Քաշունի համայնքում 4 հոգով են Ամանորը նշելու. գյուղում մարդ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Քաշունի համայնքում այս տարի Ամանորը շատ տխուր կանցնի: Բանն այն է, որ գյուղում այս պահին ապրում է 4 բնակիչ, իսկ վերջին անգամ երեխա ծնվել է 6-7 տարի առաջ: Armlur.am-ն այս հարցերի շուրջ զրուցեց Քաշունի համայնքի ղեկավար Գառնիկ Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, քաշունցիներն ինչպե՞ս են պատրաստվում Ամանորին:

-Մենք բնակի՞չ ունենք, որ պատրաստվենք: Չորս բնակիչ ենք մնացել գյուղում. չորսն էլ ծեր: Երեք ընտանիք անասուն են պահում եւ իրենց անասունների հետ գնացել են գյուղից դեպի գրավյալ տարածքներ:

-Լավ, իսկ ինչպե՞ս եք տոնելու:

-Եթե Ամանորին մեր երեխաները եկան գյուղ, ուրեմն միասին կտոնենք, եթե ոչ, ապա հին հավ կճարենք ու կուտենք: Ուտելիքը շատ կարող է լինել, բայց ուտող է հարկավոր: Չկան:

-Իսկ այն ընտանիքները, որոնք հեռացել են գյուղից չե՞ն գալու:

-Բայց գան, ի՞նչ ասենք: Չէ… ով եկավ, եկավ:

-Պարոն Հակոբյան, տարիներ առաջ Ձեր համայնքում Ամանորն ինչպե՞ս է անցկացվել:

-Ավելի ուրախ, անհոգ, ակտիվ: Մեկս մեկի տուն էին հյուր գնում, շնորհավորում: երանելի օրեր… Տարիներ առաջ բնակիչների թիվն էլ էր շատ: Աստիճանաբար մահացողը մահանում է, բայց երեխա էլ չի ծնվում: Աշխատատեղ չլինելու պատճառով կամաց-ակամաց գնացին գյուղից:

-Քաշունիում վերջին անգամ ե՞րբ է երեխա ծնվել:

-Ճիշտն ասած՝ այդ երեխան գյուղում չէ, բայց արդեն դպրոցական է: Մոտ 6-7 տարի առաջ, նույնիսկ լավ չեմ հիշում՝ այնքան շուտ էր: Մեր վիճակը վիճակ չէ:

-Ի՞նչ կցանկանաք, որ 2015 թվականին կատարվի:

-Շատ բան չէ. գոնե մի 20-30 բնակիչ ունենայի, ուրիշ ոչ մի բան: Աստված, որ տա, լավ կլինի:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս