Գյումրիում ծառերը «հնձում են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մեկ շաբաթ է՝ ծառերի էտման աշխատանքներ են իրականացվում: Դրանք շարունակվելու են մինչեւ դեկտեմբերի կեսերը: Որոշումը կայացրել է քաղաքապետարանը, քանի որ ծառերի «հանգստյան» շրջանն է, եւ էտումը նպատակահարմար է:

Էտումն իրականացնող քաղաքապետարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին ասացին, որ ընդամենը կտրում են ավելորդ ճյուղերը, որպեսզի ծառերը թարմանան: Նաեւ նշեցին, որ էտված ճյուղերով լուծվելու է անապահով ընտանիքների վառելիքի հարցը. քաղաքապետարանը հավաքված վառելափայտը հատկացնելու է նրանց:
Մինչդեռ քաղաքի բնապահպաններն ահազանգում են: Նրանք գտնում են, որ ծառերն էտվում են չափազանց խորքից, եւ էտելիս մասնագետ-բնապահպանի խորհուրդը հաշվի չի առնվում: Նրանք նաեւ գտնում են, որ քաղաքի սոցիալական խնդիրները չի կարելի լուծել բնապահպանության հաշվին: Բնապահպանների մտահոգությունը, սակայն, միայն ծառերի սխալ էտումը չէ, առավել մտահոգիչ է պարբերաբար հատումը, որն իրականացվում է մե՛կ քաղաքաշինության, մե՛կ այլ նպատակների համար:
Իսկ քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության բաժնից վստահեցնում են, որ ոչ մի ծառ իրենց կողմից չի էտվում կամ հատվում առանց բնապահպանական տեսչության թույլտվության, հակառակ դեպքում՝ իրենք կտուգանվեն:

Մեզ հետ զրույցում բնապահպաներն ասացին, որ իրենք թերահավատորեն են մոտենում պատասխանատուներին, քանի որ սովորական աչքն էլ ծառերի «սպանդը» տարբերում է սանիտարական էտումից: Նրանց ահազանգմամբ՝ Գյումրիի էկոլոգիան առանց այդ էլ մաքուր չէ, քաղաքը չափազանց փոշոտ է, կանաչապատ տարածքները՝ քիչ: Եվ եթե ծառերի էտում ասվածն ամեն տարի նման կերպով իրականացվի, ապա ընդամենը մի քանի տարի անց քաղաքն ամբողջությամբ շնչահեղձ կլինի:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս