Թիկնած աղջկա արձանի ճակատագիրն անհայտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կողոպուտի եւ հարձակման է ենթարկվել արվեստի հերթական մի գործ: Օրերս անհայտ անձիք ջարդել են Երեւանից Կոտայքի մարզ ընկած ճանապարհին գտնվող պղնձաձույլ աղջկա՝ «Արձագանք» կոչվող արձանը: Թիկնած աղջկա ձեռքն ու ոտքն այժմ չկան, գողացվել են:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այն ընդգրկված չէ ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կամ նորահայտ հուշարձանների ցանկում:

Նրա խոսքով՝ եթե քանդակը պատմության եւ մշակույթի հուշարձան չէ, ուրեմն այն ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողության ներքո չի գտնվում. դրանով պետք է զբաղվի Կոտայքի մարզպետարանը կամ էլ տրանսպորտի եւ կապի նախարարությունը. «Մենք չենք կարող մտնել համայնքների տիրապետության ոլորտ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրանց ներկայացուցիչներն ամբիցիոզ են, աչքի լույսի պես ուզում են պահել իրենց հողն ու տնօրինել գույքը»,-ասաց Ս.Շաքարյանը:

Այնինչ՝ հակառակ մշակույթի նախարարության ներկայացուցչի պնդումների՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ քանդակի պահպանության հարցը մարզպետարանի հսկողության ներքո չի գտնվում. «Դա գտնվում է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերահսկողության ներքո, քանդակը տրվել է մշակույթի նախարարությանը՝ որպես պետության կողմից պահպանվող միավոր»,-մեկնաբանեց նա:

Ինչպես երեւում է՝ «Արձագանք» քանդակի ճակատագիրը դեռ երկար ժամանակ անհայտ կմնա: Քանի դեռ գերատեսչությունները նախ եւ առաջ չեն կողմնորոշվել, թե ի վերջո ով պետք է զբաղվի արձանի պահպանության հարցով եւ չեն անցել կառուցողական գործողությունների, խնդիրը դժվար թե լուծվի, եթե, իհարկե, բախտի բերմամբ չհայտնվի, ասենք, որեւէ բարերար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արձանն էլի էր վնասվել: Այդ ժամանակ Կոտայքի նախկին մարզպետի աջակցությամբ այն վերականգնվել էր:

Նշենք, որ «Արձագանքը» նշված ճանապարհին տեղադրվել է 1978 թվականին, հեղինակը Խաչատուր Հակոբյանն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս