Նախարարությունների միավորումն արդյունավետ չի կարող լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում ՀՀ որոշ նախարարություններ միացվելու են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հարցը քննարկման փուլում է, նախատեսվում է առողջապահության նախարարությունը միացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, իսկ գյուղատնտեսության նախարարությունը՝ բնապահպանության նախարարության հետ: Առայժմ, սակայն, այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է:

Որոշ նախարարությունների միավորման հարցը հատկապես ակտուալ դարձավ անցած տարեվերջին` ՀՀ պետբյուջեի հաստատման օրերին: Ընդհանրապես պատճառներից մեկն էլ այն էր, որ նախարարությունների միավորումը, ըստ մտահղացման հեղինակների, պետք է հնարավորություն տար տնտեսելու պետական միջոցները: Չէ որ նախարարությունները՝ իրենց հսկայական աշխատակազմերով, աշխատակիցների գործուղումներով, հաճախ չվերահսկվող ծախսերով ներկայիս ծանր տնտեսական պայմաններում անհաղթահարելի բեռ են դարձել մեր պետության առանց այդ էլ փխրուն ուսերին: Առավել եւս, որ բոլոր այդ գերատեսչությունների գործունեության իրական արդյունքը, մեղմ ասած, բարձր չէ:

Եվ ուստի, բացի պետական միջոցների տնտեսումից, նախարարությունների միավորմամբ, ըստ ամենայնի, նպատակ է դրվելու առավել վերահսկելի դարձնել այդ գերատեսչական համակարգերի գործունեությունը:

Սակայն տարին սկսվեց, իսկ նախարարությունների նոր միավորումների մասին առայժմ խոսք չկա: Կառավարման փորձագետների պնդմամբ` դա ընդամենը ժամանակի հարց է. պետական միջոցների խնայման անհրաժեշտությունը վաղ թե ուշ կստիպի Կառավարությանը գնալ այդ քայլին:

Հնարավոր միավորումների արդյունքում, սակայն, առաջանալու է մի նոր` ոչ պակաս կարեւոր խնդիր. հարյուրավոր մարդիկ կորցնելու են իրենց աշխատատեղերը եւ ստիպված են լինելու համալրել գործազուրկների` օրեցօր ստվարացող շարքերը: Այս ուղղությամբ առայժմ հանրությանը չեն ներկայացվել Կառավարության մոտեցումները: Ի վերջո, պետական միջոցները խնայելը լավ նախաձեռնություն է, բայց ոչ ՀՀ շարքային քաղաքացիներին գործազուրկ դարձնելու հաշվին:

Ի դեպ, տեղեկացնենք, որ դեռեւս 2000 թվականին նման մի փորձ կատարվեց. գյուղատնտեսության նախարարությունը միացվեց բնապահպանության նախարարությանը, իսկ առողջապահության նախարարությունը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Գուցե այն ժամանակ էլ դա պայմանավորված էր պետական միջոցները խնայելու մտադրությամբ, սակայն ինչպես տեսանք՝ կարճ ժամանակ անց այդ միավորումները վերանայվեցին: Չի բացառվում, որ այս անգամ եւս նույնը լինի:

Նկատենք, որ այս ընթացքում կառավարական կուլիսներում չի քննարկվում մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների միավորման հարցը: Ինչպես հայտնի է՝ սփյուռքի նախարարությունը նորաստեղծ է: Ճիշտ է՝ նախարարության գործունեության արդյունքները նկատելի են, սակայն, ցավոք, առայժմ առավելապես նախարարի եւ ոչ թե ժողովրդի համար: Այս նախարարության գործունեությունը, քննադատողների համոզմամբ, շատ ավելի տեղին կլիներ, եթե որպես կառույց այն գործեր մշակույթի նախարարության կազմում:

2000 թվականին, երբ փորձ արվեց առողջապահության եւ սոցապ նախարարություններն իրար միացնել, երկու կառույցները ղեկավարում էր առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Մկրտչյանի հետ:

«ՀՀ-ում նման կառավարման անցնելու մասին անիմաստ, առանց ուսումնասիրելու, առանց իրավիճակը գնահատելու որոշումներ են կայացնում, հետո կրակն են ընկնում: Փա՛ռք Աստծո, որ դա շատ կարճ տեւեց՝ մոտ երեք-չորս ամիս: Բայց դուք չեք պատկերացնում, թե կառավարման տեսանկյունից որքան անկառավարելի էր ու դժվար: Շատ եվրոպական երկրներում, իրոք, նախարարություններն իրար միացան, օրինակ՝ Մերձբալթյան հանրապետություններում, Դանիայում, Սկանդինավյան մի շարք երկրներում նախարարությունները միացյալ են: Բայց ասեմ, որ իրենք որոշակի ճանապարհ են անցել, հասել են դրան, որ ժողովրդական կառավարման համակարգերը լիարժեք երկրում գործում են: Երկրում լուծված են այդ համակարգերի ֆինանսավորման խնդիրները, եւ ինքը՝ նախարարույթունը, միայն ու միայն քաղաքականության մշակման գործառույթով է զբաղված: Իսկ այստեղ լսում են, որ մի տեղ միացյալ է, իրենք էլ միանգամից սկսում են միաձուլվել: Եւ ոչ մի արդյունք չեն ունենում»,- նշեց նախկին նախարարը:

«Ժողովուրդ»-ը Մկրտչյանից հետաքրքրվեց՝ նախարարությունների միացումից պետական միջոցները խնայվո՞ւմ են, թե՞ ոչ: «Բացարձակապես ոչ մի խնայողություն: Հիմա տեսեք՝ ֆինանսների նախարարությանը միացրել են հարկային եկամուտների կոմիտեն, որի ներսում էլ երկու հզոր եւ լրջագույն գործառույթներով զբաղվող կառույցներ են գործում: Գոնե 1 քմ տարածք ազատվե՞լ է, որ համակարգը ռացիոնալացվի, մի մարդ կրճատվե՞լ է: Միեւնույն է, մեղմ ասած, դրանք հարկատուի պարանոցին նստած կառույցներ են»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ երկու խնդրահարույց համակարգեր իրար միաձուլելով՝ Կառավարությունը ոչ մի արդյունքի չի հասնի: «Իրար միաձուլումը միայն մեխանիկական խնդիր չէ: Իմ կարծիքով ոչ ճիշտ քայլ է սա»,- եզրափակեց Մկրտչյանը:
Ո՞ր նախարարությունը որի՞ հետ են միավորելու, ինչպե՞ս են դա կազմակերպելու, դրա արդյունքում ինչպիսի՞ բաժիններ են լուծարվելու, կամ ո՞ր բաժիններն են միավորվելու: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վերը նշված նախարարություններից: Սակայն անարդյունք: Բոլոր պատասխանատուներն էլ միաբերան պնդեցին, որ նման տեղեկություն չունեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս