76-ամյա Տիգրան Մանսուրյանը և նրա «ճոխ թուլությունները» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երգը մաքրում է հոգին», սրանք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերն են, որոնք խորությամբ ընկալելու համար պարզապես հարկավոր է ունկնդրել նրա երաժշտությունը: Այդ ժամանակ անխուսափելի է ոչ միայն ինքնամաքրումը, այլեւ ձուլումը Տիգրան Մանսուրյան համամարդուն, մեկին, ով իր ստեղծած երաժշտության պես որքան պարզ է, նույնքան հանճարեղ:

Եվ եթե մաեստրոյի թողած մշակութային ժառանգության մասին բազմիցս խոսվել է, ապա Տիգրան Մանսուրյան մարդու մասին՝ ոչ այնքան. շատերս նրա մասին պատկերացում ենք կազմում բացառապես մաեստրոյի արվեստի միջոցով: Սակայն կան մարդիկ, ովքեր բախտ են ունեցել կոմպոզիտորի հետ շփվել բոլորովին այլ հարթության մեջ՝ մտերմիկ, ընկերական միջավայրում:

1

Նրանցից մեկն էլ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանն է, ինչպես ինքն է ասում՝ մաեստրոյի հոգեւոր եղբայրը. «Տիգրանն իմ անբաժան ընկերն է, որի կարիքն ունեմ անընդհատ: Միշտ սովորում եմ իրենից, անկախ նրանից՝ կողքիս է, թե ոչ: Նա եղել է իմ ուսուցիչը, ինձ վարակել է արվեստով, դրդել, որ երաժշտություն գրեմ, 17 տարեկան էի, լսեցի նրան: Հիմա արդեն վաղեմի ընկերներ ենք»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Ա. Զոհրաբյանը:

Կոմպոզիտորի խոսքով՝ Տիգրան Մանսուրյանն ուրիշ, արտասովոր մարդ է…Նրան կարող են մտահոգել այնպիսի երեւույթներ, որոնց կողքով սովորական մարդիկ կարող են հենց այնպես անցնել. «Բոլորը գիտեն, որ նա ուժեղ մարդ է, իսկ ես գիտեմ նաեւ նրա թուլությունների մասին: Բայց դրանք այնքան մարդկային են, այնքան ճոխ. միայն հարուստ մարդը կարող է նման թուլություններ ունենալ: Անգամ փողոցում քայլելիս նա կարող է նկատել ցանկացած կեղծ, անազնիվ երեւույթ ու հուզվել»:

Tigran Mansurian

Մաեստրոյի ընկերը խոստովանում է, որ երբեմն «նախանձում է» նրան. «Երբ փողոցով միասին քայլում ենք, բոլորն ուզում են հետը նկարվել: Մի անգամ ասացի՝ այսպես որ շարունակվի, դու սուրբ կդառնաս, բոլորն իրենց տներում կունենան քո նկարը, ինքն էլ կատակով ասաց՝ չէ, սուրբ չեմ դառնա, ուղղակի էլ մարդ չի մնա, որ չուզենա ինձ հետ նկարվել»,- ծիծաղով հիշեց Ա.Զոհրաբյանը:

Տիգրան Մանսուրյանի հետ մտերմության հաճույքը վայելում է նաեւ նրա քրոջ դուստրը՝ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: «Երբ փոքր էի, ինձ ասում էր՝ «ճուտիկս»: Միշտ մտերիմ ենք եղել, նա մասնակցել է իմ աշխարհայացքի ձեւավորմանը, իր հետ հաճախ զրուցել եմ, խորհուրդ եմ հարցրել: Խոսել ենք արվեստից, ոչ միայն դասական, այլեւ ամենատարբեր ոճերի երաժշտությունից, նաեւ՝ փոփից»:

Շուշան Պետրոսյանի խոսքով՝ կոմպոզիտորն առանձնահատուկ վերաբերմունք ունի գրականության նկատմամբ եւ իրեն ճաշակ է թելադրել նաեւ այդ հարցում. «Երբ փոքր էինք, ինձ ու քրոջս հանդիպելիս առաջինը հարցնում էր, թե այդ պահին ինչ գիրք ենք կարդում, եւ առ այսօր այդպես է: Մի անգամ հարցրեց, թե ում գիրքն է ձեռքիս տակ, ասացի՝ Սարոյանինը, ասաց՝ Ֆոլկներ կարդա, ջանի՛կս, Ֆոլկներ: Նա մի պահ շատ տարված էր Ֆոլկներով, անգամ իր աշխատասենյակում փակցրել էր գրողի նկարը»,-պատմեց երգչուհին:

3

Նա հիշեց, թե ինչպես ինքը մի անգամ հայտնի մի հեղինակի գիրք էր բերել Մոսկվայից եւ չէր էլ հասցրել ընթերցել, երբ Տիգրան Մանսուրյանը խնդրել էր գիրքը տալ իրեն. «Այդ գրքի վրա կնոջ մերկ մարմին էր պատկերված: Երբ նա վերադարձրեց այն, տեսա, որ շապիկին սպիտակ թուղթ էր փակցրել: Հարցրի՝ քեռի ջան, ինչո՞ւ ես նման բան արել, ասաց՝ որովհետեւ այն, ինչ գրքի մեջ էր եւ այն, ինչ շապիկին էր, բոլորովին կապ չունեին միմյանց հետ…»: Շուշան Պետրոսյանի խոսքով՝ իր քեռին հայ մշակույթի ժառանգակիրն է, ով շատ կարեւոր առաքելություն ունի…

Հենց այդ առաքելությունն էլ ստիպում է մաեստրոյին կառչել հայրենի հողից ու թեեւ նա հիմա ԱՄՆ-ում է՝ դստեր մոտ, շատ է կարոտում իր Հայաստանը: Այդ մասին վկայում է նաեւ Աշոտ Զոհրաբյանը. «Հետը զրուցում եմ, զգում եմ, որ ինքն իրեն չի պատկերացնում այս հողից կտրված վիճակում, ասում է՝ հազիվ եմ դիմանում, խենթանալու չափ ուզում եմ վերադառնալ Հայաստան…» :

Եվ դա միանգամայն հասկանալի է. չէ՞ որ Տիգրան Մանսուրյանն ինքն է ասում՝ եթե հայրենիքի մեջ ես, նշանակում է՝ աղոթքի մեջ ես…

Հ.Գ. Հունվարի 27-ին Տիգրան Մանսուրյանը նշեց իր ծննդյան 76-ամյակը: «Ժողովուրդ»-ը շնորհավորում է մաեստրոյին` մաղթելով քաջ առողջություն եւ անսպառ ավյուն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս