Բենզինի թանկացման համար ևս պետք է ռուսներին «շնորհակալություն» հայտնենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում նավթի գների անկման պայմաններում թվում էր, թե վաղուց Հայաստանում պետք է նվազեին բենզինի եւ դիզելի գները: Սակայն օրեր  առաջ տեղի ունեցավ հակառակ գործընթացը, երբ դոլարի գինը կտրուկ բարձրացավ, բենզինը նույնպես թանկացավ 30-40 դրամով եւ, ասենք, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը սկսեց վաճառվել 510 դրամով` նախկին 480-ի փոխարեն:

Պարզվում է՝ բենզինի գնի թանկացման համար եւս հայ սպառողը պետք է ռուսներին «շնորհակալություն» հայտնի: Այս երեւույթի պատճառների մասին օրերս բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշելով, որ «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությանը Հայաստան նավթամթերք առաքելու մենաշնորհ է տրված:

«Ռոսնեֆտ-Արմենիայի» մենաշնորհը տրվել է դեռեւս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված «ՀՀ Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով: ՀՀ ՍԴ-ն դեկտեմբերին 19-ին համաձայնագիրը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, եւ այն ներկայացվել է ԱԺ, որն էլ դեկտեմբերի 23-ին վավերացրել է:

Միջպետական համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Իգոր Սեչինը եւ հայկական «Օյլ տեխնո» ՓԲ ընկերության նախագահ Արթուր Ալավերդյանը Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ ստորագրել են համատեղ ընկերություն ստեղծելու մասին համաձայնագիրը: Այդ համատեղ ընկերությունը հենց «Ռոսնեֆտ-Արմենիան» է, որի մասին, ի դեպ, համացանցում գրեթե ոչ մի տեղեկություն չկա: Կարելի է ենթադրել, որ «Ռոսնեֆտ-Արմենիան» թղթի վրա գոյություն ունեցող կառույց է: Իսկ իրականում Հայաստանի նավթամթերքի ճակատագիրը որոշում են ռուսական «Ռոսնեֆտ»-ի ղեկավարները իրենց երկրի քաղաքական ղեկավարության հանձնարարությամբ:

Այս համաձայնագիրը կնքելիս հայկական կողմը, ինչպես միշտ, հույս է ունեցել, որ ռուսական կողմը կօգնի «բարեկամ» Հայաստանին, եւ մենք հնարավորություն կունենանք համեմատաբար էժան գնով բենզին եւ դիզել ներկրել: Սակայն նման բան տեղի չի ունեցել, եւ այլեւս ակնհայտ է, որ ռուսական ընկերությանն իզուր է մենաշնորհ տրվել: Իրավիճակը առավել նվաստացուցիչ է, երբ դիտարկում ենք, թե որքանով է Ռուսաստանում բենզինը վաճառվում: «Պրեմիում» տեսակի բենզինի մեկ լիտրը ՌԴ-ի բենզացակայաններում, դեկտեմբերի 15-ի դրությամբ, վաճառվել է 36 ռուբլով (290 դրամ), իսկ «սուպեր» տեսակի բենզինը` 39 ռուբլով (315 դրամ): Դեկտեմբերի 2-ի համաձայնագրի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրված բենզինը մաքսային վճարներից պետք է ազատվի:

Այդ դեպքում հարց է ծագում՝ եթե Ռուսաստանը մեզ էժան բենզին է վաճառում, հարկերն էլ բավական նվազեցվել են, ապա ինչի հաշվին է այդ ապրանքն այդքան թանկ վաճառվում Հայաստանի բենզալցակայաններում: Այս առաջին ինն ամիսների տվյալներով Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 164 հազար 404,8 տոննա նավթամթերք` բենզին եւ դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է 160 միլիոն 446 հազար 800 դոլար: Այսինքն՝ 1 կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 0,97 դոլար, իսկ մեկ լիտրինը՝ մոտ 0,72 դոլար (1 կիլոգրամ բենզինը 1,37 լիտր է): Ռուբլու՝ ներկայիս փոխարժեքի պայմաններում ստացվում է, որ բենզինը Հայաստանին մատակարարվում է 1 լիտրը 44 ռուբլով, Ռուսաստանում այդ ապրանքի մանրածախ գնից մոտ 10 տոկոսով թանկ:

Ինչպես միշտ՝ հայ-ռուսական բարեկամության էությունը կայացել է նրանում, որ հայերս ռուսներին ավելի շատ ենք վճարել, քան մյուսները:
Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը նման մենաշնորհ տալու հիմնավորումներից մեկն էլ եղել է այն, որ այդ ընկերությունը պետք է ներդրում կատարեր եւ վերագործարկեր «Նաիրիտ» գործարանը: Այս նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտի» կառավարման խորհրդի նախագահ Իգոր Սեչինը եւ հայկական «Օյլ տեխնո» ՓԲԸ-ի նախագահ Արթուր Ալավերդյանը Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին»:

Հուշագրի ստորագրումից արդեն մեկ տարի է անցել, բայց ո՛չ նոր ձեռնարկությունն է ստեղծվել եւ ո՛չ էլ «Նաիրիտն» է վերագործարկվել: Ավելին՝ փորձագետները համոզված են, որ «Ռոսնեֆտը» վաղուց հրաժարվել է «Նաիրիտը» վերագործարկելու մտքից եւ չի պատրաստվում այդ նպատակով ներդրումներ կատարել:

Վահագն Հովակիմյան




Լրահոս