ՓԱԿՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԿԼԻՆԻԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքն սկսել է տալ իր դառը պտուղները: «ժողովուրդ»-ը պարզեց, որ օրերս Երեւան քաղաքի Պուշկինի 43/100 հասցեում գործող ատամնաբուժական կենտրոնը 5 միլիոն դր. պարտքի պատճառով դադարեցրել է իր գործունեությունը: Ավելին՝ կենտրոնի բոլոր հաշվեհամարների վրա կալանք է դրված:

Ըստ օրենքի` ատամնաբույժները Երեւանում յուրաքանչյուր բազկաթոռի համար պետք է հարկ վճարեն 80 հազար դրամ՝ նախկին 15-20 հազարի փոխարեն։ Արդյունքում մի շարք ատամնաբույժներ բողոքի ակցիա կազմակերպեցին: Նրանցից շատերը հայտարարում էին, թե հարկային ճնշումների հետեւանքով իրենցից շատերը կլքեն երկիրը:
Նկատենք, որ բողոքներն անցան ապարդյուն, իսկ օրենքը գործեց: Եվ ահա այսօր Պուշկինի 43/100 հասցեում գործող ատամնաբուժական կենտրոնը ոչ միայն դադարեցրել է իր գործունեությունը, այլեւ հայտնվել լուրջ պարտքերի մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կենտրոնի տնօրինությունը երկար ժամանակ չի կարողացել կատարել իր հարկային պարտավորությունները: Բանը հասել է նրան, որ անգամ կենտրոնի տնօրինությունն իր աշխատակիցներին 45.000 դրամ աշխատավարձի փոխարեն վճարել է 35.000 դրամ: Երբ աշխատակիցները փորձել են միջամտել եւ բարձրաձայնել խնդրի մասին, տնօրինությունը ասել է, թե պարտքեր ունի եւ չի կարող ամբողջությամբ վճարել:
Սա դեռ վերջը չէ, տեղեկացանք նաեւ, որ այսօր կենտրոնի ողջ գույքի վրա կալանք է դրված: Իսկ կենտրոնի աշխատակիցներից մեկը` Արգինե Պետրոսյանը, ով շուտով կծննդաբերի, իր նախածննդյան երեք ամսվա աշխատավարձը չի կարողացել ստանալ:
Ըստ մեր զրուցակցի` կենտրոնի տնօրինությունն ասել է, որ ինքը գումար չունի եւ այդ հարցը կարող լուծվել միայն դատարանի միջոցով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արգինեն պատմեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում է ամեն գնով ստանալ իր գումարը. «Դատարանը պահանջեց, որ համապատասխան կալանքի թուղթ ներկայացնեմ, որ կենտրոնը խնդիրներ ունի եւ դրա պատճառով չեմ կարողանում հաշվեհամարից գումար ստանամ: Հիմա արդեն կալանքի թուղթը ձեռք եմ բերել եւ հույս ունեմ, որ դատարանը կբավարարի իմ հայցը, որ հաշվեհամարի վրայից կալանքը հանեն եւ ես կարողանամ ստանալ իմ 200.000 դրամը: Ինձ ընդամենը մեկ ամիս է մնացել, որ երեխաս լույս աշխարհ գա, իսկ ես ընկել եմ այսպիսի քաշքշուկների մեջ: Ում մեղքով, ինչի համար, ես էլ չգիտեմ»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ատամնաբուժական կենտրոնի տնօրեն Տարիել Համբարձումյանի հետ: Ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, ինքը կենտրոնի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերն է. «20.000 հազար դրամ աշխատում էինք, 800.000 հազար դրամ հարկ էինք տալիս, դրա համար էլ ժամանակավոր դադարեցվեց: Պատկերացրեք, երբ օրենքն ուժի մեջ մտավ այդ օրվանից պարտքերը սկսեցին կուտակվել: Մեր պարտքը կազմում է շուրջ 5 միլիոն դրամ: Ինչ կարող էինք անել: Ոչ միայն հաշվեհամարների վրա կալանք ունենք, այլեւ գույքի, ու հիմա դատական ակտերի հարկադիր կատարումը պետք է այն վաճառի, որ մեր պարտքը կարողանանք վճարել»,-ասաց տնօրենը` նշելով, թե իրենք ամեն ինչ անում են, որ իրենց աշխատակից Արգինե Պետրոսյանը կարողանա ստանալ իր հասանելիք գումարը:
Հարցին, թե ինչու շուրջ 1 տարի մարդկանց 45.000 դրամ աշխատավարձ վճարելու փոխարեն 35.000 դրամ եք վճարել, տնօրեն Համբարձումյանը պատասխանեց. «Դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կենտրոնի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը ես եմ, բայց դա իմ գործը չէ, այդ հարցը տվեք մյուս տնօրենին` Արմեն Խաչատրյանին»:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանն էլ վստահեցրեց, որ ըստ օրենքի՝ բոլորին վճարել են իրենց հասանելիք գումարները. «Այնպիսի հարկեր դրեցին, որ չկարողացանք աշխատել, մարդիկ էլ պակասեցին, քաղաքը դատարկվեց ու այսպիսի վիճակ ստեղծվեց: Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում 100 ստոմատոլոգիական կլինիկա է փակվել: Սա հաստատ թիվ է։ 7 ամիս առաջ ես նշանակվեցի տնօրեն, ցանկացա, որ լավ լինի, բայց հարկերը չթողեցին»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին այցելել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզների, ինչպես նաեւ դպրոցների մանկավարժներ, ովքեր պատմեցին, որ այլեւս չեն կարող դիմանալ իրենց վարչական շրջանի ղեկավարների պարտադրանքներին: Ըստ մանկավարժների` կիրակի օրը` սուրբ Զատիկին, իրենց բոլորին կանչել են վարչական շրջանի շենքի բակեր եւ ստիպում են Զատկի համար սեղան պատրաստել. «Ճիշտ հասկացեք, սա սուրբ օր է, եւ մենք այդ օրը մեր ընտանիքների հետ ենք ցանկանում անցկացնել: Կարող էին այդ միջոցառումը կազմակերպել շաբաթ օրը, սակայն իրենց երբ պետք է լինում, մարդկանց պարտադրաբար բերում են շենքի բակեր, թե իբր տեսեք՝ տոնում ենք»: Մանկավարժներն ասացին, որ խնդրի հետ կապված դիմել են տնօրեններին, սակայն վերջիններս ասել են՝ « հրաման է, պետք է կատարենք»:

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂԸ ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐԵԼ
«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին: Ֆաբրիկայի անասնապահ Միշա Սարգսյանը դանակահարել էր ֆաբրիկայի պահակին՝ 28-ամյա Վաղինակին, ով տեղում մահացել էր: Ավելին՝ գրել էինք, թե տեղեկություններ կան, որ Միշան հոգեկան խնդիրներ ունի: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Միշան ոստիկանությունում հայտնել է. «Ինձ ժամանակ տվեք, իմ աչքի տակ եւս երկու հոգի կա»: Նշենք, որ սա միակ դեպքը չէ: Միշան տարիներ առաջ եւս մեկին հարվածել էր, սակայն նրա կյանքը կարողացել էին փրկել: Իսկ թե ինչ կպարզվի հետագայում՝ դեռ հարց է, սակայն երիտասարդ տղային այլեւս չեն կարող վերադարձնել:

 

ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 16-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի դպրոցներից մեկում դպրոցահասակների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ 8-րդ զանգվածի թիվ 186 դպրոցի բակում երկու 14-ամյա տղաներ վիճել են: Բանը հասել է նրան, որ անչափահասներից մեկը դանակահարել է մյուսին: Տղաներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է եղել դանակահարողը: Մեզ հաջողվեց պարզել, որ դանակահարող տղային հանձնել են ծնողների հսկողությանը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը:

 

 
ԲԼԹ

«Խոսակցությունները միշտ էլ եղել են: Մարդու աշխատանքը գնահատվում է ոչ թե սրա-նրա թիմի անդամը լինելով, այլ կատարած աշխատանքով»:

Մնացական Մնացականյան ԳԱԼԱ

ՀՀԿ-ական պատգամավորը նկատի ունի Տիգրան Սարգսյանի թիմակիցներին, ովքեր, բնականաբար, այլեւս չեն աշխատի նոր կառավարությունում: Եվ այդ խոսակցությունները չեն կարող անհիմն լինել, համենայնդեպս դրանք ավելի հիմնավոր են, քան Հանրապետական խմբակցության պատգամավորի այն ասածը, թե մեր երկրում մարդու մասնագիտական որակները գնահատվում են նրա կատարած աշխատանքով: Մեր երկրում՝ ֆեոդալական Հայաստանում, մարդու աշխատանքն իրականում գնահատվում է նրանով, թե ում թիմակիցն է տվյալ մարդը, ինչպես նաեւ՝ ում հետ է խնամիա-բարեկամական կամ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ:

 

 

 

«Ամոթ ա, տենց հարցեր չարժե տալ: Պարապ ե՞ք մնացել, ժողովուրդ: Իհարկե՝ ոչ: Ինչի՞ պետք ա դուրս գամ»:

Գրիգորի Մարգարյան Yerkir.am

Ուրեմն մի շարք ԲՀԿ-ականների կողմից՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ «խաղեր տալը» ամոթ չէ, իսկ կուսակցությունից դուրս գալու եւ ՀՀԿ մտնելու հավանականության մասին հարց տալն ամոթ է՞: ԲՀԿ-ականներն իրենց գործելաոճով արդեն իսկ տալիս են նման հարցեր տալու առիթ, թեկուզ հենց վերցնենք Դավիթ Քոչարյանի դեպքը ոչ հեռավոր անցյալում: Եթե մի կուսակցություն կազմված է հիմնականում օլիգարխներից եւ գործարարներից, ապա այդ կուսակցության գործարար անդամները վտանգի դեպքում առաջինը առնետավազք կիրականացնեն, քանի որ օլիգարխի եւ խոշոր գործարարի համար առաջնահերթն իր բիզնես շահերն են:

 

 

 

«Ամեն մեկի զառանցանքը չեմ համարում, որ պետք ա մեկնաբանել, որովհետեւ ինչ վերաբերում ա Հովիկ Աբրահամյանին, ապա ինքը շատ լավ ապացուցել ա, որ լավ մենեջեր ա»:

Մանվել Բադեյան Yerkir.am

Անկախ նրանից, որ ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերը վերաբերում են ՕԵԿ-ին, պետք է փաստել, որ ՕԵԿ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս գալու այն պատճառաբանությունը, որ մեզ պետք է ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ ու գրագետ կառավարություն, բնավ էլ զառանցանք չէ: Մեր երկրի ամբողջ խնդիրը հենց այն է, որ ամենապատասխանատու պաշտոնները հաճախ վստահվել են ոչ թե մասնագետների, ոլորտի պրոֆեսիոնալների, այլ խնամի-բարեկամ-ծանոթների, քավոր-սանիկների, կուսակցականների, թիմակիցների: Եվ իշխող կուսակցությունը միշտ կայացրել է իր, բայց ոչ ժողովրդի շահերից բխող որոշում: Մնացածը իրենց համար զառանցանք է:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս