական մրցակցություն լիներ. տարբեր տնտեսվարողների մրցակցությունը գների բարձրացումները հնարավորինս կզսպեր: Սակայն մեր իրականությունն այն է, ինչ ունենք, եւ ստեղծված պայմաններում Հովիկ Աբրահամյանը պետք է ընտրություն կատարի՝ փորձի՞ պահպանել առկա տնտեսական հարաբերությունները, թե՞ ռիսկի դիմի եւ «բաց թողնի» դրամը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս