ՀՀԿ-Ն ՕԵԿ-ԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Դավիթ Հարությունյանը դժվարանում է ասել, թե ինչու “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը չհամաձայնեց մաս կազմել իշխող կոալիցիային:

-Պարո՛ն Հարությունյան, Ազգային Ժողովում ներկայացված դեմքերն այնքան էլ չեն փոխվել, գրեթե բոլորը նույնն են, նրանք չե՞ն հավատացել:
-Ո՞վ:

-ՀՀԿ-ն իր կարգախոսով մարդկանց հորդորում էր հավատալ եւ փոխել: Չհավատացի՞ն, որ չեն փոխվել:
-Ընդհակառակը, հավատացին: Ստանալով այսքան ձայն` մենք ապացուցեցինք, որ հավատացին:
Իսկ ինչո՞ւ չփոխվեց խորհրդարանական մեծամասնությունը: Նրանք անփոխարինելի՞ են:
-Այնուամենայնիվ, փոփոխություն կա: Չնկատել գրեթե հնարավոր չէ, եթե, իրահկե, միտում չկա չնկատելու: Ինչ վերաբերում է խորհրդարանի աշխատանքին, ապա գիտեք` այն քաղաքական մարմին է, եւ քաղաքականությունն առաջին հերթին իրագործում են` հզոր կուսակցական խմբակցություններ ունենալով:

-Հզոր կուսակցություններից մեկի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, բոյկոտեց ԱԺ առաջին նիստը:
-Ես չեմ կարծում, որ նա բոյկոտեց նիստը: Բոյկոտը քաղաքական երեւույթ է, որի մասին նախապես հայտարարում են: Դուք լսե՞լ եք նման հայտարարություն:

-Պաշտոնապես հայտարարվեց, որ Ծառուկյանն ավելի կարեւոր գործ ունի, դրա համար բացակայել է ԱԺ առաջին նիստից: Այս վերաբերմունքն ընդունելի՞ է իշխող կուսակցության համար:
-Ես կարծում եմ, որ, իհարկե, ճիշտ կլինի` ԱԺ պատգամավորները մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին, բայց եթե խոսքը վերաբերվում է կուսակցության ղեկավարներին, ապա չեմ բացառում, որ այո՛, նրանք ունենան որոշ դեպքերում քաղաքական լուրջ կոնսուլտացիաների հանդիպումների կարիք: Այնպես որ, ես այդ քայլը չեմ դիտում որպես բոյկոտ:

-Նախորդ խորհրդարանում պարբերաբար բացակայող պատգամավորների հարցը քննարկվեց ԱԺ-ում, բայց դրան պատիժներ չհետեւեցին: Մեծ մասը ներկայացրին բժշկի տեղեկանքներ: Իսկապե՞ս ԱԺ պատգամավորների զգալի մասն անաշխատունակության աստիճանի հիվանդ է, թե՞ պարզապես խորհրդարանի ղեկավարությունն աչք փակեց այդ երեւույթի վրա:
-Այստեղ որոշակի խնդիր, որի լուծմանն է ուղղված եղել ՀՀԿ-ի եւ մյուս կոալիցիոն գործընկերների կողմից նախորդ խորհրդարանում վերջին նիստի ժամանակ ներկայացրած օրենքի նախագիծը, որի հիման վրա նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում ստեղծվելու է էթիկայի հանձնաժողով: Սա պատահական չէ արված: Այնտեղ ներկայացված կլինեն հավասար թվով պատգամավորներ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցություններից, որի նախագահը պարբերաբար փոխվելու է` ներկայացնելով մե՛րթ ընդդիմությունը, մե՛րթ իշխանությունը: Սրա նպատակն այն է, որ խորհրդարանականները ստանձնեն վերահսկողական գործառույթը:

-Պարո՛ն Հարությունյան, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ էլի է բացակայելու ԱԺ նիստերից, քանի որ ավելի կարեւոր գործեր ունի: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն հանդուրժում նրան:  
-Կարծում եմ, որ այդ հարցին կարող է անդրադարձ կատարել նաեւ էթիկայի հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր լուրջ անելիքներ ունի խորհրդարանում: Ըստ իս` այս խորհրդարանն իր ակտիվությամբ աչքի կընկնի:

-Ձեր տպավորությամբ` ինչո՞ւ ԲՀԿ-ն հրաժարվեց ընդունել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու առաջարկը:
-Ես դժվարանում եմ պատասխանել, թե ինչն էր հիմնական պատճառը:
Իսկ Հայաստանում այսպիսի իրավիճակ պատկերացնո՞ւմ էիք, որ պաշտոն տային, ինքնակամ հրաժարվեր:
-Իհարկե: 

-Հիշո՞ւմ եք նման դեպք:
-Վստահաբար այո՛, չնայած չեմ նշի կոնկրետ օրինակ:

-ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանվել: Փաստորեն, ՀՀԿ-ն կոալիցիա է կազմել այն ուժի հետ, որն իրեն մեղադրում է հանցագործության մեջ:
-Ես չեմ լսել, որ ՕԵԿ-ը մեծամասնությանը մեղադրելու առումով է խոսել որեւէ բան:

-Իսկ ո՞վ է ընտրակաշառք բաժանել, եթե ոչ մեծամասնությունը, որն աննախադեպ բարձր տոկոսային ցուցանիշներ գրանցեց:
-Նախ` տարօրինակ է Ձեր հարցադրումը: Ինչքան խախտում, որը կարող է տեղի ունենալ, Ձեր կարծիքով` պետք է կատարած լինի մեծամասնությո՞ւնը:

-Առնվազն պետք է պատասխանատվություն կրի:
-Իշխանությունները, իհարկե, պատասխանատվություն կրում են խախտումների համար, դրա համար էլ բազում մեխանիզմներ էին ստեղծվել, որոնք խախտումները բացառելու հնարավորություն էին ընձեռում: Եւ ուրեմն մի բան է քաղաքական հայտարարություն անելը, մի բան է կոնկրետ փաստեր ներկայացնելը: Իմ խորին համոզմամբ` այս ընտրությունների ժամանակ այնքան շատ էին գործիքները` պայքարելու ընտրախախտումների դեմ, այդ թվում եւ ընտրակաշառքի, որ յուրաքանչյուր ոք, որը պատրաստվում էր իրականում հասնել խախտված իրավունքների վերականգնմանը, այդ հնարավորությունն ունեցել է:

-ՀՀԿ-ն ՕԵԿ-ից բացատրություն ստանալու կարիք չունի՞:
-Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա:
Թամարա Միքայելյան




Լրահոս