Հայ ժողովուրդը չի կարող ևս մեկ հարյուրամյակ սպասել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախօրեին միաձայն հաստատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որում ամփոփված են անցած հարյուրամյակում մեր ժողովրդի անցած ճանապարհը, ձեռքբերումները և ապագային միտված հավաքական տեսլականը:

Փաստաթղթի հիմքում, սակայն, առավելապես դրված է Ցեղասպանության ճանաչման պահանջը, մինչդեռ փոխհատուցման պահանջի վերաբերյալ հստակ ձեւակերպումները բացակայում են: «Պատմական արդարության վերականգնում» եզրույթի ներքո ներկայացված այս պահանջը ուրվագծված է Հռչակագրի 6-րդ կետում, որտեղ արձանագրված է, որ «մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:

Այս հռչակագրի ընդունումը դեկլարատիվ-ֆորմալ տեսանկյունից զատ՝ կարեւոր է հենց այս կետում ներկայացվածի իրագործմանն ուղղված քայլերի կազմակերպմամբ, որոնք, սակայն, դատելով 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարություններից՝ առայժմ հում վիճակում են:

«Հանձնախումբը դեռ աշխատում է։ Մենք չենք դրել հստակ ժամանակացույց դրան, որովհետեւ իրականում այդ փաթեթի մշակումը նախատեսում է շատ լուրջ ներքին համաձայնեցումներ: Ակնկալում ենք ունենալ թղթածրար, որը համադրում է հայկական աշխարհի հիմնական դերակատարների մոտեցումները», – պարզաբանել է Սարգսյանը։

Նա երեկ ներկայացրել է նաեւ առաջիկայում ծրագրված միջոցառումների ցանկը` մարտի 18-20-ը «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա ֆորում, ապրիլի 22-24-ին Ցեղասպանության հանցագործների հասարակական քաղաքական ֆորում, ապրիլի 23-ին` մարտիրոսների սրբադասման կարգ Սուրբ Էջմիածին եկեղեցում, SOAD ռոք խմբի համերգ Հանրապետության հրապարակում, եւ թերեւս ամենակարեւորը` ապրիլի 24-ին ժամանած պատվիրակների, հյուրերի ելույթները Ծիծեռնակաբերդում: Ընդհանուր առմամբ` կարծես թե այսքանն է նախատեսված Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի միասնական ջանքերով:

Երեւի թե վաղ է գնահատականներ հնչեցնել, բայց մի տեսակ ողջ հայությունն այս հարյուրամյակից ավելի մեծ ակնկալիքներ ուներ, մինչդեռ արդեն հիմա տեսանելի է, որ առաջիկա միջոցառումները չեն ունենալու այն հուժկու ընթացքը, որը պարզապես կցնցեր ողջ աշխարհը: Այս պահի դրությամբ, կարծես թե, ամենալուրջ քաղաքական եւ իրավական քայլը վերը նշված հռչակագրի ընդունումն է, որն էլ, սակայն, ինչպես տեսանք, ընդամենը փոխհատուցման հարցում պահանջատիրության հնարավորության նախնական ձեւակերպումն է ընդամենը: Գուցե եւ քիչ չէ, բայց եւ բավարար էլ չէ: Ի վերջո, հայ ժողովուրդը եւս մեկ հարյուրամյակ չի կարող սպասել:




Լրահոս