ՀԱԿ-ի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 29-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է ,Հարսնաքարե ռեստորանում դաժան ծեծի ենթարկված և ավելի քան 10 օր կոմայի մեջ գտնվող զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին այս ողբերգության առիթով:
Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր և ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ: Դեռևս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առևանգվեց և նույն “Հարսնաքար” ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որևէ քայլ` պատժելու մեղավորներին: Շուրջ մեկ տարի առաջ, կրկին նույն ռեստորանում, Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ներգրավեցին կրակոցներով ուղեկցված միջադեպի մեջ, որի արդյունքում երկու մարդ տեղափոխվեց հիվանդանոց: Իրավապահների թեթև ձեռքով այն որակվեց որպես անզգուշություն: Վահե Ավետյանի և երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում, նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը այս սպանությանը: Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը:
 
 
Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության և պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարանքը և լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի և նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայության են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման և ընտրողներին ահաբեկելու և սեփական իշխանությունը պահելու նպատակով:
Առանց վարանելու Վահե Ավետյանի մահը կարելի է որակել, որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների և օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն: Հայ Ազգային Կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր և իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար:




Լրահոս