Լիանան չի վախենում, որ քույրն իր «գործին կխփի» (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիանան տեւական ժամանակ է՝ բեմում չէ, նա վերջին տարիների ընթացքում իրեն ամբողջովին նվիրել էր ընտանիքին՝ ամուսնուն եւ որդուն: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է սպասվող անակնկալներից, դադարից հետո ունեցած տպավորություններից եւ տեղեկացրել, որ պատրաստվում է դուետով հանդես գալ իր քրոջ հետ:

-Երկար ժամանակ է՝ բեմում չեք եղել, ինչպե՞ս եք պատրաստվում նշանավորել Ձեր վերադարձը երգարվեստ:

-Շատ ուրախ եմ, որ վերջապես էլի իմ սիրելի գործով եմ զբաղվելու, մտադիր եմ մնայուն արժեք թողնել, ոչ թե ներկայանալ ժամանակավոր կյանք ունեցող որեւէ հիթով: Ասեմ, որ ծնողների մասին նոր երգ եմ կատարելու, այն կոչվում է «Շնորհակալ եմ»: Մի մտադրություն էլ ունեմ. անպայման քույրիկիս հետ հանդես եմ գալու դուետով:

liana3

Դա այն բժշկուհի քույրի՞կն է, որի համար բոլորը երգչուհու կարիերա էին կանխատեսել… Չե՞ք վախենում, որ մարդիկ կասեն՝ բժշկուհին ինչ գործ ունի երգարվեստում, կամ ինչ է թե՝ Ձեր քույրն է, մտցնում եք երգարվեստ:

-Թեեւ քույրս երգարվեստի հետ ուղղակի կապ չունի, նա շատ լավ է երգում, բնատուր շնորհք ունի եւ բաց ճակատով կարող է ներկայանալ հանրությանը: Եթե այդպես չլիներ, ինքս թույլ չէի տա, որ նա հանդես գար բեմում: Ով լսում է քրոջս երգերը, ասում է՝ երեւի դիտավորյալ ես նրան պահել հանրությունից, որ քո «գործին չխփի»:

Հիմա նաեւ ուզում եմ ապացուցել, որ դա այդպես չէ ( ծիծաղում է), եւ որ մի տնից կարող են երկու հոգի շատ լավ երգել ու մեկը մյուսին չզիջել:

lianaa

 

-Որոշ աստղեր, երկար ժամանակ էկրաններին չերեւալուց հետո, վախենալով, որ հանդիսատեսն իրենց կարող է մոռանալ, ներկայանում են էքսցենտրիկ կերպարներով, հայտնվում են անսովոր իրավիճակներում: Դուք նմանատիպ մտահոգություն չունե՞ք:

-Անկեղծ ասած՝ ոչ: Կարծում եմ՝ Ձեր նկարագրած քայլերը բնորոշ են չինքնահաստատված արտիստներին, իհարկե, չեմ ժխտի նաեւ, որ բեմն ընդունում է նաեւ այդ էքսցենտրիկ կերպարներին: Այնուամենայնիվ, ես չեմ վախենում դադարներից, քանի որ կարծում եմ, որ այն անցողիկ երգչուհիներից չեմ, որոնց կարելի է մոռանալ:

-Այս մի քանի տարվա ընթացքում հետ չեք մնացե՞լ շոուբիզնեսյան եռուզեռից, ի դեպ, բազում նոր դեմքեր են հայտնվել, նկատե՞լ եք:

-Չէ, հետ չեմ մնացել, իհարկե, նկատում եմ նոր դեմքերի, սակայն, անկեղծ ասած, ոչ ոքի չեմ ճանաչում, կարծես այս մոլորակից չլինեմ, անգամ անհարմար է: Իհարկե, նրանց մեջ կան տաղանդավոր մարդիկ, կան աշխատասերներ, կան նաեւ այնպիսիք, որոնք պնդաճակատությամբ, երբեմն էլ սիրեկանների միջոցով հասնում են իրենց նպատակին: Այդ պատճառով ես միշտ ասում եմ, որ պետք է աջակցել տաղանդավորին:

liana

-Օրինակ՝ Դուք հաղթել եք մի շարք միջազգային մրցույթներում, բազում հաջողություններ եք գրանցել, իսկ որեւէ աջակցություն ստացե՞լ եք, հայրենիքը Ձեզ փոխհատուցե՞լ է:

-Ոչ մի բան չեմ ստացել: Երբ Բուլղարիայում Պանայոտովի հետ մրցույթի էի մասնակցում, ես ստացա «Գրան պրի»-ն, նա ինձ ասաց, որ եթե ինքն այդ մրցանակով վերադառնար Ուկրաինա, իրեն բնակարան կտային: Հիմա ուր է Պանայոտովը, ուր եմ ես: Իմ ուզածը, սակայն, նյութական պարգեւատրությունը չէ, անտեսված լինելուց եմ վիրավորվում, ես կոչումն ավելի կարժեւորեի, քան, օրինակ, բնակարանը:

-Երեւանի մասին ամենագեղեցիկ երգերից մեկն եք կատարում, այսօր, երբ քայլում եք մայրաքաղաքի փողոցներով, ի՞նչ ընդհանուր շունչ եք զգում:

-Իմ աչքին մարդիկ շատ տխուր են թվում, դա խորապես ազդում է ինձ վրա: Կարծես ազգս «տրավմա» է ապրում, կուզենամ, որ նրանց աչքերի փայլը, երջանկությունը վերականգնվի:

liana4

Ձեր ամուսինը երբեւէ ոգեշնչո՞ւմ է Ձեզ եւ ի՞նչ դեր ունի նա երգչուհի Լիանայի կյանքում:

-Իմ ամուսինն ընտրել է նաեւ հենց այդ երգչուհուն: Նա ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Հոգեպես շատ է աջակցում ինձ եւ, վերջապես, արթնացնում է, երբ զգում է, որ անժամանակ դադարի մեջ եմ:

-Գիտենք, որ ցանկություն ունեիք Ձեր որդուն նկարահանել Ձեր տեսահոլովակում: Կարծես ընտանիքի անդամներին հերթով առաջ տանելու միտում ունեք, այո՞:

-Որդուս փորձնական նկարահանել ենք, բայց հնարավոր է՝ տվյալ երգի հիման վրա տեսահոլովակ այդպես էլ չնկարահանվի, տեսնենք՝ ինչպես կստացվի: Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած միտումին, ապա պետք է ասեմ, որ ես երբեք ոչինչ արհեստական կերպով չեմ անում, ինքներդ էլ, երբ ծանոթանաք արդյունքին, նույն կարծիքը կկազմեք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս