ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆ Ո՞ՒՄ Է ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, “Հազար ու մի մանրուք” խանութի տնօրենի որդի Հրաչյա Ռոստոմյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ինքը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից դուրս է եկել, որոշել է մոռանալ կուսակիցներին եւ այժմ էլ խորհրդարանում փնտրում է անկուսակցական պատգամավորի, որպեսզի նրա հետ շփվի՝ հանկարծ չմտածեն, թե ինքն այլ կուսակցության է հարում:

-Դուք “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ էիք, սակայն հայտարարել եք, որ դուրս եք եկել կուսակցությունից ու քաղաքականությունից: Բայց այժմ զբաղեցնում եք քաղաքական պաշտոն: Մի տեսակ անտրամաբանական է:
-Ես արդեն այդ կապակցությամբ հայտարարություն եմ արել եւ որեւէ բան չունեմ ավելացնելու, ինչ-որ ասել եմ հայտարարության մեջ, կարող եմ մի անգամ էլ կրկնել: Դուք, խնդրում եմ, մի հատ կարդացե՛ք իմ հայտարարությունը, ես դրանից ավել ոչ մի բան չունեմ ավելացնելու:
-Բայց տեղյա՞կ եք, որ սպորտի նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է:
 
-Գիտեմ, այո՛, խնդրում եմ, արդեն ասացի, որ ես հայտարարություն եմ տարածել եւ դրանից ավել ոչ մի բան չեմ ուզում ասել: Ես արդեն իմ ասելիքն ասել եմ այդ հայտարարության մեջ:
-Նույն հաջողությամբ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը կարող էր մնալ իր պաշտոնին՝ հայտարարելով, թե ինքը բժիշկ է:
-Շատ մարդ շատ բան կարող էր անել, ես էլ կարող եմ իմ տեղը ինքս պատասխանել, դրա մասին հարցրե՛ք պարոն Քուշկյանին կամ էլ ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությանը:
 
-Իսկ Դուք ո՞ւմ եք ենթարկվելու որոշումներ կայացնելիս՝ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի՞ն, թե՞ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը նախկինում եղել է Ձեր կուսակցության առաջնորդը:
-Ես կուսակցությունից դուրս եմ եկել, բնականաբար, ես կուսակցության աշխատանքի հետ ընդհանրապես կապ չունեմ, ես այժմ անկուսակցական եմ:
-ՀԱՕԿ-ի ղեկավարն ինչ-որ ազդեցություն չի՞ ունենալու Ձեր որոշումների վրա:
-Ուրեմն ես Ձեզ ասեմ՝ ՀԱՕԿ-ի գործառույթներն ուրիշ են, սպորտի գործառույթներն ընդհանրապես ուրիշ են, բայց միեւնույն ժամանակ կուզեմ նշել, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սերտ համագործակցելու է ՀԱՕԿ-ի եւ մյուս այլ կազմակերպությունների հետ, դա հաստատ է լինելու:
-Հիմա եթե ինչ-որ հարց լինի, Գագիկ Ծառուկյանի հետ կքննարկե՞ք՝ որպես ՀԱՕԿ-ի նախագահ:
-Եթե օլիմպիական խաղերի… ՀԱՕԿ-ը պատասխանատու է օլիմպիական խաղերին մեր հայ մարզիկների մասնակցության եւ, ամենակարեւորը, գաղափարների տարածման համար: Ահա սրանք են նրա գործառույթները, միաժամանակ համակարգում է ազգային ֆեդերացիաների գործունեությունը: Ճիշտ է, երկուսն էլ վերաբերում են սպորտին, բայց իրականում նրանք տարբեր գործառույթներ են իրականացնում:
-Դուք ,հոգովե շարունակո՞ւմ եք մնալ ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության անդամ:
-Ես նորից եմ կրկնում՝ ես անկուսակցական եմ, ես պատգամավոր եմ ման գալիս, որը անկուսակցական լինի, որպեսզի շփվեմ նրա հետ, որ այս կամ այն կուսակցության անդամի հետ զրուցելիս չասեն՝ ուրեմն այդ կուսակցությունից է: Ես ան-կու-սակ-ցա-կան եմ:
-Արդեն ծրագրեր ունե՞ք՝ ոլորտի հետ կապված, ի՞նչ բարեփոխումներ սպասենք Ձեզանից:
-Ես այդ հարցերին կպատասխանեմ 100 օրից:
Հ.Գ. Այսպիսով՝ մեզ չհաջողվեց պարզել՝ սպորտի նախարարն ինքը գիտակցո՞ւմ է, որ նախարար նշանակվելով՝ խախտել է ԲՀԿ-ի սկզբունքները եւ ըստ էության՝ միանձնյա կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:  

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս