Ու՞ր է անհետանում տարեկան 13,3 % էլեկտրաէներգիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 158 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 277 ՄՎտ եւ վերջին տարվա արդյունքներով՝ տարեկան արտադրել են 831,1 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Տեղեկացնենք, որ Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեն 189 ընկերություններ: Այսինքն՝ ՓՀԷԿ-ներից բացի՝ էլեկտրաէներգիա են արտադրում եւս 21 ընկերություններ, որոնց թվում են Մեծամորի ատոմակայանը, Երեւանի ՋԷԿ-ը, Հրազդանի հին ՋԷԿ-ը եւ նոր 5-րդ բլոկը, «Որոտանի» ՀԷԿ-ը եւ այսպես շարունակ:

ՀԾԿ հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած 2013 թվականի արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մատակարարվել է 6 միլիարդ 341,7 միլիոն ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիա: Նշված թվից 647,9 միլիոնը բաժին է հասնում փոքր ՀԷԿ-երին, 982,7 միլիոնը` «Որոտանի» ՀԷԿ-ին, 2 միլիարդ 167,6 միլիոնը` Մեծամորի ՀԱԷԿ-ին, 702,1 միլիոնը` «Երեւան» ՋԷԿ-ին եւ 74,9 միլիոնը՝ «Ձորագետ հիդրոյին»: Վերը թվարկված էլեկտրաէներգիա արտադրողներին հատուկ ենք առանձնացրել, քանի որ նրանց արտադրած էլէներգիայի սակագինը բավական ցածր է, եւ եթե միայն նրանց արտադրվածը հանրապետությունում սպառվեր, ապա ՀԾԿ հանձնաժողովը ոչ մի դեպքում չէր կարողանա 30 դրամից ավել էլէներգիայի սակագին սահմանել:

Վերը թվարկված ընկերություններից ամենաթանկը փոքր ՀԷԿ-երի եւ «Ձորագետ հիդրոյի» արտադրած էլեներգիան է մատակարարվում էլեկտրական ցանցերին` մոտ 24 դրամ 1 ԿՎտ/ժ-ը: Այսպես կոչված էժան էլէներգիա արտադրողների ընդհանուր թիվը՝ անցած տարվա ամփոփ տվյաներով, կազմել է 4 միլիարդ 575,5 միլիոն ԿՎտ/ժ կամ նույն է թե՝ ընդհանուր սպառված էլէներգիայի 72 տոկոսը:

Նշենք, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի ներկայիս սակագնի համար Հայաստանի բնակչությունը պարտական է Հրազդանի հին ՋԷԿ-ին եւ մի քանի տարի առաջ շահագործման հանձնված 5-րդ բլոկին: Նշված ՋԷԿ-ի արտադրած էլէներգիան Հայաստանի էլեկտրական ցանցերին մատակարարվում է մոտ 40 դրամ 1 ԿՎտ/ժ-ը սակագնով: Հին «Հրազդան» ՋԷԿ-ն անցած տարի ՀԷՑ-ին մատակարարել է 643,9 միլիոն ԿՎտ/ժ էլէներգիա, իսկ Հրազդան ՋԷԿ-ի «5-րդ բլոկը» 632,2 միլիոն ԿՎտ/ժ էլէներգիա: Ի դեպ, ինչպես այս տարվա ամռանը պաշտոնապես հայտարարվեց՝ անցած տարի Հրազդան ՋԷԿ-ից ՀԷՑ-ը սովորականից շատ հոսանք է գնել, քանի որ Մեծամորի ՀԱԷԿ-ը 80 օր էլէներգիա չի արտադրել վերանորոգման նպատակով կանգնած լինելու պատճառով: Իհարկե, պաշտոնական պատճառաբանությունը, մեղմ ասած, սուտ էր, բայց դրա մասին շատ է գրվել, եւ այս նյութի շրջանակներում դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ: Արձանագրենք, որ Հրազդան ՋԷԿ-ից գնված էլէներգիայի անցած տարվա ամփոփ տվյալը կազմել է 1 միլիարդ 276,1 միլիոն ԿՎտ/ժ կամ ընդհանուր սպառվածի 20,1 տոկոսը:

ՀԾԿ հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ՀԷՑ-ի կորուստներն անցած տարի կազմել են 13,3 տոկոս` 810 միլիոն ԿՎտ/ժ: Այսինքն՝ ստացվում է, որ եթե այդ կորուստները չլինեին կամ գոնե 2-3 տոկոսի սահմաններում լինեին, ապա Հրազդան ՋԷԿ-ից գնված էլէներգիայի մոտ 60 տոկոսի կարիքն ընդհանրապես չէր զգացվի: Ավելին՝ ցանկության դեպքում ՀԷՑ-ը կարող է Երեւան ՋԷԿ-ից էլէներգիա գնել, որի էլէներգիայի սակագինը մոտ 20 դրամ է:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ եթե Հայաստանի կառավարման համակարգը, ինչպես որ այժմ է, կոռումպացված չլիներ եւ իսկապես քաղաքացիների բարօրության մասին մտածեր, ապա էլէներգիայի սակագինը մոտ 10 դրամով կամ նույն է թե՝ մոտ 30 տոկոսով ավելի էժան կլիներ:

Ի դեպ, այն հանգամանքը, որ ՓՀԷԿ-երի շինարարության հետ կապված պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում, նույնպես Հայաստանի կառավարման համակարգի կոռումպացվածությամբ է պայմանավորված: Բնապահպանական խնդիրները հաշվի առնելու դեպքում ՓՀԷԿ-երի շինարարությունը զգալի կթանկանա, ուստի դրանց սեփականատերերը նախընտրում են հենց այդ էժան տարբերակը: Իսկ եթե նրանք նման հնարավորություն չունենան եւ համոզված լինեն, որ նման նախագծերը չեն հաստատվի, կամ շինարարության ժամանակ կարող են պատասխանատվության ենթարկվել, կգործեն օրենքի շրջանակներում` ապահովելով, որ իրենց ՀԷԿ-ի շինարարությունը բնությանը հնարավորինս քիչ վնաս պատճառի եւ հետագա շահագործումն էլ բնապահպանական խնդիրներ չառաջացնի:

Այն հանգամանքը, որ Հայաստանում որքան հնարավոր է՝ շատ ՓՀԷԿ-եր պիտի լինեն, ակնհայտ է, եւ քննարկելու կարիք չկա: Պարզապես ներկայիս պայմաններում այդ գործընթացն իրականացվում է կոռուպցիոն սխեմաներով, ինչի արդյունքում էլ ՓՀԷԿ-երի շինարարությունների հետ կապված պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում:

Ի դեպ, ՀԾԿ հանձնաժողովի կողմից տարբեր տարիներին տրված լիցենզիաների հման վրա ներկայումս կառուցման փուլում են գտնվում 59 փոքր հիդրոէլեկտրակայաններ: Նոր կառուցվող ՓՀԷԿ-ների նախագծային հզորությունը 119 ՄՎտ է, ենթադրվում է, որ այդ ՓՀԷԿ-ները տարեկան կարտադրեն 415,2 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս