Ոնց որ Հրաչին Ռուսաստանը դատեց, նույն ձև մեր երկիրն է դատապարտելու դրան. Առաքել Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է ողջ հայությանը: Դժբախտությունն ու մեծ վիշտը հայերի հետ կիսելու համար ռուսական ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը պարտավոր էր գալ Հայաստան: Այս համոզմանն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով Armlur.am-ի հետ զրույցում վստահաբար շեշտեց, որ 6 անդամ ունեցող ընտանիքի սպանդի մեղավորն իր դատաստանը պետք է Հայաստանում ստանա:

«Եթե հանցագործությունը կատարվել է մեր երկրում, ուրեմն՝ մեր երկիրն է դատ ու դատաստան անելու: Ոնց որ Հրաչին Ռուսաստանը դատեց վթարի դեպքից հետո, նույն ձև մեր երկիրն է դատապարտելու դրան, նույնիսկ ցմահ կարող է գնալ: Իսկ այդ պաշտոնյաներն իրավունք չունեին չգալու. իրավունք չունեն մեզ հետ վիշտը չկիսելու: Ուրիշ բաներ մի՛ մտածեք, հաստատ այստեղ է լինելու դատաստանը»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հանրության շրջանում այս պահին դեպքի միակ կասկածյալի ազգությունն անվերջ քննարկելուն, Առաքել Մովսիսյանը նկատեց, որ կարևոր չէ մարդասպանի ազգությունը. մի ողջ ընտանիք այլևս չկա:

«Կապ չունի՝ մենք Ռուսաստանի հետ ճանապարհային գործընկեր ենք, ինչ ենք: Էլի եմ կրկնում՝ դեպքը որտեղ կատարվել է, այնտեղ էլ պետք է դատուդատաստան լինի: Ազգությունը կապ չունի՝ ռուս է, թե թուրք է: Վերջացավ գնաց»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին: Սպանված վեց անդամների թվում կա մանկահասակ երեխա՝ 1.8 տարեկան երեխա: Բացի ընտանիքի վեց անդամներից, ևս մեկ մանկահասակ երեխա՝ վեց ամսական փոքրիկն այս պահին վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում. հնարավոր է նրան տեղափոխեն Երևան:
Իսկ ժամեր առաջ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է սպանության միակ կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը: Նա արդեն ցուցմունք է տալիս:




Լրահոս